Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ «ՖԻՐԴՈՒՍՑԻՆԵՐԻՆ»

Սեպտեմբեր 19,2007 00:00

«Խորին շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ պարոն վարչապետ, եւ Ձեզ՝ պարոն քաղաքապետ, տասնամյակներ տիրապետվող գույքի նկատմամբ մեր իրավունքները վերականգնելու համար:

Դուք Ձեր գործողություններով հավատ եւ վստահություն ներշնչեցիք իշխանությունների նկատմամբ: Վստահեցնում ենք Ձեզ, որ Դուք ձեռք եք բերել մի ամբողջ թաղամասի հարգանքը եւ պատրաստակամությունը՝ հնարավորինս աջակցել բոլոր հարցերում»,- սա ընդամենը հատված է շնորհակալական այն տեքստից, որը հանրապետության վարչապետը եւ քաղաքապետը գրավոր օրինակով դեռ կստանան: Իսկ հեղինակը մայրաքաղաքի 33-րդ թաղամասի բնակիչներն են, ովքեր այսօր հյուրընկալել էին քաղաքապետ Երվանդ Զախարյանին: Քաղաքապետը պատասխան խոսքում վարչապետի եւ իր անունից խոստացավ, որ մոտ ժամանակներս բոլոր խնդիրները վերջնական լուծում կստանան, նվազագույնի կհասցվեն դատական կարգով լուծելի վեճերը:

Քաղաքապետի այցի հիմնական նպատակը, այսպես ասած, ստուգողական էր: Դեռ Ազգային ժողովի ընտրություններից առաջ թաղամասի բնակիչները հարց էին բարձրացրել իրենց գույքի սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ, եւ հանրապետության վարչապետը խոստացել էր օրենքի սահմաններում լուծում տալ դրանց: Արդեն քաղաքապետի եւ թաղամասի բնակիչների հանդիպումից հետո ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի ղեկավարությամբ: Ի դեպ, այսօրվա հանդիպման ժամանակ բնակիչները դրական էին արտահայտվում նաեւ հանձնաժողովի ղեկավարի ու մյուս անդամների մասին, ովքեր համբերատար լսել են իրենց եւ ըստ ամենայնի ջանում են լուծումներ գտնել:

Ֆիրդուսի թաղամասում 238 սեփականատերեր կան, որոնցից 135-ի մասով արդեն չափագրման աշխատանքներն ավարտվել են, իսկ 65-70 սեփականության իրավունքները ճանաչվել են: Մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն մոտակա 20 օրերի ընթացքում: «20 օր հետո Ֆիրդուսի թաղամասում սեփականության հետ կապված որեւէ խնդիր մենք արդեն չենք ունենա»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը եւ հավելեց, որ հանդիպման ժամանակ քաղաքացիների կողմից բարձրացված առանձին հարցերի վերաբերյալ հանձնաժողովին հանձնարարվել է մեկ անգամ էլ ուսումնասիրել եւ առաջարկներ ներկայացնել, նվազագույնի հասցնել դատական կարգով լուծելի հարցերը: Իսկ եթե կլինեն քաղաքացիներ, որոնց հարցերը բաց կմնան՝ քաղաքապետը խոստանում է անձամբ ընդունել նրանց եւ լուծումներ գտնել:

Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետության վարչապետը այցելել է նաեւ մայրաքաղաքի Նորագյուղ, Կոզեռն եւ Կոնդ թաղամասեր: Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել են լրացուցիչ հանձնախմբեր, որոնք մայրաքաղաքի յոթ հատվածներում ուսումնասիրում են տասնամյակներ շարունակ առանց սեփականության իրավունքի օգտագործվող գույքը: Կոնդում ավարտին կհասցվեն կիսատ մնացած աշխատանքները: Այդ թաղամասում ճանաչվել է 535 սեփականության իրավունք: Կոզեռնում արդեն աշխատանքներն ավարտված են: Վերջերս սկսվել են Նորագյուղի աշխատանքները: Այնտեղ մոտ 2000 գույքային միավորներ կան, որոնցից 60 գույքի մասով չափագրումներն ավարտվել են: Նման աշխատանքներ են տարվում նաեւ Մյասնիկյան պողոտային հարող աջակողմյան եւ ձախակողմյան տարածքներում, Նորքի այգիներում, Շենգավիթ համայնքի Ներքին, Վերին Չարբախ թաղամասերում ու Մանանդյան փողոցի որոշ հատվածներում: Աշխատանքների ավարտից հետո բնակիչները կստանան համապատասխան փոխհատուցումներ՝ ըստ իրենց նախասիրությունների՝ բնակարանային, գույքային: Կոնկրետ 33-րդ թաղամասը մրցույթի է դրվել ամբողջությամբ, կառուցապատողը հայտնի է: Թաղամասում կկառուցվեն բնակելի տներ, սպասարկման, կուլտուր-կենցաղային օբյեկտներ, մանկապարտեզ, հանգստի եւ առեւտրի գոտիներ, զբոսայգի: Հանդիպման ժամանակ բնակիչները հայտնեցին նաեւ իրենց դժգոհությունները չափագրման աշխատանքներից: Ըստ Երվանդ Զախարյանի. «Յուրաքանչյուր գույք շատ մանրամասն պետք է չափագրվի: Չափագրման աշխատանքները պետք է արվեն առանց շտապելու եւ շատ ճիշտ, որպեսզի քաղաքացիների մոտ դժգոհություններ չառաջանան»:

5 աշխատանքային խմբերն իրենց գործը կշարունակեն այնքան, մինչեւ մայրաքաղաքի մասշտաբով նման հարցերը լուծում ստանան, անկախ նրանից՝ տվյալ տարածքն իրացման գոտիներում ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ: «Քաղաքացիները տասնամյակներ շարունակ բնակվել են այդ տարածքներում, իրենց իսկ կառուցած շինություններում, եւ այսօր մենք ուղղակի պարտավոր ենք դրանց համապատասխան իրավական լուծումներ տալ»,- ասում է պարոն Զախարյանը: Հարցը չի վերաբերում այն ինքնակամներին, որոնք կառուցվել են վերջին տարիներին պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի վրա: Գործող օրենքի համաձայն, դրանք համարվում են պետական սեփականություն, որոնց հետագա ճակատագիրը տնօրինում է քաղաքապետարանը՝ ելնելով քաղաքաշինական եւ շինարարական նորմերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել