Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԴԵՌ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԵԻՆՔ»

Սեպտեմբեր 25,2007 00:00

\"\"Ասում է Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որը նոր է վերադարձել Համաշխարհային գովազդային առաջին ֆորումից:

Վերջերս Մոսկվայում անցկացվեց Համաշխարհային գովազդային առաջին ֆորումը։ Կազմկոմիտեի աշխատանքները ղեկավարում էր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Միջոցառմանը շուրջ 40 երկրների թվում Հայաստանը ներկայացնում էին 5 ընկերություններ՝ «Շարմը», «Դիիմ Քոմփյունիքէյշնզը», «Պրինտ-ինֆոն», «Անտարեսը» եւ «Ռադիո Վանը»։

«Առավոտը» հանդիպեց հայկական պատվիրակության ղեկավար, «Հայկական գովազդային խորհուրդ» հ/կ-ի նախագահ Արմեն Մարտիրոսյանին, որը նաեւ Հայաստանի ներկայացուցիչն է համաշխարհային գովազդային հանձնաժողովում։

Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել ֆորումի նպատակը։ «Ռուսաստանյան այս միջոցառման գերխնդիրն էր երկխոսություն վարել տարբեր երկրների գովազդային ընկերությունների հետ։ Պարզվեց, որ Մոսկվայի նման մեծ քաղաքի համար էլ արտերկրյա գովազդատուների առաջարկները գաղթակղիչ են։ Օրինակ՝ արտաքին գովազդով զբաղվող ֆրանսիական ընկերություններից մեկը առաջարկեց Մոսկվա քաղաքի արտաքին գովազդի վահանակների մի մասի փոխարեն տեղադրել իր սեփականը՝ ավելի ժամանակակիցը։ Ֆրանսիացիները պատրաստ էին ողջ Մոսկվայի համար լուծել «քաղաքային կահույքի» (զուգարաններ, կանգառներ, նստարաններ եւ այլն) հետ կապված բոլոր խնդիրները՝ իրենց հաշվին։ Դրա դիմաց ակնկալվում էր Մոսկվայի գովազդային վահանակների ընդհանուր քանակի կրճատման արդյունքում բարձրացնել արտաքին գովազդի գները, ինչի շնորհիվ ֆրանսիական կողմը կունենար գալիք մի քանի տարիների ընթացքում լրացուցիչ շահույթ»,- տեղեկացրեց պրն Մարտիրոսյանը։ Հարցին, թե հայկական կողմն ի՞նչ առաջարկություններով է հանդես եկել Մոսկվայում, «Հայկական գովազդային խորհրդի» նախագահն ասաց. «Մենք դեռեւս առաջարկելու բան չունեինք, ուղղակի գնացել էինք սովորելու, ծանոթանալու, կապեր հաստատելու։ Միայն այս ճանապարհով կարող էինք շահագրգռել հայտնի գովազդատուներին, որպեսզի նրանք իրենց հետաքրքիր առաջարկներն իրականացնեն Երեւանում»։ Պրն Մարտիրոսյանն ասաց, որ «Հայկական գովազդային խորհուրդը» պատրաստվում է Երեւանում 2008թ. անցկացնել առաջին գովազդային փառատոնը, որին հրավիրված կլինեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպայի առաջատար գովազդի «հայրերը»՝ Նյու Յորքի գովազդային փառատոնի տնօրեն Մայքլ Դիմիտրիադիսը, Մոսկվայի փառատոնի նախագահ Իգոր Յանկովսկին, Ռուսաստանի գովազդային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Ֆիլիպովը, Կաննի գովազդի փառատոնի ԱՊՀ ներկայացուցիչ Վլադիմիր Եվստաֆեեւը եւ այլք։

Հայաստանյան 5 ընկերությունները ռուսաստանյան ֆորումի շրջանակներում մասնակցել են «Կարմիր խնձոր» մոսկովյան 17-րդ գովազդային միջազգային փառատոնին, իսկ «Ռադիո Վանը» շահել է 3-րդ մրցանակ՝ «Շնչող լինզաներ» գովազդային ռադիոհոլովակի համար։ Մրցույթի «գրան-պրիին» արժանացել են տպագրական գովազդի անվանակարգում՝ Ռուսաստանը, իսկ տեսահոլովակների մասով՝ Ֆինլանդիան։ Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ հայաստանյան գովազդային շուկայում հայտնի «Շարմի» «արտադրանքը» ուշադրության չարժանացավ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Ընկերությունը ներկայացված էր արտաքին եւ տեսահոլովակային գովազդների անվանակարգերում, որտեղ մրցում էր աշխարհի ամենաուժեղների՝ ամերիկյան, եվրոպական գովազդային ընկերությունների հետ, ընդ որում, վերջիններս ունեն 100, իսկ մենք ընդամենը 16 տարվա գովազդի պատմություն։ Այս մշակույթը նոր ենք ներմուծում հայկական իրականություն»։

Մասնագետին խնդրեցինք գնահատել մասնավորապես Երեւան քաղաքի արտաքին գովազդը։ «Մայրաքաղաքի որոշ փողոցներում (Տերյան, Մոսկովյան, Աբովյան եւ այլն) վահանակները մեծ են ու խիտ տեղադրված, ինչի արդյունքում առաջանում է գովազդային «աղմուկ»՝ նվազեցնելով գովազդի արդյունավետությունը։ Փաստորեն, ապարդյուն է դառնում գովազդատուի վճարած ոչ փոքր գումարը։ Դրա համար էլ մեր զրույցի սկզբում ասում էի, որ գովազդի ոլորտում սովորելու շատ բան ունենք»,- ասաց պրն Մարտիրոսյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել