Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԱՑ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Սեպտեմբեր 14,2007 00:00

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-ում իր ելույթում ցավ հայտնեց, որ իրենց չտրվեց ընտրելու հնարավորություն, քանի որ ներկայացված էր գլխավոր դատախազի մեկ թեկնածու՝ անգամ առանց հիմնավորելու այն:

Ռոբերտ Քոչարյանի փոխարեն՝ հիմնավորումներ ներկայացնում էին որոշ պատգամավորներ՝ գովելով Աղվան Հովսեփյանին: «Քչախոս է, լռակյաց, ավելի շատ՝ լսող: Կազմակերպական հզոր ընդունակություններ ունի, համապետական մտածողություն: Բանաստեղծ է եւ նկարիչ, եւ եթե ցուցադրի իր գեղանկարչական գործերը՝ կհիանաք նաեւ այդ ուղղությամբ»,- այս որակումներն ընտրել ենք Հրանուշ Հակոբյանի ելույթից: «Պատկառելի ծնողների հլու զավակ է: Խստապահանջ է իր 3 որդիների նկատմամբ»՝ սա էլ Արեւիկ Պետրոսյանի ելույթից է: «Ինձ համար գտածո է այս անձնավորությունը: Հիանալի հայր է, հիանալի զավակ, հիանալի ընկեր»,- հայտարարեց Համլետ Հարությունյանը: Արամ Սաֆարյանն էլ պատմեց, թե իրենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում խոսել են, որ գլխավոր դատախազը գիտական բարձր մակարդակ ունի, իրավագիտության դոկտոր է: Նշենք, որ Աղվան Հովսեփյանը 2005-ին դոկտորի աստիճան է ստացել «Դատախազական գործունեությունը եւ խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները» թեմայով ատենախոսության համար:

Նրա հասցեին նման ներբողներից հետո էր, որ Անահիտ Բախշյանն ասաց, թե գիտի Աղվան Հովսեփյանի մի որակի մասին՝ նա լավ ընկեր է. «Բայց այսօր մենք ընկեր չենք ընտրում: Ընտրում ենք գլխավոր դատախազ»: Զարուհի Փոստանջյանն առաջարկեց՝ «Լավ ընկեր եղեք հասարակությա՛ն համար»: Իսկ Լարիսա Ալավերդյանն էլ նշեց. «Այնպիսի տպավորություն է՝ կարծես այստեղ կենաց ենք խմում: Մինչդեռ շատ կարեւոր հարց է լուծվում»:

Գլխավոր դատախազ ընտրվելուց հետո Աղվան Հովսեփյանին «Առավոտը» հարցրեց, թե արդյոք տեղի՞ն չէր Լարիսա Ալավերդյանի դիտարկումը: «Չեմ կարող ասել: Այդ հարցադրումը պիտի ուղղվի պատգամավորներին»,- պատասխանեց նա եւ հիշեցրեց, որ ինքն էլ 5 տարի պատգամավոր էր եւ ունի շատ ընկերներ խորհրդարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել