Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Սեպտեմբեր 20,2007 00:00

Հայաստանի դրոշը բարձրացվեց Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ վերջապես բարձրացվեց մեր եռագույնը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ օրը 120 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Յուրի Պատրիկեեւը արժանացավ բրոնզե մեդալի՝ միեւնույն ժամանակ մեր հանրապետության համար նվաճելով օլիմպիական երկրորդ ուղեգիրը հունահռոմեական ոճի ըմբշամարտում:

Առաջին գոտեմարտում Յուրին հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Չելիձեին, երկրորդում՝ լիտվացի Միզգաիտիսին եւ 1/8-րդ եզրափակիչում զիջեց կուբացի Լոպեսին, որը հետագայում մտավ եզրափակիչ, իսկ ավելի ուշ դարձավ աշխարհի չեմպիոն: ՖԻԼԱ-ի կանոնակարգի համաձայն, նման դեպքում պարտվող մարզիկը սփոփիչ մրցաշարի մասնակցելու, անգամ բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու իրավունք է ստանում, եթե «իրեն նեղացրած» մրցակիցը հասնում է մինչեւ եզրափակիչ: Նման հնարավորություն ընձեռվեց հենց Պատրիկեեւին, որն էլ դրանից օգտվեց գերազանց՝ բրոնզե մեդալի ճանապարհին առավելության հասնելով գորգի տերերից Ադրբեջանի հավաքականի լեգեոներական, ռուսաստանցի Անտոն Բոտեւին:

Հայաստանցի հունահռոմեականներն անհատական դասակարգումում գրավեցին այսպիսի տեղեր.

3. Յուրի Պատրիկեեւ՝ 120 կգ

24. Ռոման Ամոյան՝ 55

28. Խոսրով Մելիքյան՝ 60

5. Արման Ադիկյան՝ 66

21. Արսեն Ջուլֆալակյան՝ 74

14. Դենիս Ֆորով՝ 84

17. Արման Գեղամյան՝ 96:

Երեկ մեկնարկեց նաեւ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցագորգ մտած Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ եւ Արմեն Կարապետյանը՝ 60, պարտվեցին եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Ոչ մի հարցազրո՞ւյց

\"\"Հասկանալի պատճառներով Բաքվում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության ընթացքում Հայաստանի մարզական պատվիրակության յուրաքանչյուր անդամ հատուկ ուշադրության կենտրոնում է՝ բոլոր առումներով, այդ թվում նաեւ լրատվամիջոցների: Սակայն, ըստ ադրբեջանական «APA Sport»-ի երեկ տարածած տեղեկատվության, Հայաստանի ազգային հավաքականների անդամներին արգելված է հարցազրույցներ տալ:

Ցավոք, ինտերնետային կայքի ինֆորմացիայից օգտվելու իրավունքները խիստ սահմանափակ են: Դրա համար լրացուցիչ մանրամասներ տալու հնարավորություններ չունենք: Եթե նման որոշում կայացրել է մեր պատվիրակության ղեկավարությունը, պետք է ենթադրել, որ դա արվել է հավանական սադրիչ հարցերից խուսափելու համար:

ՖԻԼԱ-ն Ադրբեջանին խաբել է

Այս մասին հայտարարել է Բաքվում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմկոմիտեի անդամ, Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Խազար Իսաեւը: Նրա խոսքերով, Ադրբեջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում հայտավորված Շելվա Գազաբաձեն (Վրաստան, 84 կգ), Դենիս Միշինը (96 կգ) եւ Անտոն Բետովը (120 կգ, Ռուսաստան) մեկուկես տարի առաջ հանդես են եկել իրենց երկրների ազգային հավաքականներում: Մինչդեռ, ՖԻԼԱ-ի կանոնակարգով, այս կամ այն երկրի մարզական պատիվը պաշտպանած մարզիկը մեկ այլ երկրի հավաքականում հանդես գալու իրավունք ունի առնվազն երկու տարի հետո: «Մենք ՖԻԼԱ-ից աշխարհի առաջնությանն այս ըմբիշների մասնակցության բանավոր թույլտվություն ստացել էինք,- ասել է նա,-սակայն մրցումների ընթացքում միջազգային մարզական նույն կազմակերպության ներկայացուցիչները նրանց թույլ չտվեցին Ադրբեջանի ազգային հավաքականի կազմում մասնակցել աշխարհի առաջնությանը»:

Բաքվում Բուլղարիայի դրոշը չի բարձրացվել

Չնայած մինչեւ 74 կգ քաշայինների պայքարում նվաճած չեմպիոնական մեդալին, բուլղարացի հունահռոմեական ոճի ըմբիշ Յավոր Յանակիեւը պատվո պատվանդանից իջել է անտրամադիր, քանի որ պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ աշխարհի առաջնության կազմակերպիչները չեն գտել Բուլղարիայի օրհներգը եւ այն հնչեցնել ի պատիվ աշխարհի չեմպիոնի:

Առաջնությունն անչափ վատ է կազմակերպված

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը լուսաբանելու նպատակով Բաքու գործուղված ռուսաստանյան «Սպորտ-Էքսպրես» թերթի աշխատակից Ելենա Վոյցեխովսկայան, խոսելով մրցաշարի կազմակերպման մակարդակի մասին, հայտարարել է. «Առայժմ աշխարհի առաջնության բոլոր հյուրերն ավելի շատ խոսում են ոչ թե մարզական արդյունքների, այլ այս մրցաշարի կազմակերպչական սարսափելի վատ մակարդակի մասին»:

Կրկին Ադրբեջանի հետ

Նյոնում (Շվեյցարիա) կայացավ ֆուտզալի աշխարհի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը, որի արդյունքներով 6-րդ խմբում Հայաստանի մրցակիցներ դարձան Ադրբեջանը, Չեխիան եւ Ֆինլանդիան: Խմբի հանդիպումները կայանալու են եկող տարվա փետրվարի 23-ից մարտի 2-ը՝ Չեխիայում, որի միակ հաղթողն է մրցաշարի հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել