Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈԼՖՍՈՆԸ ԱՄՈԹԱՆՔ ՏՎԵՑ ՀԱՅԵՐԵՆ

Սեպտեմբեր 12,2007 00:00

\"\"Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001-ի դեկտեմբերին կազմակերպված մահափորձի գործի դատաքննությունը:

Երկու վերջին դատական նիստերին պաշտոնական ճառով հանդես է եկել ամբաստանյալ, ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի պաշտպանը՝ Անժելա Կարապետյանը: Հիշեցնենք, որ գործը դատարանում է անցյալ տարվա ապրիլից: Մեղադրող Ժաննա Կոտիկյանը միջնորդել էր Յուրի Վոլֆսոնին ազատազրկել տասը տարով, իսկ երկրորդ մեղադրյալին՝ նախկինում մանկավարժ Սիլվա Ասատրյանին՝ 9 տարվա: Երեկ պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ Յուրի Վոլֆսոնը: Նա ասաց, որ կատարելու է իր նախորդ դատական նիստում արված խոստումներից մեկը եւ 2005-ից սկսած, երբ ձերբակալվել է, կներկայացնի իր գործով «իսկական մեղավորներին»՝ ապացուցելով իր անմեղությունը: Նա անդրադարձավ 2002-ի իրադարձություններին, երբ ձերբակալվեց Ս. Ասատրյանի որդին՝ Վարուժան Գյուրջինյանը՝ Մելիք Գասպարյանի «Ջիփ» ավտոմեքենայի պայթյունի, մահափորձի գործով: Յուրի Վոլֆսոնը հայտնեց, որ Ասատրյանը խնդրել էր իրեն օգնել եւ իր օպերատիվ գործակալական հնարավորություններով ճշտել է, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հրաչ Հարությունյանը (այժմ՝ ԱԱԾ պետի տեղակալ) ինչ կապեր ունի ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի հետ: «Հրաչը եղել է Մելիքի տանիքը՝ կոմերցիոն հարցերով եւ իր կարգավիճակն օգտագործել է անշարժ գույքի, տարածքների եւ վալյուտայի ձեռքբերման համար»,- նշեց Վոլֆսոնը: Ըստ Վոլֆսոնի, ինքը իր այս ճշտումները զեկուցագրի ձեւով ներկայացրել էր ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանին: Հետագայում, երբ Հրաչ Հարությունյանը ոստիկանությունից տեղափոխվեց ԱԱԾ, ուժեղացան նրա հնարավորությունները՝ հաշվեհարդար տեսնելու իր նկատմամբ:

Վոլֆսոնը հարցնում է, թե ինչու դեպքից՝ 2001-ի դեկտեմբերից մինչեւ 2005թ.՝ իրեն ձերբակալելը, ոչինչ չէր ձեռնարկվել իր դեմ մեղադրանք առաջադրելու համար: Նա ասաց, որ ունեցել է թույլտվություն՝ ՀՀ պետական գաղտնիքը կրելու: Նա նաեւ ունեցել էր տվյալներ, որ 2005-ին Հրաչ Հարությունյանի եւ ներկայիս ԱԱԾ պետի՝ Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ պատրաստվում է քաղաքական դիվերսիա Հայաստանում: Նա մեղադրեց իրավապահներին, որ 2001-ին պատգամավորի դեմ մահափորձի գործով չեն հարցաքննել իրեն, մինչդեռ իր ու Վարուժան Գյուրջինյանի գործերի միջեւ անցած 4 տարիների ընթացքում հարկավոր է եղել փաստեր հավաքել: Նա նշեց, որ Մելիք Գասպարյանը պայթյունից մեկ օր առաջ նախապատրաստվում էր Գյուրջինյանների դեմ դատավարության: Պայթյունի օրը վարորդին ազատել է, չնայած մինչ այդ նրա մեքենան վարել է վարորդը:

Վոլֆսոնը զարմանք հայտնեց, որ թանկարժեք մեքենան Մելիքը չի կանգնեցրել ավտոտնակում, երբ այդ օրը տեղացել է ուժեղ անձրեւ: Ավելին, ըստ Վոլֆսոնի դիտարկումների, պատգամավորը իր մեքենան կանգնեցրել է բակում, «ԿամԱԶ» ավտոմեքենայի կողքին, իսկ այդ «ԿամԱԶ»-ի տակ կատարվել է հեռահաղորդիչ քուղի այրումը: «Ոչ մի բեկոր չի գտնվել պայթեցված մեքենայի մեջ, չկար Մելիքի արյան հետքը սրահում»,- շարունակեց նա: Վոլֆսոնը ստիպված էր իրեն մեղսագրվածի համար հայերեն ամոթանք տալ մեղադրող Ժաննա Կոտիկյանին. «Ամոթ, տիկին Կոտիկյան, եթե ինձ դատեն այս քրեական գործի համար, դա նշանակում է թքել ձեր կառավարության վրա, որը երաշխիքներ է տվել ինձ եւ հանձնարարել է զբաղվել այլ պետության քաղաքացիների դեմ սպանություններով: Ինչ արժե այն, որ ես 11 տարի վտանգելով իմ կյանքը՝ հերոսություն եմ արել ձեր Հայաստանի համար: Զարմանում եմ, որ դուք շնորհակալական որեւէ խոսք չասացիք իմ հերոսական անցյալի մասին: Ինձ համար ավելի դյուրին է նստել Վրաստանում, Ադրբեջանում՝ իմանալով, թե ինչի համար է, նայել մահվան աչքերին, քան նստել այս անշնորհակալ երկրում, վիրավորական է: Ձեր երկրում ճիշտը գործում է թղթերի վրա»: Նախագահող դատավոր Սամվել Ուզունյանը ընդհատեց Վոլֆսոնին, ասելով՝ «Մեզ հասցրած վիրավորանքները եթե ընդունելի են, ազգի եւ պետության դեմ չենք հանդուրժի վիրավորանքը», ապա խոստացավ. «Դեռ Ադրբեջանում եւ Վրաստանում կհասցնեք նստել»:

Ճառի եզրափակիչ մասը շատ ավելի հուզական էր, գեղարվեստական: Նա ասաց, որ իր քրեական գործը ծաղիկներն են, պտուղները դեռ առջեւում են, նաեւ նկատեց, որ ինչպես վարվել են իր հետ, այնպես էլ վարվել են Մոնթե Մելքոնյանի եւ նրա ընտանիքի, Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի նկատմամբ, որոնք Հայաստան երկրի իսկական պատրիոտներն էին: Վոլֆսոնը միջնորդեց նաեւ քրեական գործ հարուցել ԱԱԾ աշխատակից Եպիսկոպոսյանի, գլխավոր դատախազության քննիչներ Նադոյանի եւ Հարությունյանի նկատմամբ, քրեական գործ հարուցել նաեւ Հրաչ Հարությունյանի նկատմամբ, ոչ միայն Սերժ Սարգսյանի դեմ քաղաքական դիվերսիա նախապատրաստելու համար, այլեւ Գերմանիայում իր հոր սպանության կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել