Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԳՈՎԵՑ ԴՐՍԻ ՓՈՐՁԸ

Սեպտեմբեր 19,2007 00:00

\"\"Եվ հայտարարեց, որ հուլիսի 1-ի ավարտական քննություններում խախտումներ չեն եղել

Գիտակրթական զանազան միջոցառումների ժամանակ կրթության ոլորտի եւ ԿԳ նախարարության տարբեր «տրամաչափի» ներկայացուցիչներ խոսում են կրթության զարգացման ծրագրի ու կրթության տեսլականի մասին: Օրինակ, վերջերս ծաղկաձորյան մի սեմինարի ժամանակ ԿԳ նախարարության զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը հայտարարեց, որ եթե ուզում ենք որոշակի դիրք ունենալ կրթական գլոբալ քաղաքականության մեջ, պետք է մասնակիցը լինենք միջազգային գործընթացներին՝ չվնասելով մեր արժեհամակարգը: Նաեւ շեշտեց, որ դրա համար շատ կարեւոր է ունենալ մրցունակ ինքնություն: ԿԳ նախարարության մեկ այլ պաշտոնյայի՝ Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավար Կարեն Մելքոնյանի հետ միասին պրն Ստեփանյանը բացատրեց, որ մրցունակ ինքնությունը հայերի՝ կրթության հանդեպ ունեցած մեծ հակումն է: «Երբ աֆրիկյան ժանտախտից խոզերը սատկում էին, մարդիկ փոխանակ այդ կորուստը ողբալու, ափսոսում էին, որ խոզերի գումարով էլ չեն կարող երեխաներին կրկնուսույցների մոտ պարապելու տալ՝ բուհ ընդունվելու համար»,- փաստեց Կ. Մելքոնյանը: Սակայն նրանց երկուսին էլ չհաջողվեց տալ մի հարցի պատասխան՝ օտարի կողմից պարտադրվածը ներդնելով մեր կրթահամակարգ, ինքներս ի՞նչ կարող ենք առաջարկել նրանց:

Երեկ Ճարտարագիտական համալսարանում նման մի միջոցառում էր կազմակերպված (ՀՊՃՀ)՝ «Ստրատեգիական պլանավորումը բարձրագույն կրթության բնագավառում. Ժամանակակից փորձ եւ հեռանկարներ» թեմայով, որին մասնակցում էին եվրոպական համալսարանների ռեկտորներ ու խորհուրդ տալիս օգտվել իրենց փորձից: Խորհրդաժողովը կազմակերպվել էր TEMPUS-TACIS JEP 25058-2004 նախագծի շրջանակներում, որի մասնակից համալսարաններն են՝ ՀՊՃՀ-ն, Ճենովայի (Իտալիա), Գրենոբլի «Պիեռ Մենդես» (Ֆրանսիա), Մալթայի համալսարաններն ու Կալիֆոռնիայի պոլիտեխնիկը: Միջոցառման մասնակիցները հայտնեցին, որ ծրագրի նպատակն է նպաստել ՀՊՃՀ-ի զարգացմանը, մշակել ծրագրեր ՀՊՃՀ տարածաշրջանային մասնաճյուղերի դեպարտամենտների համար, գնահատել եւ վերանայել բուհի գործող ստրատեգիական պլանը եւ այլն: ՀՊՃՀ ռեկտոր Ո. Մուրուխյանն ասաց, որ ստրատեգիական պլանավորման այս ծրագիրը նպաստել է համալսարանի կառավարման գործընթացների ու որակի արդյունավետության բարձրացմանը. «Ժամանակակից հասարակությունը պահանջում է մասնագետների պատրաստման գործընթացի կրթական առաջնությունների տեղաշարժ: Այսօր Բոլոնյան գործընթացը թափ է առնում: Բուհական միջավայրում թեպետ դանդաղորեն, բայց աճում է այն գիտակցությունը, որ ապագայում բարձրագույն կրթության դերը ոչ միայն կուժեղանա, այլեւ կփոխվի»: ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը նույնպես գովեց ծրագիրը. «Այս ծրագիրն առաջին փորձն է Հայաստանում, բայց մեկ տարվա ընթացքում արդեն ունեցել է իր դրական արդյունքները: Հաջորդ քայլը կլինի ծրագրի հստակեցումը: Եթե մենք բոլորս միասին գնանք մեկ ճանապարհով ու այդ ճանապարհին չունենանք շրջադարձեր կամ քանդման գործընթացներ, ապա քայլ առ քայլ կմոտենանք ճիշտ նպատակակետերին: Մեր հիմնական նպատակը կրթության որակի ապահովումն է եւ կրթական ծառայություններ մատուցող տարածաշրջանային նշանակության երկրի կարգավիճակի պահպանումը… Շուտով կմտնենք եվրոպական ռեյտինգային համակարգ: Ես կուզենայի, որ իմ գործընկերները հատկապես շեշտադրում կատարեին այն աշխատաոճի վրա, որը որդեգրված է եվրոպական հանրույթի կողմից»:

«Առավոտը» հանրակրթությանը վերաբերող հարցով դիմեց ԿԳ նախարարին: Հարցին, թե ԳԹԿ ներկայացուցիչ Կարո Նասիբյանը վերջերս մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ, ըստ հուլիսի 1-ի քննությունների արդյունքների, իրենք ունեն հանրապետության բոլոր դպրոցների պատկերները, ե՞րբ է նախարարությունը պատրաստվում հրապարակել դրանք եւ ի՞նչ է սպասվում այն տնօրեններին, որոնք զանազան խախտումների առումով, ըստ Նասիբյանի, չափն անցել են, պրն Մկրտչյանը պատասխանեց. «Դպրոցների պատկերը կտպենք, կհրապարակենք: Արդյունքները դեռ ամփոփվում են: Բանն այն է, որ ավարտական քննությունը Հայաստանի ողջ տարածքում անցկացնելը բավական դժվար էր: Իսկ թերությունները զուտ կազմակերպչական են եղել՝ կոդերի փակցնել, տեղերի եւ տետրերի շփոթում եւ այլն: Համաձայն չեմ, թե չարաշահումներ են եղել: Եթե պարոն Նասիբյանը կոնկրետ նշի հասցեն, ինձ համար հետաքրքիր կլինի»:

Մեր հաջորդ դիտարկմանը, թե Մատենադարանի հարցը կարծես «քնել» է, նախարարը պատասխանեց. «Չի քնել: Մատենադարանն իր ծրագիրը մշակել է: Վերջինիս միջոցով թվանշայնացման եւ մյուս խնդիրները կկարգավորվեն: Հայտնի պայմանագիրն էլ չեղյալ է համարվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել