Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 18,2007 00:00

\"\"Բայց խոստման համաձայն, շարունակելու է ԱԺ ամբիոնից հնչեցնել ջավախահայությանը հուզող հարցադրումներ

Այս տարվա մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ շատերի համար անակնկալ կերպով «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակի 40-րդ հորիզոնականում, վերջինս համոզմունք ու հույս հայտնեց, թե ՀՀԿ-ն «իր ողջ ներուժը կներդնի» նաեւ ջավախահայությանը հուզող հարցերի կարգավորման գործում, որ ջավախահայության հիմնախնդիրների գոնե մի մասը խորհրդարանական դիվանագիտության միջոցով հնարավոր կլինի լուծել: Անցյալ շաբաթ խորհրդարանական հայտարարությունների պատեհ առիթն օգտագործելով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շ. Թորոսյանը իբրեւ այդպիսի «հիմնախնդիր» մատնանշեց Ջավախքում Վահան Տերյանի ծննդավայրի հարեւանությամբ 4 հազար կալանավորների համար քրեակատարողական հիմնարկի կառուցման փաստն ու մեկնաբանեց. «Զարհուրելի ծրագիր, որն ապահովում է կատարյալ հայաթափություն»: Շ. Թորոսյանի կարծիքով, այդ հիմնարկի կառուցումը Ջավախքը կդարձնի աքսորավայր, քրեական տարածք, եւ Հայաստանի իշխանությունը պետք է կանխի դա: Նա առաջարկեց այդ հարցը օրակարգային դարձնել հայ-վրացական հարաբերություններում:

Ի պատասխան այդ հայտարարության՝ նախ ՀՀԿ նախագահ եւ երկրի վարչապետ Սերժ Սարգսյանն էր ասել, թե՝ «ես շատ դժվարությամբ եմ պատկերացնում, թե մենք ինչպիսի արձագանք կարող ենք ունենալ, եթե մեր հարեւան երկրներից մեկը դիմի մեզ եւ ասի՝ դուք Սյունիքում կամ այլ տեղ այսպիսի խնդիրներ եք լուծում: Ես շատ ուղիղ եմ ասում եւ միջամտությունը այսպիսի հարցերում Վրաստանի ներքին գործերին համարում եմ անպատեհ», հավելելով, թե ՀՀ իշխանությունները չեն կարող Վրաստանի իրենց գործընկերներին ասել՝ «այստեղ այս արեք, այնտեղ այն արեք: Սա մի քիչ, կարծում եմ, չափն անցկացնել է»: Շ. Թորոսյանի սույն հայտարարությանն անդրադարձել էր նաեւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ նկատելով, թե Հայաստանի տարածքում էլ կան կալանավայրեր, բայց դա չի նշանակում, որ այդ բնակավայրերը՝ Արթիկ, Կոշ, Սեւան, ուր կան կալանավայրեր, վերածվել են քրեական տարածքի: Ըստ Վ. Սողոմոնյանի, Ջավախքում քրեակատարողական հիմնարկի կառուցումը ՀՀ նախագահը վտանգավոր չի համարում: Նա նաեւ ասել էր, որ հազիվ թե Քոչարյան-Սահակաշվիլի հանդիպմանը լրջորեն անդրադարձ լինի այդ խնդրին:

Մենք ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շ. Թորոսյանին խնդրեցինք մեկնաբանել մասնավորապես ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Պարոն Թորոսյանին միաժամանակ հարցրինք, թե արդյոք ինքը ճի՞շտ ընտրություն է կատարել՝ ընդգրկվելով, օրինակ՝ ոչ թե ՀՅԴ-ի կամ ԲՀԿ-ի, այլ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում՝ նկատի ունենալով այն, որ հատկապես այդ խմբակցությունների ներկայացուցիչներն էին, արձագանքելով Շ. Թորոսյանի հայտարարությանը, պնդել, թե ՀՀ իշխանությունը պիտի կանխի «այդ վտանգավոր ծրագիրը»:

«Կարծում եմ, որ այս դեպքում Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել որպես ՀՀ վարչապետ, այլ ոչ թե՝ ՀՀԿ նախագահ, թեեւ նրա՝ որպես կառավարող կուսակցության նախագահ էլ, բնական է, պատասխանն այդպիսին պետք է լիներ: Դա նորմալ եմ գնահատում: Դա պետության, կառավարության ղեկավարի պատասխան էր, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել: Իսկ իմ ընտրությունը ես նորմալ եմ համարում, որովհետեւ վստահ եմ, որ ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ՀՀ իշխանությունները բոլոր դեպքերում ամեն ինչ անելու են, որպեսզի Ջավախքում իրադրությունը կայունանա եւ հայապահպանության խնդիրները լուծվեն»,- կարծիք հայտնեց Շ. Թորոսյանը: Այսինքն՝ նշանակում է, որ ձեր նախաձեռնությո՞ւնն էր «ոչ պետական» մոտեցման արդյունք: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ պատգամավորն ասաց, թե՝ պետության պաշտոնական տեսակետը մի բան է, պատգամավորների կամ հասարակական, քաղաքական կազմակերպությունների արտահայտած տեսակետը՝ մեկ այլ բան: «Հասկանալի է, կարծում եմ եւ գտնում եմ, որ պետության որեւէ տեսակետ պետք է ավելի չափավոր եւ զգուշավոր լինի, բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած պետք է նստենք: Կարծում եմ, պետությունը բանակցությունների միջոցով, դիվանագիտական ճանապարհով կփորձի ամեն ինչ անել, որպեսզի վերոնշյալ խնդիրները եւ ընդհանրապես Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները, հայապահպանության հարցը դրական լուծումներ ստանան»:

Բայց փաստն այն է, որ օրերս Աջարիայի մայրաքաղաք Բաթումում Քոչարյան-Սահակաշվիլի հանդիպման ժամանակ կալանավայրերի հարցը, համենայնդեպս, չի քննարկվել: Շ. Թորոսյանի ասելով, ՀՀ խորհրդարանում ինքը հայտարարություն է արել Ջավախքի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների միացյալ խորհրդի եւ ողջ ջավախահայության խնդրանքով՝ որպես «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ եւ ՀՀԿ խմբակցության անդամ: Նա բացառեց, որ ՀՀ վարչապետի պատասխանը կարող է առաջացնել ջավախահայերի եւ հասարակական կազմակերպությունների դժգոհությունը: Պատգամավորն ասաց նաեւ, թե այն հարցադրումները, որոնք կարող են առաջիկայում հնչեցվել ՀՀ խորհրդարանի ամբիոնից, «գալիս են Ջավախքից: Ջավախահայության մտահոգությունները նրանց խնդրանքով մենք բարձրաձայնում ենք՝ ակնկալելով ՀՀ աջակցությունը, ինչը նաեւ լինում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել