Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ԽՈՐՈՎԱԾԻՑ ՀՐԱԺԱՐՎԵ՞Լ ԵՆ

Սեպտեմբեր 14,2007 00:00

\"\"Աֆրիկյան ժանտախտը մսավաճառների եւ ռեստորանատերերի գործին խփել է

Թեեւ անասնաբույժներն ու բժիշկները հավաստում են, որ աֆրիկյան ժանտախտ հիվանդությամբ վարակվում են միայն խոզերը եւ մարդու օրգանիզմում այդ հիվանդության վիրուսը կենսունակ չէ, մեր բնակչությունն ակնհայտորեն խուսափում է խոզի միս օգտագործելուց: Երեկ «Առավոտը» մի շարք սննդի օբյեկտներից ու մսի վաճառակետերից հետաքրքրվեց, թե վերջին մեկ ամսվա ընթացքում որքա՞ն է նվազել խոզի մսի սպառումը:

Մեզ հետ զրույցում մսավաճառներն ու սպասարկման օբյեկտների աշխատողները վստահեցրին, որ խոզի մսի պահանջարկ գրեթե չկա: Կոմիտասի շուկայի մսամթերք վաճառողների ներկայացմամբ՝ արդեն ամսից ավելի է, շուկայի մոտ 20 մսի կրպակներից միայն մեկն է վաճառքի համար խոզի միս վերցնում, որովհետեւ ռեստորաններից մեկն ամեն օր այդ կրպակից խոզի միս էր գնում: Սակայն 2 օր առաջ այդ ռեստորանը նույնպես հրաժարվել է մսից՝ պատճառաբանելով, որ հաճախորդները խոզի մսով կերակրատեսակներ այլեւս չեն պատվիրում: Կոմիտասի շուկայի մսավաճառ Սամվել Գալստյանի հավաստմամբ. «Մինչեւ ժանտախտի հայտնաբերվելը օրական 40-50 կիլոգրամ խոզի միս էինք վաճառում, հիմա հազիվ մի քանի կիլոգրամ ենք վաճառում, էն էլ էնպիսի մարդկանց, որոնք մեզ ճանաչում ու վստահում են»:

Պարզվում է, նույնիսկ «խորովածի գծով մասնագիտացած» այն օբյեկտներում, որտեղ մշտապես համեղ խոզի չալաղաջների ու թոնրի գոճիների խորոված է մատուցվել, այժմ ոչ ոք խոզի մսից ուտեստ չի պատվիրում:

«Yahoo» արագ պատրաստվող սննդի առաքման կետից վստահեցրին, որ հաճախորդները հաճախ են հետաքրքրվում, թե հատկապես ո՞ր մարզից բերված խոզի մսով է պատրաստված այս կամ այն ճաշատեսակը, կամ այդ միսը փորձաքննության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ: Խոհարարի տեղեկացմամբ, խոզի խորովածի ու շաուրմայի պատվերներն իրենց «բիստրոյում» կրճատվել են մոտ 7-8 անգամ ու նախկինում օրական խորովածի 10 պատվերի փոխարեն, այսօր մի պատվեր հազիվ է լինում: «Yahoo»-ի աշխատակիցը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերս խոզի մսով պատրաստվող ուտեստներն իրենց կերակրացանկից ընդհանրապես կհանեն, որովհետեւ վախենում են պատվիրատուներից մեկին որեւէ բան պատահի, ու մեղքն իրենց վրա գցեն: «Աբուլիկ» ռեստորանի աշխատակցի խոսքերով էլ. «Ժողովուրդը խուճապի է մատնվել: Ճիշտ է, շուկայից գնում ենք ստուգված միս, բայց մարդիկ էդ ստուգումներին չեն հավատում: Եթե մինչեւ աֆրիկյան ժանտախտի ի հայտ գալը մեր ռեստորանում օրական 30 կիլոգրամից ավելի միս էր սպառվում, հիմա անգամ 2 կիլոգրամի պահանջարկ էլ չունենք: Նախքան որեւէ բան պատվիրելը՝ հաճախորդները մանրամասն հարցնում են բաղադրությունն ու խուսափում են խոզի մսով պատրաստված ցանկացած ճաշատեսակից»:

Թումանյանի «Համով շաուրմա» սննդի սպասարկման օբյեկտից «Առավոտին» տեղեկացրին, որ խոզի մսից պատրաստվող շաուրմայի ու խորովածի առեւտուրը մոտ 30%-ով կրճատվել է:

Ավելի լավատես առեւտրականներն էլ հակված են մտածելու, որ աֆրիկյան ժանտախտը խոզի մսի պահանջարկի անկման հետ ոչ մի կապ չունի: «Ոսկե ցլիկ»՝ թարմ եւ կիսաֆաբրիկատ մսի խանութի վաճառողների խոսքերով. «Ճիշտ է՝ խոզի միս գրեթե չի վաճառվում, բայց պատճառը երեւի այն է, որ մարդիկ ուսանողներ ու դպրոցականներ ունեն ու օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նրանց ծախսերն ավելանում են եւ միս գնելու համար փողը չի բավականացնում»: «Էս-Էֆ-սի» արագ պատրաստվող սննդի սպասարկման կետում էլ վստահեցրին, որ իրենց ուտեստները հիմնականում պատրաստվում են տավարի եւ հավի մսով, բայց խոզի մսով կամ բուժենինայով պատրաստվող սենդվիչների պատվիրատուների թիվը չի կրճատվել ու քանի որ շատ տեղերում արդեն խոզի մսով կերակրատեսակներ էլ չեն պատրաստում, իրենց առեւտուրը դրանից շահում է ու պատվերների թիվը դեռ մի բան էլ ավելացել է:

Հիշեցնենք, որ թեեւ աֆրիկյան ժանտախտի վիրուսը կենդանուց մարդուն չի փոխանցվում, սակայն «Կենդանական ծագման մթերքների փորձաքննության կենտրոնի» տնօրեն Վահրամ Գեիկյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հիվանդության կլինիկական նշաններ ունեցող խոզի միսն օգտագործելու հետեւանքով մարդու օրգանիզմում կարող է առաջանալ տոկսիկոինֆեկցիա՝ թունավորում, սրտխառնոց, գլխացավ եւ մարմնի ընդհանուր թուլություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել