Լրահոս
Օրվա լրահոսը

Լ. Անանյանը չի խառնվում

Սեպտեմբեր 14,2007 00:00

ՀԳՄ-ն չի ուղղորդում գրողների քաղաքական հայացքները

Երեկ «Հայացք» ակումբում Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանյանը եւ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը մամուլի ասուլիս էին հրավիրել: Թեման էր՝ «Ստեղծագործական միությունների գործունեության նպատակահարմարությունը եւ արդյունավետությունը»: ՀԳՄ նախագահը նշեց. «Անկախացումից ի վեր մեր երկրում ստեղծագործական միությունների գոյության նպատակահարմարության հարցը ուղղակի այն հարցն է դարձել, որ թվում է՝ հասարակությունը դարդ ու ցավ չունի, միայն քննարկում է ստեղծագործական միությունների լինել-չլինելու հարցը: Հարցի հիմքը չկա, բայց կան այն հրահրողներ ու սրողներ: Արթուր Բախտամյանն իր «5-րդ անիվ» հաղորդաշարի ժամանակ, թողած բոլոր կնճռոտ խնդիրներն ու երկրում տիրող խայտառակ իրավիճակը, 2 օր բան ու գործը թողած, զբաղվում էր ստեղծագործական միությունների հարցով»:

Ըստ Լ. Անանյանի, մեջտեղ բերվող փաստարկներից առաջինն այն է, որ շատերի կարծիքով, ստեղծագործական միությունները խորհրդային ժամանակների ստալինյան վերապրուկներ են. «Անկախ Հայաստանում նրանք պետք է չգործե՞ն: Եթե միությունները ստալինյան ժամանակաշրջանի վերապրուկներ են, ապա ի՞նչ գործ ունեն Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ավստրալիայում, Իսրայելում… Ստեղծագործական միությունները, անկախ վայրահաչումներից ու զրպարտություններից, պիտի շարունակեն գոյություն ունենալ»: ՀԳՄ նախագահը հետո էլ հավելեց. «Դե, գնացեք ձեզ համար ապրեք, ստեղծեք միջազգային ինքնակոչ ակադեմիաներ: Շարունակեք գործել թիկունքից, մամուլն էլ տպագրի, մենք էլ հավաքվենք ասուլիսի, բոլորս հրճվենք, որ զբաղվում ենք լուրջ բանով»:

Մյուս բանախոսը՝ Ռիտա Շառոյանը, որ ոչ մի միության անդամ չէ, ասուլիսի ժամանակ իրեն բնութագրեց որպես մշակույթ սիրող մարդ: «Պետք է սահմանազատել ստեղծագործական միությունները հասարակական կազմակերպություններից: Մի առիթով Հրանտ Մաթեւոսյանն ինձ ասաց, որ գրողը գաղափարի եւ ժամանակի ձեւավորողն է: Այսինքն՝ այն միությունը, որը համախմբում է մի հարկի ու նպատակի ներքո իր անդամներին, պիտի գիտակցություն ունենա, որ դա արվում է գաղափարներ ու ժամանակներ առաջնորդելու համար: Հարցն այն է, թե այդ միություններն իրենց առջեւ դրված խնդիրները ինչպե՞ս են կատարում: Այսինքն՝ եթե, օրինակ, մի խոտան գիրք է տպվում, Գրողների միությունը իր անդամներով պիտի աղաղակի, որ այն չի՛ կարելի դնել վաճառասեղանին: Միությունները ոչ թե պետք է վերանան, այլ իրենց ֆունկցիաներն ավելի շատացնեն, այդպիսի հարցերին ավելի խիստ մոտենան»,- հայտնեց տիկ. Շառոյանը: Լ. Անանյանը Ռ. Շառոյանի խոսքից հետո նշեց, որ հայ ազգը մի քիչ կարծրատիպով է առաջնորդվում. «Մինչդեռ փոխվել են հասարակարգն ու շուկայական հարաբերությունները: Փող ունեցողը գնում է ուզած տպարան, վճարում եւ իր խոտանը տպագրում: Մենք ոչ մի կերպ չենք կարող փակել նման գրամոլների ճանապարհը»: «Բայց գոնե կարող ենք մեր կարծիքը բարձրաձայն արտահայտել խոտանի վերաբերյալ»,- հակադարձեց տիկ. Շառոյանը: Այն հարցին, եթե ՀԳՄ անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի ՀՀ նախագահ, կպաշտպանի՞ միության շահերը, Լ. Անանյանը պատասխանեց. «Միությունը քաղաքական հարցերում որեւէ պարտադրանք չի տալիս իր անդամներին, յուրաքանչյուր անդամ ինքն է իր նախընտրած քաղաքականության պատասխանատուն: Մենք որեւէ բանում խառնվելու եւ որեւէ գրողի քաղաքական հայացքները ուղղորդելու ո՛չ ձգտում ունենք, ո՛չ էլ ցանկություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել