Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍելլին» ամուսնացրին «MTC»-ի հետ

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"\"Ծնողները, ենթարկվելով հարսնացուի կամքին, նրան տվեցին սրտի ուզած տղային

Երեկ «ՎիվաՍելլի» հարսանիքն էր: Այն անցավ առանց ավելորդ ճոխությունների. փեսայի՝ ռուսական «MTC»-ի կողմից հարսանիքին եկել էին միայն ամենամոտ բարեկամները՝ ծնողները, հորեղբայրները, քեռիներն ու մորաքույրները: Փեսայի հայրը՝ ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդը, հարսանիքի սկզբում ներկայացրեց իր որդու արժանիքները՝ ժամանակ առ ժամանակ էլ ազդանշելով, որ «ՎիվաՍելլն» իրենց տղային արժանի հարսնացու է եւ որ նրան պահել-պահպանելու են աչքի լույսի պես: Հարսի հայրը՝ «Ղ-Տելեկոմի» նախագահ Պիեր Ֆաթուշը, կենաց ասելիս իր կողմից հավելեց, որ «ՎիվաՍելլի» շուրջ, իսկապես, շատ փեսացուներ են պտտվել, բայց, ի վերջո, իրենց աղջիկը սիրել եւ ուզել է «MTC»-ին: «Առավոտի» հարցին, թե ովքե՞ր են եղել «ՎիվաՍելլի» այն երկրպագուները, որոնք խնդրել են նրա ձեռքը, բայց մերժում են ստացել՝ «ՎիվաՍելլի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը, ինչպես պարզեցինք, խնամու կողմից բարեկամ դուրս եկավ՝ պատասխանեց. «Չեմ կարող անուններ ասել, ամոթ է, մերժված փեսացուներն իրենց վատ կզգան»: Նշենք, որ պարոն Յիրիկյանն շարունակելու է մնալ «ՎիվաՍելլի» գլխավոր տնօրենը:

«ՎիվաՍելլի» եւ «MTC»-ի ամուսնության մասին խոսակցությունները դեռ վաղուց էին պտտվում, սակայն Ռալֆ Յիրիկյանն ամեն կերպ հերքում էր դա: «Առավոտի» հետ զրույցում պարոն Յիրիկյանը հարցին, թե վախենում էիք հարսին ա՞չք կպներ, որ չէիք ասում նրա մոտալուտ հարսանիքի մասին՝ պատասխանեց. «Մենք ուզում էինք սյուրպրիզ անել»:

Փեսան աղջկա համար գլխագին էր տվել 310 միլիոն եվրո, ընդ որում՝ խոստացել է, որ եթե հարսն իրեն նորմալ դրսեւորի, սկեսուր-սկեսրայրին լսող լինի՝ եւս 50 մլն էլ տալ՝ առաջիկա 3 տարիների ընթացքում՝ մինչեւ 2010-ը: Պարոն Յիրիկյանը լրագրողներին պատմեց, որ իրենց փեսացուն շատ հարուստ ընտանիքից է, բիզնեսներ ունի Ուկրաինայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում եւ Մոսկվայում: Նրա գործերը չափազանց հաջող են, ու եթե հարսի ոտքն էլ, այսպես ասած՝ «խերով» լինի՝ փեսայի ծնողները մտադիր են իրենց հարստությունն առաջիկա տարիներին կրկնապատկել ու մեծ գումարներ ներդնել Հայաստանում: Թե ինչ պետք է անի Պիեր Ֆաթուշը «MTC»-ի տված 310 մլն եվրոյի հետ՝ նույնպես ներդրում է անելու Հայաստանում՝ հանքի եւ շինարարության բիզնեսներում:

Հարսանիքի սկզբից մինչեւ վերջ թե՛ Ռալֆ Յիրիկյանը, թե՛ «MTC»-ի նախագահ Լեոնիդ Մելամեդը շնորհակալություն էին հայտնում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ուստի լրագրողների հարցին, թե կարո՞ղ է Ռոբերտ Քոչարյանն է այս հարսանիքի քավորը՝ հարսանքավորներն ըստ էության ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին՝ ասելով, որ նախագահին, իսկապես, շատ են հարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել