Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՄՈՆԱԿԱՆՆԵՐԸ» ԲԱԶԵՅԱՆԻ ԴԵՄ

Սեպտեմբեր 19,2007 00:00

\"\"«Ազգային վերածնունդ» կուսակցության անդամները մեղադրում են Ալբերտ Բազեյանին անգործության մեջ

Արագածոտնի մարզի տարածքային կազմակերպության նախագահ, «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհրդի անդամ Սիմոն Գրիգորյանը, Արմավիրի մարզի տարածքային կազմակերպության նախագահ, քաղխորհրդի անդամ Թոռնիկ Թումանյանը եւ Շիրակի մարզի տարածքային կազմակերպության նախագահ Հովհաննես Մուրադյանը երեկ տարածել են հայտարարություն, որում դատապարտում են կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի վերջին շրջանի գործունեությունը: Հիշեցնենք, որ պարոն Բազեյանը կուսակցության անունից բանակցություններ էր վարում «Դաշինքի» եւ ՀՌԱԿ-ի հետ՝ միավորվելու շուրջ:

«Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները երեկ հայտարարել են. «Արդեն երկար ժամանակ Ալբերտ Բազեյանի կողմից, ի հակադրություն կուսակցության եւ նրա շարքերի բացարձակ մեծամասնության շահերի, ոչ քաղաքական հիմնավորումներով նպատակային քաղաքականություն է տարվում՝ կուսակցությունն անգործության մատնելու եւ, ի վերջո, լուծարման հասցնելու ուղղությամբ։ Կուսակցության քաղխորհրդի նախկին նախագահ Ալբերտ Բազեյանը սեփական նախաձեռնությամբ, առանց կուսակցությունում, քաղխորհրդում հարցը քննարկելու, բանակցություններ է վարել կուսակցությունը «Դաշինքի» հետ ՀՌԱԿ-ին միավորելու ուղղությամբ, ընդ որում՝ «Ազգային վերածնունդը» լուծարելու ճանապարհով։ Թաքնվելով քաղաքական տեսական դրույթների ետեւում՝ իրականում անում է բացարձակորեն հակառակը, փաստորեն Ալբերտ Բազեյանը միայն խոսքով է դատապարտում կուսակցությունների պառակտումները, իրականում ամեն ինչ անում է հերթական պառակտմանը հասնելու համար»։

Կուսակցության տարածքային կառույցների ղեկավարները գտնում են, որ «Ազգային վերածնունդը» կարող է ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող գործընթացներին եւ իր ուրույն ներդրումն ունենալ հանրապետության հասարակական-քաղաքական գործընթացներում. «Կուսակցության կանոնադրությամբ մեզ վերապահված իրավունքների շրջանակում կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր՝ կարգավորելու ստեղծված իրավիճակը»։ Քաղխորհրդի անդամներից ոմանք այն կարծիքին են, որ այն, ինչ անում է Ալբերտ Բազեյանը, նպատակ ունի ընդդիմության պառակտման. «Արդեն ակնհայտ է, որ ինքը ի սկզբանե՝ կուսակցությունը ստեղծելուց հետո, եղել է այն մոտեցմանը, որ պետք է կուսակցությունը լուծարել: Սա իր կարծիքն է, կուսակցության բացարձակ մեծամասնությունն այդ կարծիքին չէ»: Սիմոն Գրիգորյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում հնարավոր չէ կուսակցությունները մեծացնել՝ միավորվելով. «Դա տեսական մոտեցում է, եւ նման բան կարող է լինել միայն կոնյունկտուրային կամ անձնական հարաբերություններից ելնելով: Մենք դեմ ենք մեր կուսակցության լուծարմանը»:

Հիշեցնենք, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվեց, երբ մի քանի բազեյանականներ Ալբերտ Բազեյանի հետ հեռացան «Հանրապետություն» կուսակցությունից: Սիմոն Գրիգորյանին հարց ուղղեցինք՝ ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է «Ազգային վերածնունդ» կուսակցության այս թեւի վերամիավորումը «Հանրապետության» հետ: Ասաց, որ վերամիավորման խնդիր չի կարող լինել, բայց հարաբերությունները իրենց նախկին կուսակիցների հետ նորմալ են:

«Ազգային վերածնունդ» կուսակցության անունից տարածած հայտարարությունը ստանալով՝ մենք զանգահարեցինք նաեւ կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին: Պրն Բազեյանը զարմացավ, որ կուսակցությունը նման հայտարարություն է տարածել եւ ասաց, որ ինքը, որպես կուսակցության նախագահ, պաշտոնապես հայտարարում է, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության անունից հայտարարություն կարող է անել միայն կուսակցության ղեկավար մարմինը, իսկ «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղխորհուրդը ոչ մի հայտարարություն երեկ չի արել: Պրն Բազեյանը հաստատեց, որ կուսակցության անունից հայտարարությունը ստորագրած երեքից երկուսը քաղխորհրդի անդամներ են, սակայն դա դեռ ամբողջ քաղխորհուրդը չէ, քանի որ նրանք քաղխորհրդի ութ անդամներից միայն երկուսն են: Ա. Բազեյանը տեղեկացրեց նաեւ, որ քաղխորհրդի նիստին վերոհիշյալները չեն էլ ներկայացել եւ լավ կլիներ իրենց ասելիքն ասեին քաղխորհրդի նիստում եւ ոչ թե փորձեին մամուլի միջոցով հարաբերություններ պարզել: Մեր հարցին՝ սակայն այդ անձինք հարցեր ունեն՝ ուղղված կուսակցության նախագահին, հակասություններ ունեն կուսակցության նախագահի որդեգրած կուրսի հետ, պարոն Բազեյանը հարցով պատասխանեց՝ «Իսկ դուք Սիմոն Գրիգորյան, Թոռնիկ Թումանյան կամ Հովհաննես Մուրադյան անունով քաղաքական գործիչներ ճանաչո՞ւմ եք: Չեք ճանաչում, այսինքն՝ նրանք միայն գործիքներ են եւ ոչ թե գործիչներ»:

Պրն Բազեյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը շարունակում է մնալ իր կարծիքին, որ ճիշտ ուղին կուսակցությունների միավորումն է, կուսակցությունների ուժեղացումը, եւ իր քայլը՝ բանակցել ՀՌԱԿ-ի կամ «Դաշինքի» հետ, ամենեւին ուղղված չէ նախագահական ընտրություններին, այլ ուղղված է ապագային: Պրն Բազեյանը տեղեկացրեց նաեւ, որ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նախագահի թեկնածու չունի, եւ եթե որեւէ մեկն այս կուսակցությունից ցանկություն ունի առաջադրվել նախագահի թեկնածու, կարող է այդ բանն անել քաղաքացիական նախաձեռնությամբ:

Հ. Գ. Երեկ Ալբերտ Բազեյանը զանգահարել է Շիրակի մարզային կառույց եւ տեղեկացել, որ Սիմոն Գրիգորյանի եւ մյուսների տարածած հայտարարության մասին կառույցի ոչ մի անդամ տեղյակ չէ: Իսկ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը չի պատասխանել կուսակցության նախագահի հեռախոսազանգերին: Էջմիածնի կառույցի ղեկավարի տնից էլ փոխանցել են, որ հիվանդ է եւ չի կարող զրուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել