Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԳԵՐԽՆԴԻՐԸ ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է»

Սեպտեմբեր 20,2007 00:00

\"\"Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը վստահեցնում է, որ Հանրապետականն ամեն ինչ անելու է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

– Պարոն Աբրահամյան, նախընտրական աշունն արդեն մեկնարկել է եւ շատ քաղաքական ուժեր բավականին ակտիվ նախապատրաստվում են նախագահական ընտրություններինL: Ինչպես երեւում է, թեկնածուների պակաս չի լինելու. որպես իշխող կուսակցություն, չե՞ք անհանգստանում, որ նախագահի տեղի համար շատ մարդիկ են պայքարելու:

– Նախագահի աթոռի համար պայքաը լիմիտավորված չէ եւ 35 տարին լրացած ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է առաջադրվել նախագահի թեկնածու: Հարցը այստեղ այլ է. ըստ իս, ընտրությունից ընտրություն ակտիվացող որոշ գործիչներ, որոնք հայտարարում են նախագահական ընտրություններին մասնակցելու իրենց հավակնությունների մասին, առաջնորդվում են զուտ օլիմպիական սկզբունքով՝ կարեւորը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը: Հակառակ դեպքում, ես որեւէ այլ, առավել ռեալ հիմք չեմ տեսնում այդ գործիչների անհարկի եւ չհիմնավորված ակտիվության համար: Ինչ ասեմ, թող փորձեն. երեւի թե կենսագրության մեջ՝ «առաջադրվել է նախագահի թեկնածու» պարբերությունը շոյում է որոշների ամբիցիաները, եւ մարդիկ որոշել են իրենց կենսագրության մեջ այդ մի «պտիչկան» էլ դնել:

– Այսինքն՝ ուզում եք ասել, որ ձեր թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակն անխուսափելի՞ է ու մնացած թեկնածուները չփորձեն անգամ առաջադրվե՞լ:

– Վերջին խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության ստացած վստահության քվեն, կառավարության վերջին տարիների կատարած լրջագույն աշխատանքը, ինչպես նաեւ այն ծրագրերը, ինչը կառավարությունն առաջիկայում ներկայացնելու է հանրությանը, այդ ամենը մեզ վստահություն են տալիս պնդելու, որ մեր թեկնածուն անպայման հաղթելու է առաջիկա նախագահական ընտրություններում: Ինչ վերաբերում է մնացած հնարավոր թեկնածուներին, արդեն ասացի՝ բոլորն ազատ են իրենց գործողություններում:

– Գաղտնիք չէ, որ քաղաքական ընդդիմությունը ձեր նշած նախադրյալներից հիմնականը համարել ու առաջիկա նախագահական ընտրություններում եւս համարում է ընտրակեղծիքները: Այս անգամ չե՞ք կեղծելու:

– Ես հարկ չեմ համարում մեկնաբանել նման անհեթեթությունները, որովհետեւ, որքան հետեւում եմ քաղաքական գործընթացներին, ձեր նշած քաղաքական ընդդիմությանը ոչ մի տեղ չեմ տեսնում: Եթե ընդդիմություն ասելով դուք նկատի ունեք տարբեր սրճարաններում դատարկ խոսակցություններով զբաղվողներին, ապա ես ձեզ հետ համաձայն չեմ: Եթե ընդդիմություն ասելով դուք նկատի ունեք բարիկադներով ու հեղափոխություններով պարբերաբար սպառնացողներին, դարձյալ համաձայն չեմ: Ցավոք, հայաստանյան հիմնական ընդդիմադիր ուժերը այդպես էլ չկարողացան վեր կանգնել անձերի դեմ կույր եւ անպտուղ պայքարից ու իրենց սխալ գործողությունների արդյունքում հայտնվեցին քաղաքական լուսանցքում: Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, ապա միջազգային կառույցների գնահատականները վերջին խորհրդարանական ընտրություններին հայտնի են, եւ այդ կառույցները, որոնք առանձնապես շռայլ չեն իրենց գովեստներում, առաջին անգամ նման լուրջ գնահատական տվեցին հայաստանյան ընտրություններին: Հիմա մեր խնդիրը հետեւյալն է, եւ այդ մասին խոսել է նաեւ հանրապետության վարչապետը՝ առաջիկա նախագահական ընտրություններում պետք է շտկված լինեն այն որոշ թերությունները, որոնք արձանագրվել էին խորհրդարանականի ժամանակ: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ նույնիսկ ժողովրդավարական բազմամյա ավանդույթ ունեցող երկրների ընտրությունները զերծ չեն թերություններից: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք հույս ունեն, թե առաջիկա ընտրություններում կեղծիքներ են լինելու, իրենք էլ վազելու են Մատենադարանի հարթակ, որ ժողովրդին առաջնորդեն գունավոր հեղափոխություններ անելու, բոլոր նրանց պիտի հիասթափեցնեմ. մեզանից կախված ամեն ինչ մենք անելու ենք ազատ եւ արդար ընտրություն ապահովելու համար, իսկ վստահության նման բարձր քվե ունեցող կուսակցությունից, այո, շատ բան է կախված:

– Ձեր գործընկեր Դաշնակցության պահվածքը ձեզ համար հասկանալի՞ է:

– Անկեղծ ասած՝ ոչ այնքան: Լինելով կառավարության մաս՝ Դաշնակցությունը հայտարարում էր, թե իրենք ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն. իրենք այդ երկուսի այլընտրանքն են: Որքան տեղյակ եմ, վերջին օրերին ՀՅԴ ղեկավարներից մեկն էլ հայտարարել է, թե իրենք դրական ընդդիմություն են: Երբ որ Դաշնակցությունը վերջնականապես կկողմնորոշվի, թե որտե՞ղ է իր տեղը, այդ ժամանակ էլ, թերեւս, կարելի է նրանց գործողություններին գնահատական տալ: Իսկ ինչ վերաբերում է նախագահի՝ միանգամից երկու թեկնածուի անուն տալուն, ես մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե այդ երկու թեկնածուները ի՞նչ մեթոդներով են իրար դեմ մրցելու, որպեսզի մինչեւ նոյեմբեր կուսակցությունը կարողանա որոշել առավել արժանավորին: Բայց, իհարկե, դա Դաշնակցության ներքին գործն է:

– Ձեր կուսակցության շարքերում այսօր կան մեծ թվով մարդիկ, ովքեր ժամանակին եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում: Հիմա, եթե ՀՀ առաջին նախագահը առաջադրվի նախագահի թեկնածու, ՀՀԿ-ում հերթական առնետավազք չի՞ սկսվի:

– Ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ո՛չ էլ որեւէ այլ թեկնածուի առաջադրումը չի կարող մեր կուսակցության ներսում որեւէ խնդիրներ առաջացնել: Այո, ժամանակին Հանրապետականը «Հանրապետություն» բլոկի կազմում սատարել է առաջին նախագահին, սակայն քաղաքական իրողություններն այսօր բոլորովին այլ են եւ պետք է առաջնորդվել ռեալ իրողություններով, այլ ոչ թե հիշել, թե ով, երբ եւ ում է սատարել: ՀՀԿ-ն այսօր ունի իր ծրագրերը, իր առաքելությունը եւ նախագահի իր թեկնածուն:

– Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվում է, ակնհայտորեն դուք այլ ռազմավարություն եք որդեգրելու: Կարծում եք ձեր թեկնածուն ավելի՞ ուժեղ է, քան առաջին նախագահը:

– Մենք մեր ռազմավարությունը չենք պայմանավորում այլ թեկնածուներով, եւ անկախ նրանից, թե ով եւ ովքեր են լինելու ՀՀԿ-ի թեկնածուի մրցակիցները, մեզ համար դա որեւէ բան չի փոխում: Ինչ վերաբերում է համեմատություններին, մենք չենք համեմատում, մենք ուղղակի ասում ենք, որ մեր թեկնածուն հաղթող թեկնածու է: Եվ հետո, կարծում եմ, ճիշտ կլինի, որ իր հնարավոր առաջադրման կամ նման լուրերի անլրջության մասին այսքան համառորեն խոսեն ոչ թե ուրիշները, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը:

– Ըստ որոշ լուրերի, նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի նախընտրական շտաբի պետը դուք եք լինելու:

– Երբ հանրապետության նախագահը կնշանակի նախագահական ընտրությունների օրը եւ համաձայն ժամանակացույցի՝ կձեւավորվեն թեկնածուների նախընտրական շտաբները, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ով է գլխավորելու ՀՀԿ-ի թեկնածուի ընտրական շտաբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել