Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ԱՌԱՋԱԴՐՎԻ՝ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՂԹԵԼՈՒ Է»

Սեպտեմբեր 26,2007 00:00

\"\"«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վստահ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջադրվելով նախագահի թեկնածու՝ հաղթելու է, քանի որ հասարակությունը փոփոխություններ է ուզում:

– Առաջին նախագահը երկար լռությունից հետո խոսեց, խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց այսօրվա իշխանությունների հասցեին, սակայն հիմնական հարցը՝ առաջադրվելո՞ւ է նախագահի թեկնածու, թե՞ ոչ՝ մնաց բաց: Դուք հիմա նրա մերձավոր շրջապատն եք ներկայացնում, համենայնդեպս՝ սեպտեմբերի 21-ին նրա թիկունքին նաեւ դուք էիք կանգնած: Ուրեմն, ավելի լավ կիմանաք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է, թե՞ չի առաջադրվելու:

– Առերեւույթ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը բաժանվել է երկու մասի՝ մարդիկ, ովքեր ուզում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնա, եւ մարդիկ, ովքեր չեն ուզում այդ վերադարձը: Բայց այդպես է միայն առերեւույթ: Կա նաեւ մեկ այլ հարթություն. կան գործող իշխանություններ, որ խնդիր ունեն ամեն գնով վերարտադրվելու, իրենց ունեցածն ավելացնելու, իրենց սեփականությունը բազմապատկելու, իրենց ազդեցությունը մեծացնելու, եւ այդ ուժերն ամեն ինչ անելու են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի: Որովհետեւ իրենք էլ գիտեն, որ առաջադրվելու դեպքում հենց նա է հաղթելու: Օգտագործելու են իրենց ձեռքի տակ եղած լրատվամիջոցները, իրենց ձեռքի տակ եղած «քաղաքական գործիչներին»: Բայց նրանք, բարեբախտաբար, ճնշող փոքրամասնություն են: Մեծամասնությունը Հայաստանի ողջ հասարակությունն է, որը փոփոխություններ է ուզում, ուզում է նորմալ պետություն ունենալ եւ իր անձնական անվտանգության մասին է մտածում: Առողջ բնազդն էլ է տանում դեպի դա: Իրականում այս երկու խմբերն են, եւ պայքարը գնալու է այս երկուսի միջեւ: Ինչ վերաբերում է կոնկրետ Տեր-Պետրոսյանին մերձավոր լինելուն, դա իրոք այդպես է, բայց հավատացեք, քանի դեռ նա չի խոսել իր առաջադրման մասին, ես, իմանալու դեպքում էլ, չեմ խոսի: Կարող եմ կրկնել միայն. եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեց՝ նա միանշանակ հաղթելու է: Իսկ նրա ելույթը ծրագրային ելույթ էր:

– Դուք ասում եք, թե դա ծրագրային ելույթ էր, սակայն իշխանական ուժերի գնահատականն այն է, որ ոչինչ ավելին չասվեց, քան այն, ինչ այս տարիներին ասել են ընդդիմադիր գործիչները եւ ավելի սուր են ասել: Եվ, հետո. որտեղի՞ց այդ վստահությունը, որ միանշանակ հաղթելու է, այնուամենայնիվ, հասարակության մի լայն շերտի մոտ վատ հիշողություն կա ցուրտ ու մութ տարիների մասին:

– Այն քաղաքական գործիչները, ովքեր այսօր փորձում են գնահատական տալ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ դեռ շատ երիտասարդ են եւ, վստահ եմ, հետո իրենց ասածներից կամաչեն: Վստահ եղեք. այս ելույթից հետո օրվա իշխանություններն անգամ իրենց գործունեության ձեւերը կփոխեն: Առաջին նախագահն այն քաղաքական գործիչն է, ով չափում է հարյուր անգամ եւ մեկ անգամ է միայն կտրում: Ասել է թե՝ եթե Տեր-Պետրոսյանը որոշում կայացրեց, որ մասնակցում է ընտրապայքարին, ուրեմն՝ միանշանակ հաղթելու է. հակառակ դեպքում՝ ինքը նման որոշում չի կայացնի:

– Այդ դեպքում ժողովրդի հիշողության հետ ի՞նչ անենք, ցուրտ ու մութ տարիների հարցը ինչպե՞ս է լուծվելու:

– Գիտե՞ք ինչ, պատերազմն ունի իր օրենքները: Պատերազմի տարիներին եղած սահմանափակ նյութական միջոցներդ կամ տալիս ես փամփուշտ գնելու, կամ՝ գազ, լավ հագուստներ, համեղ ուտելիքներ: Մեր քաղաքական գործիչներից մեկի ասելով՝ պատերազմի տարիներին Բաքվում լուսավոր էր, այսինքն՝ Ադրբեջանը նախընտրեց գումարը տալ լույսին եւ հաճույքներին: Իսկ Հայաստանը նախընտրեց այդ գումարով փամփուշտ գնել. արդյունքում՝ 15 հազար քառ. կմ տարածք ազատագրեցինք: Մեզանից յուրաքանչյուրը, 88 թվականից սկսած, ինչ-որ բան արել է այս երկրի համար, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի ներդրումն ամենամեծն է, եւ սա հասկանում է ցանկացած քաղաքական գործիչ, ցանկացած քաղաքացի:

– Դուք այսօր կանգնել եք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, սակայն բոլորս էլ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ 98-ին եւ ինչպես նաեւ ձեր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ առաջին նախագահը հրաժարական տվեց: Ստացվում է, մի եղբայրը հեռացրեց, մյուսը փորձում է վերադարձնե՞լ:

– Վազգեն Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հարաբերությունների մասին կոռեկտ կլիներ հարցն ուղղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ դրանք իմ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունները չեն: Պատշաճ չէ, որ այդ հարաբերությունների փակագծերը բացեմ ես: Ասեմ միայն, որ Վազգեն Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունեցել են շատ լավ եւ մարդկային հարաբերություններ, նույնիսկ՝ վերջինիս հրաժարականից հետո: Եվ հետո. հիմա այլ իրավիճակ է: Տեր-Պետրոսյանը գալիս է նոր պետության համար նոր գաղափարներով: Մենք նայում ենք ապագային:

– Սակայն մի քանի ընդդիմադիր գործիչներ արդեն հայտարարել են, որ անկախ առաջին նախագահի որոշումից, իրենք առաջադրվելու են, այսինքն՝ միասնական թեկնածու ասածը չի ստացվելու:

– Ամեն ինչ իր բնականոն ժամանակն ունի: Եթե հիշում եք, 2003-ին ես եւս իմ թեկնածությունը առաջադրել էի, բայց՝ հանեցի: Ոչինչ պետք չի բացառել նաեւ այս ընտրությունների ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել