Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"\"Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչները հունիսին եղել էին Կարսում, ուսումնասիրել Կարսի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Իր դիտարկումներից մի հատված «Ասպարեզը» տրամադրել է «Առավոտին»:

Մեր առաջին ծանոթությունը Թուրքիայում խոշոր լրատվական գործակալությունների՝ «Դոգան Հաբեր Աժանսը» եւ «Իլհաս Հաբեր Աժանսը» լրատվական գործակալությունների թղթակիցներ Մուքքադիր Յարդըմջելի ու Բեդիր Ալթընըկի հետ էր: Մեր զրույցին միացած Գյումուշփալլա Քորտագը «Չարդաշ Կարս Հաբեր» օրաթերթի խմբագիրն էր: «Մենք մեր պապերից ենք լսել, որ այստեղ հայեր են ապրել: Ճիշտ է, այժմ մեր կառավարությունն է փակել սահմանը, բայց ինձ հետաքրքրում է նաեւ, թե ինչ է լինելու Թուրքիայի նկատմամբ անհանդուրժողականություն որդեգրած հայկական Սփյուռքի դիրքորոշման հետ»,- ասաց Գյումուշփալլա Քորտագը: Նրա համոզմամբ՝ երկու ժողովուրդների հաշտեցման գործում իրենց պարտականություններն ունեն լրագրողները, նրանք պետք է անչափ ակտիվ լինեն: Խմբագիրը հիշեց, որ պատանեկան տարիքում «հայ» բառը շրջապատում ընկալվում էր իբրեւ հայհոյանք, բայց այդ ժամանակներն արդեն մնացել են անցյալում. «Հային այժմ ընդունում են որպես ուրույն ժողովրդի, իսկ անձամբ ես՝ նաեւ որպես բարեկամի, բայց Օսկանյանը ֆաշիստ է»:

Ինչպես ներկայացրին մեր գործընկերները, Կարսում լույս է տեսնում 9 օրաթերթ. «Չարդաշ Կարս Հաբեր» (տպաքանակը՝ 600), «Սերհատ Կարս» (300-450), «Օլչեկ» (300-400), «Դենգե» (100-150), «Կարս փոստասը» (150-250), «Հալկ» (150), «Բոռա» (150-200), «Հուր Յուրտ» (150-200), «Օնդուր» (300): Այսինքն՝ 78500 բնակչություն ունեցող Կարսում օրական սպառվում է 2300-2600 օրինակ տեղական թերթ: Կարսի օրաթերթերը լույս են տեսնում շաբաթը 6 օր, ամառային կամ ձմեռային արձակուրդներ չկան: Թերթերը տպվում են օֆսեթ եղանակով, սեւ-սպիտակ են, 1-2 տպագրական ծավալ (4-8 էջ)՝ գինը 10-25 ղուրուշ կամ 0,25 թուրքական նոր լիրա՝ 26-65 դրամին համարժեքի միջակայքում: Թուղթն էլ է Թուրքիայում արտադրվում, ներկանյութերն էլ: Մեր այն հարցերին, թե արդյոք թերթի գործը գործարարության տեսանկյունից իմաստ ունի՞ Կարսում, իսկապե՞ս եկամտաբեր է, զարգացում կամ առաջխաղացում կա՞ այստեղ, զրուցակից խմբագիրներն էլ պատասխանում էին, որ, իսկապես, առաջընթաց կա, չնայած խիստ մրցակցությանը:

Թերթերը հիմնականում իրացվում են բաժանորդագրությամբ, օրինակ՝ այդպես է իրացվում «Կարս Հաբերի» 600 տպաքանակից 400-ը: Կեսօրն անց, Կարսի կենտրոնական կրպակներում եւ վաճառակետերում կարելի էր միայն կենտրոնական թերթերը գնել, տեղականների փոքր խմբաքանակները սպառված էին: Ընտրությունների ընթացքում տեղական թերթերի տպաքանակը, որպես կանոն, աճում է 70-80%-ով: Թերթերը երկու հարկատեսակով են հարկվում՝ 25% ԱԱՀ եւ 18% շահութահարկ: Կարսի թերթերի խմբագրությունները տեղավորված են 1 կամ, լավագույն դեպքում՝ 2 սենյակում, ունեն 1-2 համակարգիչ, սեփական լրագրող ունենալը շռայլություն է, հիմնական հոդվածագիրը թերթի խմբագիրն է: Թերթերից մի քանիսը տպագրական մեքենաներ ունեն, որոնք 1-2 վարպետ, ենթավարպետ են աշխատեցնում: Կարսում լույս տեսնող թերթերից ամենահինը 50-ամյա «Հուր Յուրտն» է:

Ըստ «Օլչեկ» օրաթերթի խմբագիր Սալիհ Շահինի, մամուլի պետական վերահսկողության խստացումից հետո մամուլը տուժեց. հրապարակումները նվազ հետաքրքիր դարձան, տպաքանակը կրճատվեց: Թերթի հրատարակման համար պահանջվում են նահանգապետի եւ դատախազության թույլտվությունները: Եթե նահանգապետին դուր չի գալիս որեւէ հոդված, նա կարող է արգելել տվյալ թերթի տպագրումը, իսկ ոչ ճիշտ տեղեկատվության տարածման դեպքում միջամտում է դատախազությունը, ընդհուպ մինչեւ դատական գործի հարուցում:

Կարսում գործում է 1 հեռուստաընկերություն՝ քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող «Սերհատը-TVR», որը հիմնադրվել է 1993-ին: Ըստ հեռուստաընկերության ծրագրերի բաժնի ղեկավար Օզգյուր Թուրղուլի, հաղորդումները հեռարձակվում են օրական 16 ժամ: Լուրերի թողարկումների վրա աշխատում է 5-6 լրագրող, նորությունները օրական երկու անգամ են հեռարձակվում, տեսագրությամբ՝ ժ. 20.30-ին եւ 24-ին: Ըստ գլխավոր ռեժիսոր Մուսթաֆա Ուչաելիի, հիմնականում լուսաբանում են քաղաքապետի աշխատանքային այցերը, քաղաքապետարանի գործունեությունը: Գյումրիի «Ասպարեզի» նախագահ Լեւոն Բարսեղյանի հարցին, թե որքա՞ն աշխատավարձ են ստանում աշխատակիցները, հեռուստաընկերության ղեկավարը պատասխանեց. «Չէի ասի, թե մեզ մոտ շատ են ստանում, բայց ձերի հետ անհամեմատելի է: Ձեր լրագրողները ձրի են աշխատում: Միջազգային կազմակերպությունները չեն օգնում, պետությունն իր բյուջեից տարեկան $40 հազար է հատկացնում՝ բոլոր թերթերը հավասարաչափ սուբսիդավորելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել