Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՔԱՆ ՓՈՂ ՏԱՆ, ԱՅՆՔԱՆ՝ ԿՈՒՏԵՆ

Սեպտեմբեր 26,2007 00:00

\"\"Մանկապարտեզներում պատրաստվում են մի երեխային մսով ճաշ տալ, մյուսին՝ կաթնով, նայած, թե ում ծնողը որքան է վճարել:

Վերջին մեկ ամսվա ընթացքում մայրաքաղաքի շատ մանկապարտեզների վարձերը 2-3 հազար դրամով բարձրացել են: Մանկապարտեզների տնօրենները վարձի բարձրացումը պատճառաբանում են նրանով, որ հանրապետությունում գնաճ կա, մի շարք սննդամթերքներ թանկացել են, ուստի, եթե իրենք էլ մանկապարտեզի ծառայությունների գները չբարձրացնեն՝ ստիպված պետք է լինեն երեխային հասանելիք սննդի քանակը կրճատել, հաշվի չառնելով՝ երեխան մանկապարտեզում կշտացա՞վ, թե՞ ոչ: Տնօրենների խոսքերով՝ հիմա կամ երեխայի սննդակարգի մեջ պետք է ավելի քիչ կալորիականությամբ ու անհամեմատ ավելի էժան մթերքներ ներառվեն, ասենք՝ մսով ճաշի փոխարեն կաթնով ու «մաննի» տալ, կամ էլ ծնողները հարկադրված պետք է մի քանի հազար դրամ ավելի վճարեն, որպեսզի իրենց երեխան մանկապարտեզում վատ չսնվի:

Օրերս «Առավոտին» էին դիմել Արաբկիր համայնքի թիվ 2 մանկապարտեզի երեխաների ծնողներն ու դժգոհում էին, որ տնօրենն իրենց ժողովի է կանչել ու տեղեկացրել, որ սննդամթերքի թանկացման հետեւանքով իրենց վճարած 5 հազար դրամն այլեւս չի բավականացնի, որ երեխաները մանկապարտեզում սնվեն նախկին ճաշացուցակով: «Ավելի լավ է գործից դուրս գանք ու մեր երեխաներին մենք պահենք: Մեզանից շատերը 2-3 երեխա ունեն մանկապարտեզում: Վարձից բացի, 500-ական դրամ ենք վճարում նաեւ օտար լեզվի, պարի ու երգի խմբակներին, ամեն ամիս էլ ամենաքիչը 600-700 դրամի էլ հիգիենիկ պարագաներ ենք տանում մանկապարտեզ»,- բողոքեցին ծնողները: Նրանց հավաստմամբ, թիվ 2 մանկապարտեզի տնօրենի հրավիրած ժողովի հաջորդ օրը դայակներն իրենց ցուցակն են ներկայացրել, որտեղ նշված են եղել 3 տարբեր չափի գումարներ՝ 5 հազար, 6 հազար եւ 7 հազար դրամ:

Նրանց պատմելով. «Դայակները պահանջում էին, որ ստորագրենք այն գումարի դիմաց, որը ցանկանում ենք վճարել: Այն երեխաները, որոնց ծնողներն ի վիճակի չեն լինի վճարել առավելագույն գումարը եւ 5000 դրամ կտան որպես մանկապարտեզի վարձ, սնվելու հարցում խտրական վերաբերմունքի կարժանանան. կուտեն այնքան, որքան վճարել են: 6000 դրամ վճարելու դեպքում երեխան կստանա միջին կարգի սնունդ, իսկ 7000-ի դեպքում՝ կսնվի այնպես, ինչպես նախկինում»: Հաշվի առնելով, որ երեխաներն ամսվա ընթացքում 20 օր են հաճախում մանկապարտեզ, փաստորեն, 5000 դրամ վարձ տված ծնողի երեխան օրական 3 անգամ սնվելու պարագայում կստանա ընդամենը 250 դրամի սնունդ, ոչ ավելին: Ծնողների պատմելով՝ դայակները շահագրգռված են եղել, որ իրենք անպայման ստորագրեն 7 հազար դրամի դիմաց: «Մի 2 հազար դրամի համար հո չե՞ք թողնի, որ ձեր երեխաներն էստեղ թերի սնվեն»,- հորդորել են դայակները:

Արաբկիրի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Հայրապետյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ծնողներն իր բառերը ճիշտ չեն ընկալել. «Ես ծնողներին միայն ասել եմ, որ սննդամթերքը թանկացել է, այդ պատճառով էլ երեխաների սննդի կազմակերպումը եւ պահանջվող կալորիականության ապահովումը շատ դժվարացել է: Ես պարզապես առաջարկել եմ նախկին սննդակարգը պահպանելու համար վարձը բարձրացնել: Եթե նախկինում 1 կիլոգրամ կարագը գնում էի 1300-1400 դրամով, ապա այսօր այն դարձել է 1800 դրամ: Առանց ծնողների գիտության եւ համաձայնության՝ որեւէ բան չի արվում»: Ժողովի արձանագրության մեջ նշվել է, որ ընդառաջելով ծնողներին, վարձն առայժմ մնում է անփոփոխ՝ առաջիկայում դրան կրկին անդրադառնալու պայմանով:

Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 2 մանկապարտեզի տնօրինությունն էլ օրերս պատրաստվում է դիմել թաղապետարան ու քննարկել վարձերի բարձրացման հարցը: Մինչ օրս այդ մանկապարտեզում ամսավճարը եղել է 2500 դրամ, իսկ հիմա արդեն, ինչպես վստահեցրին մանկապարտեզից՝ իրենք չեն կարողանում տեղավորվել այդ գումարի մեջ. «Երեխաների նորմալ սնունդն ապահովելու համար վարձի բարձրացումն անխուսափելի է»,- ասացին մանկապարտեզից:

Չնայած վերը նշված երկու մանկապարտեզների պատասխանատուներն էլ վստահեցնում էին, որ գնաճի պայմաններում պարզապես անհնար է գործել՝ առանց վարձավճարների թանկացման, նկատենք, որ այսօր մայրաքաղաքում գործում են մանկապարտեզներ՝ ընդամենը 2500 դրամ ամսավճարով, որոնք վարձը չեն թանկացնելու: Օրինակ, Շենգավիթի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Արսեն Ադամյանը հավաստիացրեց, որ իրենց համայնքի 27 մանկապարտեզներն էլ վարձավճարները չեն թանկացնելու. լավագույն մանկապարտեզում վարձը 3000 դրամ է, իսկ ընդհանրապես՝ 2500 դրամ. «Մեր թաղամասը բանվորական թաղամաս է, եւ ծնողներն ավելի չեն կարող վճարել»:

Կենտրոն համայնքի թիվ 131 մանկապարտեզի տնօրեն Քրիստինե Հունանյանն էլ «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենց մանկապարտեզի ամսավարձը չնայած 5000 դրամ է, բայց լիովին բավականացնում է երեխաներին ամեն օր բարձրակարգ սնունդ ապահովելու համար, եւ չեն պատրաստվում շուկայում առկա գնաճից ելնելով՝ վարձը դարձնել 6-7 հազար դրամ: «Իմ մանկապարտեզում ամեն ինչը տեղը տեղին է, մենք ճոխ-ճոխ սնունդ ենք տալիս՝ ջեմ, ձու, հավ, տավարի միս: Վարձը բարձրացնելու խնդիր չունենք, մեր մատակարարը մեզ համար ամեն ինչ նախկին գնով է բերում»,- ասաց Ք. Հունանյանը:

Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի լրատվական բաժնից պարզաբանեցին, որ իրենց համայնքի բոլոր մանկապարտեզներում վարձը 6 հազար դրամ է: Երբ հիշեցրին, որ, օրինակ, այդ համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզում ամսավճարը 7000-9000 դրամ է, թաղապետարանից վստահեցրին, որ 6000-ից ավելի գումարը գանձվում է ծնողների համաձայնությամբ՝ երգի, պարի, օտար լեզվի եւ այլ խմբակների մասնակցելու համար: Մինչդեռ իրականում «Հեքիաթում» 7000 դրամ վճարող ծնողի երեխան պարի, երգի կամ այլ խմբակների չի մասնակցում. դա նվազագույն ամսավճարն է՝ մանկապարտեզային սովորական ծառայությունների դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել