Լրահոս
Օրվա լրահոսը

Փոթորիկ՝ մի բաժակ ջրում

Սեպտեմբեր 20,2007 00:00

ՀԱԿ-ում չեղած տեղից կրքեր են բորբոքվում

«Առավոտի» երեկվա հրապարակումներից մեկը՝ «Հեռանում է՝ մնալով», որն անդրադարձ էր Հայաստանի առաջադիմական կուսակցությունում տեղի ունեցող խմորումներին, որոնք, ի դեպ, մեկնաբանել էր հենց ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը, նրա կուսակիցների շրջանում տարակուսանք էր առաջացրել: Երեկ խմբագրություն այցելած ՀԱԿ մի քանի անդամները, որոնք ներկուսակցական որոշակի տարաձայնություններ ունեն Տ. Ուրիխանյանի եւ վարչության անդամներից մի մասի հետ, եւ որոնց ՀԱԿ նախագահը բնութագրել էր իբրեւ կուսակցությունը համալրած «նախկինում ձախակողմյան համոզմունքներ ունեցող քաղաքական գործիչներ», հայտարարեցին, թե Ուրիխանյանի գործունեությունն իրենց հասկանալի չէ: ՀԱԿ վարչության անդամ եւ նախագահի տեղակալ, նախկին կոմունիստ Ռուբեն Ահարոնյանը կրկնեց Տ. Ուրիխանյանի հայտարարությունը, թե կուսակցության ներսում ոչ մի պառակտում չկա: Նրա ձեւակերպմամբ, կա առանձին հարցերում իրար չհասկանալու խնդիր, որը կարելի է ձեւակերպել որպես տարաձայնություն: Բանն այն է, որ, ըստ Ռ. Ահարոնյանի, արդեն երեք անգամ անհասկանալի շարժառիթներով եւ առանց պատճառաբանությունների, Տ. Ուրիխանյանի միանձնյա որոշմամբ, հետաձգվել է կուսակցության համագումարը, թեեւ ՀԱԿ-ի կանոնադրությամբ այդ հարցը որոշում է կուսակցության վարչությունը՝ ձայների պարզ մեծամասնությամբ: «Մեր առաջարկն էր, որ կուսակցության ընդլայնումից հետո վարչության կազմի եւ կուսակցության նախագահի նոր ընտրություններ լինեն: Համագումարը նախ հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 8-ը, հետո՝ 20-ը, հիմա տեղափոխվեց նոյեմբերի 3-ին: Եթե համագումարը սեպտեմբերի 22-ին չի կայանում, ապա հոկտեմբերի 6-ի կողմերը մենք հանրահավաք ենք անցկացնելու կուսակցության գրասենյակի մոտ, եւ եթե վարչությանը չհաջողվի համագումար անցկացնելու որոշում ընդունել, մենք պահանջելու ենք վարչության ամբողջ կազմի եւ կուսակցության նախագահի հրաժարականը, որից հետո արտահերթ համագումար կհրավիրենք, ու վարչությունը կորոշի, թե երբ է անցկացվելու համագումարը: Տ. Ուրիխանյանին էլ չենք լսելու»,- հայտարարեց ՀԱԿ վարչության փոխնախագահը, որը հավելեց, որ կուսակցությունում իրենց հարող թեւը պատրաստ է աշխատել այն նախագահի հետ, որը համագումարում կընտրվի, անգամ՝ Տ. Ուրիխանյանի: Համագումար անցկացնելու հրատապությունը դրա կողմնակիցները պատճառաբանում են նաեւ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ ՀԱԿ-ի դիրքորոշումները ճշգրտելու, նախագահի իրենց նախընտրած թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին (իսկ այդ հարցում ՀԱԿ-ում տարաձայնություններ չկան), կուսակցության ծրագիրը ներկայացնելու եւ այդ ծրագիրը կենսագործելու շուրջ նրա համաձայնությունը ստանալու անհրաժեշտությամբ: «Հստակ է, որ մենք պաշտպանելու ենք Ս. Սարգսյանին, 100 տոկոսով, բայց մենք ունենք կուսակցություն, դիրքորոշում եւ ուղղակի չենք պաշտպանելու: Որպես կուսակցություն պետք է ինչ-որ պահանջներ ներկայացնենք, ծրագիր: Ասենք, թե ինչի՞ ենք պաշտպանում»:

Տ. Ուրիխանյանը մեր թերթում ակնարկել էր, թե ներկուսակցական տարաձայնության պատճառն այն է, որ վարչության առանձին անդամներ, «մարդիկ ավելի կոշտ, կոնկրետ, պահանջատիրական կերպով աշխատելու կողմնակից են», «աշխատանքներ են ուզում գործադիր իշխանությունում, կուսակցության հետագա գործունեությունն են ուզում ապահովագրել… ես պայմաններ չեմ առաջադրում»: Հակառակ սրան՝ ինչպես ՀԱԿ փոխնախագահ Ռ. Ահարոնյանը, այնպես էլ ՀԱԿ վարչության քարտուղար Նունե Ղումաշյանը հավաստիացրին, որ իրենք նման ակնկալիքներ չունեն: Ըստ նրանց, իրենք ուզում են, որ կուսակցությունը հզոր լինի, բայց կասկած ունեն, որ համագումարի հետաձգումը մինչեւ նոյեմբերի 3-ը կուսակցությունը թուլացնելու միտում ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել