Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Սեպտեմբեր 12,2007 00:00

Ալավերդու հիվանդանոց ՓԲԸ-ն երկար տարիներ կանգնած էր փակուղու առջեւ, ինչի պատճառը ընկերության կուտակած՝ աշխատավարձերի, կենսաթոշակային հիմնադրամին ունեցած եւ պետական տարաբնույթ պարտքերն էին, որոնք ընդհանուր թվով կազմում էին 36 մլն 640 հազար դրամ: Արդյունքում հիվանդանոցը հայտնվել էր ճգնաժամի մեջ: Այս ամենը բացասական էր ազդում թե կոլեկտիվի ներքին մթնոլորտի եւ թե բժիշկների ու հիվանդների փոխհարաբերության վրա: Այս գործի առնչությամբ ժամանակին պաշտոնից ազատվել է Լոռու մարզի Առողջապահության վարչության արդեն նախկին պետ Ռոբերտ Դիլբարյանը: Սակայն հիվանդանոցի վիճակը մնաց անփոփոխ: Ավտովթարից մահացած տնօրենին՝ Համլետ Շահինյանին փոխարինելու եկած ղեկավարների օրոք էլ հիվանդանոցի պարտքերը ոչ թե նվազում, այլ կարճ ժամանակահատվածում ավելանում էին:

Ս/թ հունիսի 11-ին հիվանդանոցի հիմնադրի՝ Լոռու մարզպետի որոշումով հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Ստեփան Մոսինյանը, որից երկու շաբաթ անց առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է վերստուգիչ հանձնաժողով՝ հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու եւ լուծում գտնելու համար: Իսկ նախարարի եւ Լոռու մարզպետի այցից հետո կազմվում է առողջացման ծրագիր, որը իր հիմնադրույթներով նպաստում է հիվանդանոցի համար ֆինանսական աղբյուրներ գտնելուն: Այդ հիմնադրույթներից է մարզի բուժհիմնարկների կողմից 14 մլն դրամի կարճաժամկետ փոխառությունների տրամադրումը, որը հիվանդանոցը պարտավորվում է վերադարձնել 2008-ին՝ հիվանդանոցի, պոլիկլինիկայի եւ ծննդատան միավորումից, Ալավերդու բժշկական կենտրոնի ստեղծվելուց հետո: Տասնինը բուժհիմնարկների հետ կնքվել են պայմանագրեր, համամասնորեն այդ գումարը հաստատվել է եւ առաջիկա ֆինանսավորման հետ կլինեն փոխանցումները: 2008-ին առողջապահության նախարարության ՊԱԿ-ի կողմից կտրամադրվի 14 մլն դրամ: Այսպիսով, հիվանդանոցի պարտքերի 28 մլն-ի խնդիրը կարելի է լուծված համարել: Իսկ ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մոսինյանը, հույսը չդնելով ֆինանսական այլ աղբյուրների վրա, իր հետեւողական եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացել է կարճ ժամանակահատվածում՝ երկուսուկես ամսում հիվանդանոցի պարտքերը նվազեցնել 8 մլն դրամով։ Եթե մինչ նրա ղեկավարումը հիվանդանոցի ֆինանսական հոսքը վճարովի ծառայությունների հաշվին եղել է ամսական 220-230 հազար դրամ, ապա օգոստոս ամիսը նոր ղեկավարը փակել է 813 հազար դրամով: Իսկ պետպատվերի հոսքն ավելացել է երեսուն տոկոսով: Թե ինչով է պայմանավորված այս կարճ ժամանակահատվածում եկամուտների նման կտրուկ ավելացումը՝ նախորդ ղեկավարների կողմից եկամուտների թաքցմամբ, թե այլ հանգամանքով, պարոն Մոսինյանը չի ցանկանում մեկնաբանել։ Այլ միայն հավաստիացնում է, որ առաջիկայում ֆինանսական այլ խնդիներ էլ կլուծվեն։ Այժմ ընկերությունը չունի աշխատավարձերի, հոսանքի, ջրի, գույքահարկի, դեղորայքի պարտքեր: Հիվանդանոցի ֆինանսական վիճակի բարելավումը հնարավորություն է ստեղծում բժշկական սարքավորումների եւ տեխնիկական այլ հարցեր լուծելու համար: Իսկ դրանք, ըստ պարոն Մոսինյանի, շատ են:

Հիվանդանոցի ֆինանսական իրավիճակի բարելավումը դրականորեն է ազդել կոլեկտիվի ներքին մթնոլորտի վրա: Ընդհանուր թերապեւտիկ բաժանմունքի մանիպուլյացիոն բուժքույր Սուսաննա Ուրուխանյանն ասում է. «Պարոն Մոսինյանի օրոք մթնոլորտը հանգիստ ու խաղաղ է, մարդիկ հաճույքով գալիս են աշխատանքի: Մինչ այդ կոլեկտիվի ներսում լարված մթնոլորտ էր, նախորդը եկավ ու կրճատեց դրույքները, ինչը աշխատողների մեջ ավելորդության զգացողություն էր առաջացնում եւ խիստ վիրավորական էր: Մեկս մյուսի նկատմամբ թշնամական վերաբերմունք էր առաջացել, մթնոլորտը լարված էր, ինչը փոխանցվում էր հիվանդներին: Մենք մեր իրավունքները չէինք կարողանում պաշտպանել: Իսկ այժմ ամեն ինչ փոխվել է, վերականգնվեցին մեր դրույքները, աշխատավարձերը ժամանակին ստանում ենք: Հիվանդների հոսքը շատացել է, քանի որ հենց առաջին հարկից՝ ընդունարանից փոխվել է վերաբերմունքը հիվանդների նկատմամբ: Մարդիկ այստեղից գոհ են հեռանում: Հիվանդները վճարումները նորմալ կատարում են, մինչ այդ ինչպես է եղել՝ չենք իմացել: Ֆինանսները այժմ տնօրինվում են թափանցիկ: Մենք գիտենք, թե որքան գումար մտավ հիվանդանոցի բյուջե եւ որքան ծախսվեց»:

Բնականաբար, հաստատության կոլեկտիվի առողջացումը նպաստում է նաեւ հիվանդանոցի նկատմամբ ազգաբնակչության վստահության բարձրացմանը:

Տեղական «Անկյուն պլյուս» հեռուստաընկերությամբ պարբերաբար բնակչությունը իրազեկվում է, թե որ ծառայություններն են կատարվում պետպատվերի շրջանակներում։ Բուժհաստատության աշխատանքը թափանցիկ է թե կոլեկտիվի, թե ազգաբնակչության համար։ Այս ամենի արդյունքում մարդիկ հաճույքով են դիմում Ալավերդու հիվանդանոցի բժիշկներին, իմանալով, թե ում, ինչի համար եւ որքան են վճարելու: R

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել