Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Oգնականը դատի է տվել մարզպետին

Սեպտեմբեր 25,2007 00:00

\"\"Ըստ Շիրակի մարզպետի օգնական, դաշնակցական Մեսրոպ Ղալաչյանի, պատճառը իրեն անտեղի նկատողություն տալն է:

Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում պետք է լսվեր Մեսրոպ Ղալաչյանի քաղհայցը՝ ընդդեմ մարզպետ Լիդա Նանյանի: Քանի որ մարզպետարանի իրավաբանական բաժնից ոչ ոք չէր ներկայացել, դատը մի քանի օրով հետաձգվեց: Ինչպես ներկայացրեց դատավոր Արմեն Խաչատրյանը, մարզպետարանի իրավաբանական բաժնի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը գրավոր դիմում էր հղել դատարանին այն մասին, որ ինքը նույն ժամին այլ դատի մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ այս մեկին: Հայցվոր Մեսրոպ Ղալաչյանն էլ նման պատճառաբանությունը համարեց մանկամտություն:

Մարզպետի օգնականից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներ են առաջացել իր ու նոր «շեֆի» միջեւ. մարզպետի նկատողությունն անձնական հակակրանքի՞ արդյունք է, թե՞ պարզապես «ռոմիկական» դաշնակցական կադրերից ազատվելու միջոց: Հիշեցնենք, որ Մ. Ղալաչյանը մարզպետի օգնական դարձել է Ռոմիկ Մանուկյանի օրոք, սակայն մինչ այդ էլ աշխատել է Շիրակի մարզպետարանում: Ըստ Ղալաչյանի, Լիդա Նանյանը իրեն հակաօրինական նկատողություն է տվել, օրինակ՝ ուղարկել է ուսումնասիրելու Ամասիայի տարածաշրջանի գյուղերի ճանապարհների վիճակը: Դրանք այնպիսի խուլ վայրեր են, որտեղ շաբաթը մեկ-երկու անգամ է տրանսպորտ աշխատում: Ինքն էլ անձնական միջոցներով՝ տաքսի վարձելով կատարել է մարզպետի հանձնարարականը՝ ներկայացնելով զեկուցագիր ճանապարհների խայտառակ վիճակի մասին: «Սակայն դրանից հետո էլ հարգարժան մարզպետը նորից հանձնարարություն տվեց՝ կրկին ուսումնասիրություններ կատարել եւ օրենքին համապատասխան տեղեկատվություն կազմել: Նորից իմ միջոցներով մեկնեցի: Ես լավագույն դեպքում կարող էի ընդհանուր պատկերացում տալ ճանապարհների վիճակի մասին, իսկ օրենսդրության պահանջին համապատասխան, երկրիս կառավարությունը ունի հատուկ որոշում՝ դրանք ինչպես կարգավորել: Ըստ կառավարության 09.12.2004թ. «Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանման եւ շահագործման աշխատանքների մասին թիվ 1942 N որոշման» ամրագրված է. «Ավտոմոբիլային ճանապարհների պահպանման մակարդակի գնահատման աշխատանքները կատարվում են հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է պատվիրատուից՝ ի դեմս մարզպետարանի եւ շահագործող կազմակերպությունից»: Ես մարզպետին գրավոր բացատրեցի, որ եթե նման գնահատական տամ, խիստ սուբյեկտիվ կլինի: Եթե անգամ լինեի հանձնաժողովի անդամ, միեւնույն է, չէի կարող գնահատական տալ, որովհետեւ հանձնաժողովը կազմված է ութից ավելի մարդուց, պետք է լինեն առնվազն հինգ-վեցի ստորագրությունները: Բացի այդ, եթե հանկարծ եզրակացություն տայի, մյուս՝ շահագործող կողմը կմտներ դատարան եւ կհայտարարեր, որ օրենքին հակասող գործողություն եմ կատարել»,- բացատրեց Մեսրոպ Ղալաչյանը:

Թեեւ սկզբում նա հավատացնում էր, որ իր եւ մարզպետի միջեւ անձնական թշնամություն չկա, այնուամենայնիվ, հետո հավելեց, որ եթե պարզվի՝ մարզպետի այս քայլն ուղղված է դաշնակցականների դեմ, ապա այդ դեպքում նա գործ կունենա ՀՅԴ Գերագույն մարմնի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել