Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության դեմ խոսողը մարդ չէ»

Սեպտեմբեր 21,2007 00:00

Երեկ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն ու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, թեման՝ Անկախության 16-րդ տարելիցը: Պ. Հայրիկյանի ձեւակերպմամբ, այսօր Անկախության խորհրդի մասին խոսելն արդեն էական չէ, որովհետեւ ցանկացած դպրոցական ազգի համար այլ կենսակերպ չի էլ պատկերացնում. «Մարդը որպես մարդ ստեղծվել է ինքնորոշման, ազատ, անկախ լինելու իրավունքով: Ձեւականորեն կամ իրավաբանորեն մենք կատարյալ անկախ պետություն ենք՝ ենթակա միջազգային իրավունքին: Անկախության խորհուրդը սերունդն արդեն ընկալել է, Անկախության դեմ խոսող մարդը մարդ չէ»: Ռ. Դավոյանն էլ հայտնեց, որ ժամանակին ինքը վիրավորված է եղել անկախությունը հանրաքվեի «ենթարկելու» համար. «Թող տարօրինակ չթվա, բայց ես շատ վիրավորված էի: Դա նույնն է, թե մարդուն հարցնեն՝ օդն ու ջուրը, արեւի լույսը, հարազատ մորդ ընդունո՞ւմ ես: Այս հարցադրմանը մարդիկ նվաստացած վիճակով ստիպված եղան ասել՝ այո: Կարծում եմ՝ ամեն մարդու երազանքը մեկն է՝ լինել անկախ: Եվ հարցը քննության ենթարկելը շատ ծիծաղելի էր»: Ռ. Դավոյանի խոսքերով, անկախությունը ոչ թե ազգային, այլ մարդկային հատկանիշ է, եւ յուրաքանչյուր հայ իր մեջ կրում է այն:

Պ. Հայրիկյանը երեկ շեշտեց, որ սեպտեմբերի 21-ը ոչ թե Անկախության, այլ Ինքնորոշման օրն է. «Ամեն ազգ ունի մեկ անկախության օր, մերը մայիսի 28-ն է, մինչդեռ թյուրիմացաբար մեր Ինքնորոշման օրը՝ սեպտեմբերի 21-ը, կոչվում է Անկախության օր: Մենք ունենք նաեւ օգոստոսի 23, երբ ընդունվել է Անկախության հռչակագիրը»: ԱԻՄ նախագահի փոխանցմամբ, ցանկացած ազգի մեջ ինչպես անկախության գաղափարը, այնպես էլ մյուս բարձր արժեքները հայթայթվում են անհատների միջոցով. «Մեզանում Հայկազ Խաչատրյանն էր այն խիզախը, որ առաջ ընկավ բոլորից ու սերունդ կերտեց: Անկախության պայքարը սկսվել է Հայկազ Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ 1966 թվին: Անկախական շարժումը, որ հալածվում էր Սովետական Միությունում, հանգեցրել է արցախյան շարժման, Արցախի ու Հայաստանի ինքնորոշման: Իսկ շատերի այն պնդումը, թե արցախյան շարժումն է հանգեցրել անկախության, սխալ է: Ժամանակին Հայկազ Խաչատրյանն ասում էր, որ մեզանից անկախությունը բռնի են վերցրել ու պիտի հետ ստանալ այն»: Հայրիկյանի խոսքերով, մեզ պետք է ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստան. «Մի քանի հազար հոգով ձեռք բերվածը այնքան կայուն չէ, ինչը որ ձեռք է բերվում միլիոններով կամ էլ թեկուզ մի պարզ «այո» ասելով: Սարդարապատում կռվեց 20 հազար մարդ, բայց 1996 թվի սեպտեմբերի 21-ին իր վճռական «այո»-ն ասաց 2 միլիոնը: Պառլամենտական ուժերը ըստ էության համաձայն են եղել ինձ հետ՝ դեռ նախորդ Ազգային ժողովի կազմով, որ այս օրը պետք է կոչել Ինքնորոշման, իսկ մայիսի 28-ը՝ Անկախության օր»:

Այս ասուլիսի ժամանակ էլ Հայրիկյանը դժգոհեց, իր խոսքով՝ ոչ միայն քաղաքական միջակություններից ոււ Վազգեն Մանուկյանից, այլեւ այսօրվա ղեկավարներից, ձեռքի հետ էլ հաճոյախոսեց գալիք իշխանություններին. «Ցավալի է, որ մեր անկախության կարեւոր ուղղություններից մեկը՝ էներգետիկ անկախությունը, զիջել ենք Ռուսաստանին: Կարծում եմ, այս հարցերի մասին պետք է խոսել հենց Անկախության օրը: Մյուս կողմից էլ՝ վաղը կունենանք կարգին իշխանություն, եւ երկու, երեք ամսից նրանք այս հարցերը կլուծեն»: Ռ. Դավոյանն էլ հավելեց. «Եթե այսօրվա անկախությունը լիներ մեր երազածի նման, ապա այն հայերը, որոնք գտնվում են արտասահմանում, այսօր տեղը որքան էլ փոքր լիներ, նույնիսկ իրար գլխի լցված՝ կապրեին Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել