Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն «պարզ ճակատով է»

Սեպտեմբեր 13,2007 00:00

Երեկ հայտարարել է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը

Երեկ «Հայելի» ակումբում բանավիճելու հնարավորություն են ունեցել իրեն ՀՀՇ-ի հիմնադիրներից մեկը համարող ՀԺԱՄ նախագահ եւ ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանն ու ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նրանց բանավեճի, թերեւս, ամենաուշագրավ հատվածը վերաբերում էր առաջիկա նախագահական ընտրություններին, ներքաղաքական գործընթացներին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը: «Panorama.am»-ի մատուցմամբ, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է ՀՀ նախագահի խորհրդականը բացատրում այն, որ ներկա իշխանության օրոք գրեթե բոլոր կուսակցությունները հասցրել են պառակտվել, ՀԺԱՄ նախագահը պատասխանել է, թե «դա կապված չէ իշխանությունը ներկայացնող անձից կամ քաղաքական ուժից»: Ըստ նրա, հայ ժողովուրդն այսօր քաղաքական կառույցներ ձեւավորելու լուրջ խնդիր ունի: Ս. Ավագյանի համոզմամբ, «միտինգային գործընթացներով ձեւավորված քաղաքական ուժերը կայուն չեն լինում», հաջողություն ունենալ չեն կարող նաեւ քաղաքական այն ուժերը, որոնք «ընտրողների հետ ֆինանսական շահագրգռությամբ են աշխատում»:

Ս. Ավագյանն օգտվելով պատեհ առիթից՝ իր ընդդիմախոսին հարցրել է, թե արդյո՞ք ՀՀՇ-ն մնացել է այն կարծիքին, որ 1998 թ.-ին իշխանությունից հեռացավ «խաղաղության» եւ իշխանության եկավ «պատերազմի» կուսակցությունը՝ հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին պատերազմ հրահրողը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանը:

«Ինձ համար հետաքրքիր չէ, թե ով է հրահրում պատերազմ: Ես հստակ գիտեմ, որ այս՝ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակը վաղ թե ուշ բերելու է պատերազմի»,- հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ա. Հովակիմյանը՝ հավելելով, որ Հայաստանի ներկա վիճակը ոչ միայն տնտեսական զարգացման վերարտադրության, այլեւ տնտեսությունը գոնե կայուն պահելու հնարավորություն չի տալիս:

Անշուշտ, երեկ լրագրողները ՀՀՇ վարչության փոխնախագահից փորձել են պարզել, թե ե՞րբ պետք է, ի վերջո, հայտարարվի Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին: Ա. Հովակիմյանն այս հարցադրմանն ի պատասխան հայտարարել է, որ նախ քաղաքական ուժերը, քաղաքացիական ինստիտուտները պետք է առաջադրեն նախագահի թեկնածուին, որից հետո միայն նա կարող է համաձայնություն տալ կամ չհամաձայնել իր առաջադրման նախաձեռնությանը, իսկ առայժմ գոնե ՀՀՇ-ն իր համախոհներով փորձում է, ինչպես Ա. Հովակիմյանն է ասել՝ «պարզ ճակատով» հասարակությանը ներկայացնել ՀՀ զարգացման ուղու վերաբերյալ իր պատկերացումները, փորձում է գտնել «այն գործոնը, այն մարդուն, ով ավելի արդյունավետ դա կիրականացնի»: Այդուհանդերձ, ՀՀՇ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ «Լ. Տեր-Պետրոսյանի պարագայում կարեւոր է ոչ այնքան այն՝ կհաղթի՞ նա, թե՞ ոչ, այլ այն, թե հետագա 5 տարիների ընթացքում նա կունենա՞ այն ռեսուրսը, որ ե՛ւ ԼՂ խնդրի կարգավորման, ե՛ւ տնտեսության վիճակը շտկելու հնարավորություն լինի»: Ա. Հովակիմյանը միեւնույն ժամանակ ասել է, թե ՀՀ առաջին նախագահի ընտրվելու դեպքում նա «իր ազդեցությամբ, հեղինակությամբ, միջազգային վարկով նոր լիցք ու որակ կարող է հաղորդել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորմանը»՝ միաժամանակ արձանագրելով, որ «վերջին տասը տարում շատ բան է փոխվել», օրինակ՝ «բազմաթիվ միջազգային փաստաթղթերով ոչ միայն Ղարաբաղն է ճանաչվում ագրեսոր, այլեւ Հայաստանը: Փոխվել է այն, որ այս 10 տարում Ադրբեջանը իր ռազմական բյուջեն հասցրեց մեկ միլիարդի, մենք մնացինք նույն տեղում: Փոխվել է այն, որ Ադրբեջանը ձեռք բերեց կոմունիկացիաներ, մենք մնացինք մեկուսացված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել