Լրահոս
Օրվա լրահոսը

Զոլաքարին «LEXU՞S»-ն էր պակասում

Սեպտեմբեր 12,2007 00:00

\"\"Գյուղի հազարավոր խնդիրները թողած՝ գյուղապետարանն ուզում է շքեղ մեքենաներ գնել \"\"

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Գնումների պաշտոնական տեղեկագրի» այս տարվա օգոստոսի 18-ի համարում մի հայտարարություն է տպագրվել, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի գյուղապետարանին, իր կարիքների համար, անհրաժեշտ են «Ջիփ» «LEXUS LX 300» եւ «TOYOTA PRADO» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ձեռքբերման համար գյուղապետարանը հայտարարել է բաց մրցույթ: Սա նշանակում է, որ Զոլաքարի գյուղապետարանը հայտ է ներկայացրել առ այն, որ պատրաստ է շուկայականից էժան գնով ձեռք բերել վերը նշված մեքենաները: Դրանք, ըստ հայտարարության տեքստի, պետք է ձեռք բերվեն մինչեւ 2007-ի դեկտեմբերի 31-ը: Նրանք, ովքեր եղել են Զոլաքարում, անմիջապես կհասկանան, որ այդ գյուղը այդպիսի մեքենաների կարիք բացարձակապես չունի: Փոխարենն ունի խմելու ջրի եւ գյուղի ճանապարհների բարեկարգման խնդիր, ինչը ենթադրում էր, որ գյուղապետարանն առնվազն պետք է խմելու ջրագծի կառուցման եւ ճանապարհների բարեկարգման մրցույթների հայտարարություններ տար, ինչպիսիք նույն տեղեկագրում արել են, օրինակ, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի եւ Կոտայքի մարզի Արզականի գյուղապետարանները:

Զոլաքարի գյուղապետարանի մի աշխատակից մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարի կվերանորոգվի գյուղի «կլուբը», եթե, իհարկե, գյուղապետարանը դրա համար միջոցներ ունենա, իսկ ճանապարհների եւ խմելու ջրի խնդիրները լուծելու համար զոլաքարցիները դեռ պետք է երկար սպասեն:

Զոլաքար մեր այցելության պահին գյուղի կենտրոնի միակ աղբյուրի ջրով կանայք լվացք էին անում ու բուրդ լվանում: «Բա ի՞նչ անենք, մեր տանը խմելու ջուր չկա, էս աղբրի ջրով ենք լվացք անում»,- դժգոհեց բուրդ լվացող կանանցից մեկը:

Թե կենցաղային, տնտեսական եւ սոցիալական այդքան լուրջ խնդիրները թողած՝ ինչո՞ւ է գյուղապետարանը «LEXUS LX 300» եւ «TOYOTA PRADO» մակնիշի ավտոմեքենաներ գնելու հայտարարություն տարածել՝ ՀՀԿ-ական գյուղապետ, նախկինում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա Արման Ղազարյանը ըստ էության չպատասխանեց՝ նետելով, թե «Էս գյուղը հազար ու մի պրոբլեմներ ունի, թողեք վերեւների հետ իմ խնդիրները լուծեմ: Մտեք՝ կողքի գյուղերի մասին գրեք»:

Գյուղապետարանի՝ «Ջիփ» ու «Տոյոտա» գնելու առնչությամբ զոլաքարցիներն իրենց տեսակետն ունեն: Ըստ նրանց, գյուղապետարանը փողեր է լվանում. «Էս քանդած ճանապարհներին՝ նրանց ինչի՞ն է պետք նման թանկարժեք մեքենաները»: Նշենք, որ գյուղապետը վարում է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որը Զոլաքար կատարած մեր այցելության օրը փչացել էր: Գյուղապետարանը, համայնքի համար մի քիչ փող տնտեսելու դեպքում, գոնե «Ջիփի» ու «Տոյոտայի» փողով կարող էր 2 «Նիվա» գնել, մնացած գումարով էլ՝ գյուղի ճանապարհները նորոգել ու խմելու ջրի հարցը լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել