Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԱԿՈՒՄ Է «ՈՍԿԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ»

Սեպտեմբեր 19,2007 00:00

Երեկ Երեւանում հերթական փոխհրաձգություն է եղել, կա երեք վիրավոր:

Եվ ինչպես սովորաբար լինում է հայաստանյան իրականության մեջ, փոխհրաձգության մասնակիցներից մեկը դարձյալ մեր հասարակությանը ոչ անհայտ մի գործչի, տվյալ դեպքում՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ «Ծաղիկ Ռուբոյի» հարազատներից մեկն է: Բայց ամեն ինչ սկսենք հերթով: Երեկ, ժամը 13.00-ին, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի 10-րդ շենքում գտնվող «Նաղաշ» թոնրատան դիմացից, իսկ «Առավոտի» տվյալներով՝ Ռ. Գեւորգյանի տան մոտակայքից, հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել նույն թաղամասի երեք բնակիչներ: Նրանցից մեկը՝ 1980թ. ծնված Ռուսլան Բաղդասարյանը, որը մեր աղբյուրների փոխանցմամբ, «Ծաղիկ Ռուբոյի» հարազատ քրոջ որդին է, վնասվածք է ստացել որովայնի շրջանում, 1968թ. ծնված Գագիկ Վարդանյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի միջին երրորդ աստիճանի հրազենային վնասվածքներով եւ ստորին անոթների արյունահոսությամբ եւ 1990թ. ծնված Վանուշ Վարդանյանը՝ ներքին արյունահոսությամբ ու ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով: Ի դեպ, Գագիկ եւ Վանուշ Վարդանյանները հայր ու որդի են: Ռ. Բաղդասարյանն ու Վ. Վարդանյանը վիրահատվել են: Համաձայն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրության, մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել եւ առգրավել է 5,45 մմ տրամաչափի պարկուճներ եւ որսորդական հրացանի 1 պարկուճ:

«Առավոտի» տեղեկություններով, իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արդեն պարզվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որին հայտնաբերել դեռ չի հաջողվել:

Իրավապահները հանցագործությունը կատարելու կասկածանքով փնտրում է Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Խոսրովիկ Հովհաննիսյանին: Վերջինիս տանը խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է ինքնաշեն ինքնաձիգ: Իրավապահները լուրջ կասկածներ ունեն, որ հանցագործությունը կատարվել է հենց այդ զենքով: Ոստիկանության մեր աղբյուրները հավաստիացնում են, որ տեղի ունեցածը ոչ թե փոխհրաձգություն, այլ մեկ անձի կողմից երեք քաղաքացու վրա կրակելու արդյունք է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել