Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՎԱ՞Ծ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍՅՈՒԺԵ Է

Սեպտեմբեր 25,2007 00:00

\"\"Քաղաքական ուժերը քննարկում են, բայց չեն ուզում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեր խնդրանքին՝ մեկնաբանել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի որոշ հատվածներ, առարկեց, պատճառաբանելով, որ առաջիկայում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունենալու իրենց կուսակցության հերթական կոնֆերանսը, որի ժամանակ ամեն ինչի մասին կհնչեն գնահատականներ եւ մեկնաբանություններ: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Արտաշես Գեղամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ ընդդիմադիր ուժերը ճիշտ ուղու վրա են, երբ մտածում են նախագահական ընտրություններում միասնական թեկնածու ունենալու մասին, ասաց. «Հարցը մենք այլ հարթության մեջ ենք դիտարկում: Մեր քաղաքական ընտրանին պետք է հրապարակավ ձեւակերպի ներքին եւ արտաքին բոլոր այն մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առաջ եւ, ավաղ, գնալով ահագնանում են: Այդ մարտահրավերների առաջն առնելու ուղիները պետք է որոշվեն քաղաքական թիմով: Այդ բոլորից հետո նույն քաղաքական ընտրանին, լինի դիմություն թե ընդդիմություն, պետք է հստակ ձեւակերպի, մտածի, թե այս մարտահրավերների առաջը ո՞ր անհատներն են, որ կկարողանան առավել արդյունավետ դիմակայել: Պետք է բերվեն համապատասխան փաստարկներ: Այ, միայն դրանից հետո մեջտեղ կգա միասնական թեկնածուի գաղափարը՝ որպես միջոց, որպես գործիք, որ կկարողանա առավել արդյունավետ կազմակերպել այդ մարտահրավերների դիմագրավման աշխատանքները: Դա ամենավերջին՝ 3-րդ փուլում է: Մինչեւ խնդիրը չձեւակերպես, դու չես կարող այդ խնդիրը լուծելու համար այս կամ այն մարդուն, գործչին առավելություն տալ»:

Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանն առաջին նախագահի 10 տարի անց ունեցած ելույթի մասին իր հատուկ կարծիքն ուներ նախ՝ որպես ՀՀ քաղաքացի եւ հետո միայն որպես քաղաքականությամբ զբաղվող մարդ: Որպես քաղաքացի, պարոն Աշոտյանը նկատեց. «Իրավունք ունեի ակնկալել, որ առաջին նախագահի գրեթե տասնամյա լռությունից հետո առաջին ծրագրավորված ելույթը պետք է լիներ ավելի կոնցեպտուալ եւ իր էությամբ տարբերվեր մինչ այժմ եղած գնահատականներից: Եթե կարճ ասեմ, նրա կողմից հնչած տեսակետները վերջին տասը տարիներին քաղաքական ընդդիմության կողմից հնչած տեսակետների հակիրճ կոնցենտրատն էին եւ որեւէ թարմ, ծրագրային գնահատական ես, ցավոք, չլսեցի որպես քաղաքացի»: Իսկ քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը ուղղակի ասաց. «Այն քարոզչական արշավը, որ սկսվել էր օգոստոսին, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին շրջանառվող տարբեր նյութերը եւ վերլուծականները, միֆականացված աստիճանի հասցված, խորհրդավոր հանդիպումները սեպտեմբերին արդեն մարեցին, որովհետեւ քաղաքական դաշտը լցվեց իր առօրեական անցուդարձով՝ ԱԺ աշխատանքներ, կառավարությունն ավելի կոնկրետ եւ հստակ սկսեց գործել ամառային արձակուրդից հետո: Եվ սեպտեմբերի 21-ի առիթով առաջին նախագահի կողմից հնչեցված տեսակետների բուռն մեկնաբանությունների գործընթացը, որն արդեն սկսվել է մի շարք թերթերի էջերում, ինձ համար ակնհայտ է որպես քարոզչական հերթական քայլ, որը նպատակ ունի նորից ուշադրության կենտրոնում պահել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի եւ իր շուրջ հորինված առեղծվածով: Ասացի՝ ակնկալվում էր ավելի թարմ, ծրագրային խոսք, գնահատականներ, ինչը չհնչեց, այնպես որ, ցանկությունները՝ բուռն մեկնաբանել այս ելույթը, բացատրվում են նրանով, որ փորձում են նորից վերադարձնել նրան որպես քաղաքական իրադարձությունների մեխ, այսպես ասած՝ թեժ-տասնյակի առաջին տող իրադարձություն, որը իրականությանը չի համապատասխանում: Եվ ինչքան էլ հիմա ոմանք փորձեն խորանալ առաջին նախագահի ելույթի մեկնաբանությունների, տողատակերի, ենթատեքստի մեջ, վստահ եմ, մեծ քարոզչական էֆեկտ չի տալու, որովհետեւ իրականում ասվածի մեջ շատ քիչ բան կար, որտեղ հնարավոր էր նորություն փնտրել: Ինձ համար նորից ակնհայտ դարձավ, որ վերադարձի դեպքում առաջին նախագահը հանձնելու է Ղարաբաղը: Սա հերթական սարսափ-քաղաքական նախագծերից մեկն է, որը փորձում են հանրության մեջ տարածել, այսինքն՝ եկեք այսօր հանձնենք Ղարաբաղը, քանի դեռ հերթը չի հասել մեր հանրապետության տարածքների հանձնմանը»:

Առաջին նախագահը գործող իշխանություններին որակեց որպես գողական աշխարհի կանոններով առաջնորդվողներ եւ մաֆիոզ կառույցներ: Գործող իշխանության օրենսդիր մարմնի ներկայացուցչին հարց ուղղեցինք՝ ինքը կիսո՞ւմ է այս կարծիքը, այսինքն՝ գործող իշխանությունները գողական աշխարհի կանոններո՞վ են առաջնորդվում: Արմեն Աշոտյանն ասաց, որ ինքը մեկնաբանություններ չի անելու. «Չեմ մեկնաբանելու, որպեսզի ջուր չլցնեմ այդ քարոզչական ջրաղացին: Ես ուղղակի հարցին հարցով պատասխանեմ՝ նրա կողմից հնչած կարծիքները օրիգինա՞լ էին, որեւէ ընդդիմադիր գործիչ այս 10 տարիների ընթացքում երբեւէ նման կարծիք չէ՞ր հայտնել, երբեւէ Ազգային ժողովում եւ մամուլում դուք չե՞ք հանդիպել նմանատիպ կամ ավելի խիստ գնահատականների Հայաստանի ներկա քաղաքական համակարգի եւ իշխանությունների մասին: Կարծում եմ, բոլորս շատ ավելի խիստ գնահատականների ականատեսը եղել ենք: Ամփոփեմ՝ նույն ջուրը երկու անգամ մտնելու ցանկություն մեր հասարակությունը չունի, եւ անգամ հնչեցրած մեղադրանքները օրիգինալ չէին, եւ դրանց անհիմն լինելու մասին բազմիցս ասվել է: Այս ամենն իրեն սպառած քաղաքական սյուժե է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել