Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՏՂԱՆ ԱՄՈՒՍԻՆՍ ՉԷ»

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"\"Նառայի «Միայն դու» տեսահոլովակում նկարահանվել է նրա «Միստր Լիբանան» տիտղոսակիր տեգրը

Ի տարբերություն TV-ների՝ թերթերի ու ամսագրերի էջերում հազվադեպ «հանդիպող» երգչուհի Նառան սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ:

Երբ երգչուհուն հարցրինք, թե ինչու է խուսափում հարցազրույցներից, պատասխանեց. «Իմ անձնական կյանքը հրապարակման համար չէ, իսկ լրագրողները հիմնականում դրանով են հետաքրքրվում: Ինչ վերաբերում է ստեղծագործականիս, դրա համար կան մասնագետներ՝ երաժշտական քննադատներ: Խնդրեմ՝ պատրաստ եմ լսել երգարվեստիս վերաբերող մասնագետի ցանկացած դիտարկում ու քննադատություն»: Հարցին՝ ինչո՞ւ 1989-1992թթ. Կ. Օրբելյանի ջազ-նվագախմբի մեներգչուհին մինչ այսօր չունի ոչ մի CD, Նառան պատասխանեց, որ շուտով՝ ընդամենը 10 օրից, երաժշտական սրահներում իր արվեստի երկրպագուները կարող են ձեռք բերել «Միայն դու» խորագրով ալբոմը, որտեղ ընդգրկված են Կ. Օրբելյանի, Ա. Գրիգորյանի, Թաթայի, Ֆորշի, Է. Գյանջումյանի 8 երգերը, որոնց գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը (Մուրզիկ): Հետաքրքրությանը, թե ինչպես է պատկերացնում երգչուհին իր առաջին CD-ի շնորհանդեսը, ասաց, որ հանդիսավոր միջոցառում չի պատրաստվում կազմակերպել՝ չմանրամասնելով, թե ինչու: Նաեւ հայտնեց, որ CD-ն թողարկել է «Նառա պրոդակշընը»: Դատելով ալբոմում տեղ գտած երգերի հեղինակների անուններից՝ Նառային հարցրինք, թե ինչո՞ւ մյուսների պես չի կատարում իր երգիչ-գործընկերների ստեղծագործությունները: Նառան ասաց. «Ես քննադատ չեմ ու չեմ պատրաստվում գնահատական տալ այս կամ այն երգչի ստեղծագործությանը: Չգիտեմ, գուցե կգա դրա ժամանակը եւ ես էլ կդիմեմ երգահաններին: Առայժմ ազնվորեն անում եմ իմ գործը՝ կատարելով պրոֆեսիոնալների երգերը»:

Մեր զրուցակցին հայտնեցինք, որ թեեւ նոր է CD-ն թողարկում, բայց CD-ների ու DVD-ների վաճառակետերից միշտ էլ լսել ենք նրա ձայնը: Նառան ասաց, որ դա իր համար նորություն չէ, ուստի տեսնելով «պիրատների» բեղուն գործունեությունը՝ անգամ իր կատարումներով DVD-ներ են «արտադրել», որոշել է ստանձնել սեփական բարձրորակ CD-ի թողարկումը: Անդրադարձ եղավ նաեւ երգչուհու համերգային գործունեությանը: Իր խոսքերով՝ արվեստագետը տարիներ շարունակ ծավալում է հիմնականում բարեգործական համերգներ Հայաստանում եւ արտերկրում: Նախընտրում է աշխատել մտերիմ մարդկանց հետ. «Ընկերներս՝ լինի կոմպոզիտոր, բանաստեղծ, կլիպմեքեր, ինձ շատ լավ գիտեն, ուստի նրանց հետ համագործակցության շնորհիվ միայն կարելի է հասնել ցանկալի արդյունքի»: Երկու տարի առաջ Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Միայն դու» երգի տեսահոլովակը միանգամից սիրվեց: Շրջանառվում էին լուրեր, թե «տեսահոլովակի տղան» երգչուհու ամուսինն է, որը ժամանակին իր ծննդավայրում արժանացել է «Միստր Լիբանան» տիտղոսին: Նառան ասաց, որ իր տեսահոլովակում նկարահանվել է ոչ թե ամուսինը, այլ նրա եղբայրը, որը, իրոք, «Միստր Լիբանանն» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել