Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 15,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

ՆՐԲԵՐՇԻԿ ԵՎ ԼՈԲԲԻՆԳ

– Հիսունն անց մարդ եմ, բայց կյանքումս առաջին անգամ եմ տենում, որ մարդ մենմենակ՝ ինքը իրան մաղարիչ անի,- ծիծաղեց փողկապավորը:

– Աշոտի հետ ենք խմում,- ասացի ես:

– Ո՞ր Աշոտի:

– Խմբագրի տեղակալ:

– Աշոտն էդ երբվանի՞ց ա խմբագրի տեղակալ դառել, որ ես չեմ իմացել:

– Արդեն մի քանի ամիս ա,- վստահ ասացի ես:

– Ուրիշ տեղ չասես,- ժպտաց փողկապավորը:

– Ուրիշ տեղ ի՞նչ չասեմ,- զարմացա ես:

– Ուրիշ տեղ հանկարծ չասես, որ Աշոտը խմբագրի տեղակալ ա,- ծիծաղեց փողկապավորն ու ավելացրեց.- կարող ա Բասենցյանը նեղանա:

– Բասենցյանը խի՞ պիտի նեղանա:

– Որովհետեւ Բասենցյանն ա խմբագրի տեղակալը,- ժպտաց բարձրահասակ փողկապավորը.- Աշոտն ընդամենը պատքարտուղարն ա:

– Բայց Աշոտն ա տեղակալի գործերն անում:

– Ըտենց բան որ ասես, էդ կնիկն ավելի կնեղանա,- ասաց բարձրահասակն ու ավելացրեց.- ես էլ եմ էս ինստիտուտի սաղ գործերն անում, բայց ռեկտորը սավսեմ ուրիշ մարդ ա:

– Դուք երեւի պրոռեկտորն եք:

– Պրոռեկտորն էլ ա սավսեմ ուրիշ մարդ,- ասաց փողկապավորը.- մենք գործն ենք անում, իրանք պաշտոններն են վարում:

– Իսկ դո՞ւք ինչ պաշտոն եք վարում,- հարցրի ես:

– Պաշտոնի բերումով ընդամենը պարետի տեղակալ եմ,- ասաց փողկապավորը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- ավելի ճիշտ՝ էս գլխավոր կորպուսի պարետի տեղակալն եմ:

– Ծանոթանանք,- ձեռքս մեկնելով՝ ասացի ես:

– Վարոս,- ձեռքս սեղմելով՝ ասաց փողկապավորը:

– Արմեն,- ասացի ես:

– Ուրախ եմ,- ասաց փողկապավորը:

– Մի բաժակ չե՞ք խմի,- Սեյրանի լիքը բաժակն իր առաջ դնելով՝ առաջարկեցի ես:

– Էս խմելու բան ա՞, որ խմում եք,- Սեյրանի բաժակին զզվանքով նայելով՝ ասաց փողկապավորը:

– Բասենցյանն ու Անոն էլ էին հետներս. հո արաղ չէի՞նք խմի,- ասացի ես:

– Պարզ ա,- ասաց Վարոսը.- կնանիքին զոհ եք գնացել:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Բա Աշո՞տն ուր ա:

– Դուրս էկավ. հինգ րոպեից կգա:

– Պարզ ա,- ժպտաց Վարոսը.- էս զիբիլը որ խմել ա, մի տեղից պիտի դուս գար:

– Բարեւ, ուստա Վարոս,- դռների մեջ հայտնվելով՝ ժպտաց Աշոտն ու ասաց.- ծանոթացի Արմոյի հետ. մեր նոր աշխատողն ա:

– Արդեն ծանոթացել ենք,- ասաց Վարոսը:

– Մեր հետ մի բաժակ բան չե՞ս խմի,- շամպայնի երկու նոր շշեր սեղանին դնելով՝ ասաց Աշոտը:

– Էս զիբիլն ախր հեչ խմելու բան չի, Աշոտ ջան,- ասաց Վարոսն ու ավելացրեց.- ձեր համար եմ ասում, թե չէ, դու լավ գիտես, որ աշխատանքի մեջ վաբշե մի կում էլ ա չեմ խմում:

– Մի անգամ պատահել ա,- ժպտաց Աշոտը:

– Էդ մի անգամը թող իմ ու քո մեջ մնա,- ժպտաց Վարոսն ու ավելացրեց.- բայց էդ մի անգամն արաղ էր՝ շամպանսկի չէր:

– Ես էլ շամպայնի բալելշչիկ չեմ, բայց որ շամպայնից ենք սկսել, մտածեցի՝ շամպայնով էլ շարունակենք,- ասաց Աշոտը:

– Շատ ճիշտ ես մտածել,- ասաց Վարոսը.- խառնելն ամենավատն ա:

– Հիմի մեր հետ մի բաժակ բան չես խմելո՞ւ,- նորից հարցրեց Աշոտը:

– Չէ, Աշոտ ջան,- ասաց Վարոսը.- լիքը գործեր ունեմ:

– Լավ մտածի,- ասաց Աշոտը:

– Անուշ խմեք,- ասաց Վարոսն ու սենյակից դուրս եկավ:

– Էդ ե՞րբ հայտնվեց,- հարցրեց Աշոտը:

– Հենց դու գնացիր, ինքը հայտնվեց,- ասացի ես:

– Ի՞նչ էր ասում,- հարցրեց Աշոտը:

– Հարցնում էր՝ ո՞վ եմ:

– Ի՞նչ ասեցիր:

– Ասեցի՝ խմբագրության աշխատող եմ:

– Չզարմացա՞վ:

– Սկզբում չհավատաց. ասեց, որ ինքն էս խմբագրության աշխատողներին հինգ մատի պես գիտի:

– Ճիշտ ա ասել,- ասաց Աշոտը.- էս ինստիտուտում մի հատ աշխատող չկա, որ ինքը չճանաչի:

– Ինքը վաբշե ո՞վ ա,- հարցրի ես:

– Չասե՞ց:

– Ասեց՝ պարետի տեղակալն եմ:

– Լավ ա ասել,- ծիծաղեց Աշոտը:

– Բա խի՞ ես ծիծաղում:

– Էս շենքի պահակն ա,- շարունակեց ծիծաղել Աշոտը:

– Ասեց՝ պարետի տեղակալն եմ:

– Կարծեմ հաստիքով պարետի տեղակալ ա կոչվում,- ասաց Աշոտը:

– Իմ պե՞ս,- ժպտացի ես:

– Ո՞նց քո պես,- զարմացավ Աշոտը:

– Ես էլ սրբագրիչ եմ կոչվում, բայց լրագրող եմ:

– Լավ համեմատեցիր,- ծիծաղեց Աշոտը.- քոնը լրիվ հակառակն ա:

– Ո՞նց ա հակառակը:

– Քո պարտականություններն ավելի բարձր են, քան՝ կոչումդ:

– Լավ կըլներ՝ հակառակն ըլներ:

– Հակառակը ո՞րն ա:

– Լրագրող կոչվեի, բայց սրբագրիչի գործն անեի:

– Ամենալավն էն ա, որ կոչումդ ու պարտականություններդ համընկնում են,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- մի քիչ որ դիմանաս, ամեն ինչ լավ կըլնի:

– Ինչի՞ն դիմանամ:

– Կոչումիդ ու պարտականություններիդ անհամապատասխանությանը,- ծիծաղեց Աշոտը:

– Կոչումիցս ավելի գոհ եմ, քան՝ պարտականություններիցս:

– Այսինքն:

– Մեծ հաճույքով ուրիշների գրածները կսրբագրեի:

– Սրբագրության գործն Անոն լավ էլ անում ա,- ասաց Աշոտը.- ինքը համ սրբագրության գործն ա հասցնում, համ էլ՝ վախտ առ վախտ հոդված ա գրում: Էլ չեմ ասում, որ մեծ մասամբ ինքն ա տպարան վազում:

– Մալադե՛ց Անո,- ասացի ես:

– Էդ ամեն ինչից էլ բացի, մեր սաղ գրածներն ինքն ա մեքենագրում:

– Խեղճ աղջիկն էդքանը ո՞նց ա հասցնում:

– Աղջիկ չի՝ իսկական տրակտոր ա,- ասաց Աշոտը:- Լավ էլ հոդվածներ ա գրում: Որ ճիշտն ուզում ես իմանաս, ինքը վաղուց պիտի լրագրող դառած ըլներ:

– Բա խի՞ չի դառել:

– Որովհետեւ ինքն անփոխարինելի ա,- ժպտաց Աշոտը.- իրան որ լրագրող դարձնենք, բա էդ սաղ գործերն ո՞վ պիտի անի:

– Փաստորեն, իրա լավ աշխատելու պատճառով տուժում ա:

– Ըտենց ա ստացվում,- ասաց Աշոտը:- Իսկ գիտե՞ս՝ ինքը հաստիքով ինչ ա ձեւակերպված:

– Ի՞նչ:

– Քարտուղարուհի-մեքենագրուհի,- ասաց Աշոտը.- ընդամենը յոթանասունհինգ մանեթ աշխատավարձով:

– Շատ անարդար ա,- ասացի ես:

– Ընդամենը յոթանասունհինգ մանեթով մի ամբողջ խմբագրության գործ ա անում:

– Շատ անարդար ա,- կրկնեցի ես:

– Կարեւորն արդարն ու անարդարը չի,- ասաց Աշոտը:

– Բա ի՞նչն ա:

– Կարեւորն էն ա, որ ինքը ոչ մի անգամ իրա էս վիճակից չի դժգոհել:

– Դժգոհում էր,- ասացի ես:

– Ըտենց խոսում ա, բայց որ տեղը գալիս ա, գլուխը կախ՝ սաղ գործերն անում ա: Որ ճիշտն ուզում ես իմանաս, ինքը ներքուստ շատ էլ գոհ ա:

– Ինչի՞ց ա գոհ:

– Իրա անփոխարինելիությունից,- ասաց Աշոտը.- ինքը հասկանում ա, որ առանց իրա էս խմբագրությունը կորած ա:

– Էս շամպայննե՞րն ինչի ես առել,- Աշոտի բերած շշերին նայելով՝ հարցրի ես:

– Շամպայնն ինչի՞ համար են առնում,- ժպտաց Աշոտը:

– Խմելու,- ասացի ես:

– Ուրեմն՝ կխմենք,- ասաց Աշոտը:

– Էսքանը մենակ ե՞նք խմելու,- զարմացա ես:

– Էրկուսով,- ծիծաղեց Աշոտը:

– Կարա՞նք:

– Սոված փորներիս դժվար թե կարենայինք, դրա համար էլ մի քիչ զակուսկի առա:

– Ի՞նչ զակուսկի:

– Մի կիլո սասիսկի առա,- սեղանին դրված տոպրակը ցույց տալով՝ ասաց Աշոտը:- Առավոտից բերաններս բան չենք դրել:

– Ստացվում ա, որ ընդունվելուս մաղարիչը դու ես անում,- ասացի ես:

– Մաղարիչն արդեն անցած էտապ ա,- ժպտաց Աշոտը:

– Էրկու շիշն էլ պիտի խմե՞նք,- հարցրի ես:

– Էրկու շիշ ու մի քիչ,- Սեյրանի երկրորդ շիշը ցույց տալով՝ ժպտաց Աշոտը:

– Փաստորեն, իմ տեղակ դու ես մաղարիչ անում:

– Տրամաբանական ա,- ժպտաց Աշոտը:

– Ի՞նչն ա տրամաբանական,- զարմացա ես:

– Քո պես բանաստեղծը որ համաձայնվել ա մեր մոտ աշխատի, մենք պիտի շատ ուրախ ըլնենք:

– Արդեն ձեռ ես առնում:

– Ձեռ չեմ առնում:

– Հանաք ես անում:

– Ով որ հանաք ա անում՝ ամոթ իրան:

– Էդ բանաստեղծությունները պարապությունից եմ գրել,- ասացի ես.- հիմի որ աշխատանք ունեմ, էլ երեւի չգրեմ:

– Քեզ ա թվում,- ժպտաց Աշոտը.- գրելն անբուժելի հիվանդություն ա, մանավանդ՝ բանաստեղծություն գրելը:

– Ես կբուժվեմ,- ասացի ես:

– Ավելի լավ ա՝ ըսենց հիվանդ էլ մնաս,- ծիծաղեց Աշոտը:

– Կբուժվեմ,- ծիծաղեցի ես:

– Կենա՛ցդ,- ասաց Աշոտը:

– Էսօր իմ կենացը շատ խմեցինք,- ասացի ես:

– Որովհետեւ էսօր քո՛ օրն ա,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Աշոտը.- մարդ ամեն օր աշխատանքի չի ընդունվում:

– Հա,- ասացի ես:

– Փաստորեն, էսօր ժուռնալիստիկայի բնագավառ ես մուտք գործում,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- էս ասպարեզում քեզ հաջողություն եմ մաղթում:

– Ես է՛լ եմ էս ասպարեզում ինձ հաջողություն մաղթում,- ասացի ես ու ավելացրի.- բանաստեղծությունը լուրջ զբաղմունք չի:

– Եթե լուրջ ես զբաղվում, շատ լուրջ զբաղմունք ա:

– Արդեն բանաստեղծություն գրելուց հոգնել եմ:

– Բանաստեղծությանը լուրջ չե՞ս վերաբերվում:

– Դժվար հարց ես տալիս,- ասացի ես.- չգիտեմ՝ ինչ պատասխանեմ:

– Հեչ պարտադիր չի, որ պատասխանես,- բաժակը բաժակիս խփելով՝ ասաց Աշոտը.- խմենք:

– Խմենք,- ասացի ես ու մի կում խմեցի:

– Կենացդ,- ասաց Աշոտն ու բաժակը դատարկեց:

– Անուշ,- ասացի ես:

– Դու է՞լ շամպայն չես սիրում,- հարցրեց Աշոտը:

– Սիրում եմ,- ասացի ես:

– Բա խի՞ ես կում-կում խմում:

– Վռազելու տեղ չունեմ:

– Ես էլ,- ասաց Աշոտը:

– Համ էլ՝ առանձնապես խմող չեմ:

– Ես էլ,- ասաց Աշոտը:

– Բա խի՞ էս էրկու շշերը բերիր:

– Էս շոգուկրակին սառը շամպայնը հաճելի ա:

– Հա,- եւս մի քանի կում անելով՝ համաձայնվեցի ես:

– Խալադելնիկից տվեց,- ձեռքը նոր բերած շշին գցելով՝ ասաց Աշոտը:

– Լավ սառն ա,- մյուս շշին ձեռքս կպցնելով՝ ասացի ես:

– Սեյրանի առածն արդեն տաքացել ա,- ասաց Աշոտը.- էս սառը բացենք:

– Գոնե ասեիր, որ խանութ ես գնում,- ասացի ես:

– Ինչի՞ պիտի ասեի,- զարմացավ Աշոտը:

– Էս ծախսը կիսովի կանեինք:

– Դու քո փայն արդեն ծախսել ես:

– Գոնե կեսի փողը տամ,- առաջարկեցի ես.- քո ծախսը կրկնակի ստացվեց:

– Արդեն վիրավորում ես,- լրջացավ Աշոտը:- Ինչ որ ծախսել եմ, սրտանց եմ ծախսել: Համ էլ՝ ես աշխատավարձս եմ ծախսում, բա դո՞ւ ում փողն ես ծախսում:

– Հորս փողը:

– Երրորդ կուրսից սկսած՝ ծնողներիցս փող ուզած չկամ,- ասաց Աշոտը:

– Ես էլ չեմ ուզում,- ամաչելով ասացի ես.- առանց ուզելու ա տալիս:

– Երրորդ կուրսից սկսած՝ թոշակովս ու պահակությանս ռոճիկով եմ յոլա գնացել:

– Ի՞նչ պահակություն:

– Համ սովորում էի, համ էլ գիշերները պահակություն էի անում:

– Ինչքա՞ն էիր ստանում:

– Քառասուն թոշակս էր, իննսուն էլ պահակությունից էի ստանում,- ասաց Աշոտը.- էրկուսը միասին՝ հարուր երեսուն:

– Ահագին փող ա,- ասացի ես:

– Թոշակովս տանս վարձն էի տալիս, պահակությանս փողով էլ ապրում էի:

– Ահագին փող ես ստացել,- ասացի ես.- ուսանողի համար հարուր երեսունն ահագին փող ա:

– Փողի թեման փակենք,- ասաց Աշոտը.- մտածենք՝ ոնց ենք էս սասիսկիներն էփելու:

– Դու պիտի մտածես,- ասացի ես:

– Պահակի մոտ հարմարություն կա,- ասաց Աշոտը:

– Տանք՝ թող էփի,- ասացի ես:

– Անոն էլ ամանչաման ունի, բայց ավելի լավ ա տանք Վարոսին՝ ինքը էփի: Ինքն ըսենց գործերի հետ սեր ունի, համ էլ՝ ինքն էս սասիսկիների գծով հետներս փայ ա:

– Ո՞նց ա փայ,- հարցրի ես:

– Ինքն էլ ա հետներս ուտելու:

– Հա՞:

– Կարաս չկասկածես:

– Ինքն էլ ա՞ սոված:

– Կապ չունի,- ասաց Աշոտը.- ինքը սովածությունից շատ ուժեղ վախ ունի:

– Ի՞նչ վախ:

– Ասում ա՝ հենց մի քիչ սովածանում եմ, գլխացավս բռնում ա:

– Զզվելի բան ա:

– Ի՞նչը:

– Գլխացավը:

– Ի՞նչ գիտես:

– Ես էլ ունեմ:

– Քոնն էլ ա՞ սովածությունից:

– Չգիտեմ ինչից ա, բայց ունեմ:

– Հաճախ ա՞ կրկնվում:

– Ահագին ժամանակ ա՝ չի կրկնվել:

– Թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ,- սեղանին թխկթխկացրեց Աշոտը:- Գլխացավ չունեմ, բայց պատկերացնում եմ՝ ինչքան զզվելի բան ա:

– Հա,- ասացի ես.- հեչ հաճելի բան չի:

– Հաճելի բաներից խոսանք,- ասաց Աշոտը:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Էս սասիսկիները տանեմ՝ թող Վարոսն էփի:

Աշոտը տոպրակով նրբերշիկները վերցրեց եւ սենյակից դուրս եկավ, ու ես հիմա՝ մեր երկխոսության էս վերջին կտորը գրելուց հետո սկսում եմ կասկածել՝ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթի էդ իրիկուն Աշոտի ու իմ միջեւ գլխացավի մասին էդ խոսակցությունը նրբերշիկները Վարոսի մոտ տանելուց առա՞ջ տեղի ունեցավ, թե՞ հետո՝ արդեն էդ նրբերշիկներն ուտելիս, եւ սա չափազանց կարեւոր հանգամանք է, որովհետեւ Աշոտն էս վեպիս մասին էստեղ-էնտեղ տարածում է, թե՝ սուտիմուտի բաներ եմ բստրում ու գրում, եւ չնայած ինքը վաղուց Գրողների միության անդամ է եւ մի քանի ընտիր պատմվածքներ ունի, այդուհանդերձ, չի հասկանում, որ էս գրածս գեղարվեստական գործ է, եւ խոսքի ազատության էս մեկուկես տասնամյակի ընթացքում իրավունք ունեի ավելի շատ բստրել, քան իրականում բստրել ու բստրում եմ, ու էս ասածս հեչ չի նշանակում, թե հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթին Աշոտը, Դարբինյանը, Անահիտը, Բասենցյանը, Սեյրանը, Վարոսը, շամպայնները, շոկոլադներն ու էդ նրբերշիկներն իմ կյանքում չեն եղել, եւ, որ ամենակարեւորն է, ես է՛լ եմ էդ ողջ համայնապատկերի ֆոնին եղել ու գոյություն ունեցել, ու որ ախալքալաքցի Ավետիսյան Աշոտն էդ ամենը չի հիշում, դրանում ո՛չ ես եմ մեղավոր, ոչ էլ՝ մանավանդ ինքը, որովհետեւ էս երեսուն երկար ու ձիգ տարիների ընթացքում ահագին ջրեր են հոսել, եւ Աշոտն իրավունք ուներ ավելի շատ բան մոռանալ, քան իրականում մոռացել է, եւ ինձ համար կարեւորը ոչ թե Աշոտի չհիշելն է, այլ՝ էս գրածներիցս իր չնեղանալը, մանավանդ որ՝ իր ախալքալաքցի լինելը մի գլուխ անտեղի ու անիմաստ նշում ու շեշտում եմ եւ հատկապես Անոյի ու Բասենցյանի խոսակցություններում ախալքալաքցիների ֆենոմենը չարաշահեցի, բայց, բարեբախտաբար, Աշոտն ինձանից ոչ թե նեղանում է, այլ ընդամենը հայտարարություններ է անում իրականությունից իմ որոշ շեղումների վերաբերյալ եւ, եթե կուզեք իմանալ, շատ էլ ճիշտ է անում՝ որ չի նեղանում, որովհետեւ, որ մի գլուխ ասում ու շեշտում եմ, թե՝ ախալքալաքցիք իրար պահում էին, դրանում, ըստ էության, ոչ մի վատ բան չկա, եւ չնայած մեր օրերում ավելի շատ ղարաբաղցիների իրար պահելուց ենք խոսում ու դժգոհում, բայց իրականում ոչ մի վատ բան չկա, որ ղարաբաղցիք, ախալքալաքցիք կամ, ասենք, քյավառցիք իրար պահում են, եւ իրականում վատն ու ծիծաղելին մեր շուրջօրյա փնթփնթոցներն ու նվնվոցներն են, թե՝ ղարաբաղցիք եկել ու գրավել են Հայաստանը, եւ փնթփնթալիս ու նվնվալիս չենք էլ մտածում, որ եթե Հայաստանը վաղուց ի վեր ձեռքներիցս բաց ենք թողել, ավելի լավ չի՞, որ էս անգամ ոչ թե պարսիկին, թուրքին կամ ռուսին է բաժին հասել, այլ ընդամենը՝ ղարաբաղցուն, եւ որ ախալքալաքցիք, ղարաբաղցիք, սասունցիք կամ, ասենք, քյավառցիք իրար պահող են, դա նրանց համար առնվազն լավ է, եւ շատ լավ կլիներ՝ եթե բոլոր հայերս իրար պահող լինեինք, եւ չնայած շատ ենք նվնվում ու փնթփնթում, թե իրար պահող չենք, բայց օտարների աչքում լավ էլ իրար պահող ենք, եւ վերջին շրջանում հատկապես թուրքերն ու ադրբեջանցիք են սարսափած ու ահաբեկված հայկական լոբբինգից, չնայած մեր լոբբինգի թերեւս ամենամեծ հաջողությունները «Եվրատեսիլում» Անդրեի ու Հայկոյի գրաված ութերորդ տեղերն են, ու որ հիմա ըստ էության եմ մտածում, սկսում եմ հասկանալ, որ ղարաբաղցիք, ախալքալաքցիք, սասունցիք կամ, ասենք, քյավառցիք իրականում ոչ թե իրար պահում են, այլ ընդամենը մեզ է թվում, թե՝ իրար պահում են, եւ յոթանասունականների սկզբներին քյավառցիք ավելի շատ ձեւ էին անում, թե՝ իրար պահող են, մինչդեռ իրականում ու հատկապես էն թվերին նրանց պահողը ձուկն էր՝ սիգն ու էն թվերին հատկապես իշխանը, իսկ ինչ վերաբերում է ժամանակակից սասունցիներին, սասունցիներն էլ են ձեւ անում, թե՝ իրար պահող են, մինչդեռ իրականում ոչ միայն իրար չեն պահում, այլեւ իրար հետ չափազանց թունդ մրցակցության մեջ են, եւ եթե իրենցից մեկն իր բնագավառում առաջ է գնում, իրենցից մյուսը կրնկակոխ փորձում է էդ առաջ ընկածի հետեւից հասնել, եւ էդ ձգտումն էնքան հետեւողական ու շարունակական է, որ իրենցից էս մյուսն օրերից մի գեղեցիկ օր վերջապես հասնում է իրենցից էն առաջինին, եւ սասունցիների էս մրցավազքում ամենաէականն էն է, որ շղթան երբեւէ չի կտրվում ու չի ավարտվում, այսինքն՝ էս երկրորդի հետեւից էլ երրորդն է նպատակասլաց ընթանում ու սլանում, երրորդի հետեւից էլ չորրորդը եւ այդպես շարունակ, եւ արդյունքում, պոչպոչի իրար հասնելով, մի գեղեցիկ օր միասնաբար հայտնվում են անկախության հերթական տարեդարձի կառավարական բանկետի սեղաններին եւ բաժակներն իրար զարկելով՝ իրար ասում են՝ «միշտ էսպես իրարով». այսինքն, իրենք իրար պահելու տեսլականը ո՛չ միայն մեզ վրա են նաղդում, այլեւ՝ միմյանց վրա, բայց, այսուհանդերձ, արդյունքում իրենց էդ տեսլականն իրականության է վերածվում ո՛չ միայն մեր, այլեւ՝ հենց իրենց աչքում ու հենց իրականության մեջ, որովհետեւ իրենք միասնաբար կառավարական բանկետի որեւէ սեղանի շուրջ իրար գլխի հավաքվելով՝ սկսում են նաեւ իրենց որդկերանց ու թոռների բախտի շուրջ միասնաբար փիքր անել ու մտմտալ, այն է՝ ոնց անեն, որ իրենց զավակներն ու թոռներն էլ էս մինուճար կյանքում առաջատար դիրքեր ունենան, եւ երբ միասնաբար Չաուշի ու մյուսների կենացն են չխկչխկացնում, կողքից նայողի մտքով անգամ չի անցնում, թե սրանք երբեւէ կոնկուրենտ ու մրցակից են եղել, եւ կողքից նայողն, ընդհակառակը, մի ավելորդ անգամ տեսնում ու համոզվում է, որ սրանք իրար պահելով ու իրար թիկունք լինելով՝ միասնաբար, ահա, հասել են միանգամայն որոշակի ու միանգամայն բաղձալի նպատակի, եւ էսպես կողքանց նայելով՝ մենք սասունցիների, ախալքալաքցիների ու ղարաբաղցիների միաբանության մասին էն թյուր կարծիքն ունենք, որն ունեն օտարները հայերիս միասնության ու միաբանության մասին, բայց ես սասունցիների միաբանության մասին էդ թյուր կարծիքը չունեմ, որովհետեւ երբեւէ կառավարական բանկետի չեմ եղել ու իրենց էդ իրար գլխի հավաքվելն էլ աչքովս չեմ տեսել, եւ եթե ինքս իգդիրցիների հետնորդ ու իրավահաջորդ չլինեի, ոչ միայն սասունցիական միաբանության տեսլականին պիտի անմնացորդ հավատայի, այլեւ իրենց էդ միաբանության հիմնավորումը պիտի գաղթականի իրենց ճակատագրի մեջ փնտրեի, բայց քանի որ ինքս էլ գաղթականների իրավահաջորդ ու հետնորդ եմ, իգդիրցիների օրինակով վաղուց ինքս ինձ համար պարզել եմ, որ էս կյանքում հարմարավետ տեղավորվելու ու շարունակաբար առաջանալու համար գաղթական կամ գաղթականի հետնորդ լինելն ամենեւին էլ բավարար պայման չէ, եւ բավարար ու անհրաժեշտ գլխավոր պայմանը համբերությունն է, ինչպես նաեւ՝ ուղղագիծ ու շարունակական ձգտումն ու նպատակասլացությունը, որ իգդիրցիներն ու նրանց հետնորդները չունեն, ու երեւի համբերության էդ անբավարար պաշարներն են պատճառ հանդիսացել, որ իգդիրցիք տասնհինգի վերջերին նորից Իգդիր վերադառնան եւ տասնութին վերստին գաղթեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել