Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկոչում» երգչուհին ու կոչումով դուստրը

Սեպտեմբեր 26,2007 00:00

Արաքս Մանսուրյանն ու Շուշան Պետրոսյանը հայտարարեցին, որ կոչումն արվեստագետին ոչինչ չի տալիս:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը երգչուհի Արաքս Մանսուրյանն ու նրա դուստր Շուշան Պետրոսյանն էին: Ա. Մանսուրյանը լրագրողներին ասաց, որ շատ է կարոտել դստերը, նաեւ համերգ ունի հայրենիքում, դրա համար էլ վերադարձել է: Սեպտեմբերի 28-ին նա հանդես կգա Կամերային երաժշտության տանը: «Դժբախտաբար, Ավստրալիայում հայկական հեռուստաալիք չկա ու Հայաստանի հետ կապված մշակութային լուրերի սով եմ զգում: Այսօր Հայաստանը լեցուն է մշակույթով, ինչի վկայությունն են բազմաթիվ ազդագրերը: Ցավոք, ժամանակի սղության պատճառով միշտ չէ, որ այստեղ կարողանում եմ ներկա գտնվել բոլոր համերգներին: Լսել եմ, որ բարձրորակ դասական համերգներ են կազմակերպվում, աշխարհի տարբեր երկրներից լավագույն երաժիշտներ ժամանում Հայաստան, դա շատ ողջունելի է: Գիտեմ նաեւ, որ համերգների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն են լինում»:

Ա. Մանսուրյանը երեկ պատմեց, որ Ավստրալիայում եւս սիրում են Կոմիտաս. «Իմ աշակերտներից մեկը, որը ազգությամբ չինացի է, քննության ժամանակ երգեց Կոմիտասի «Հոյ նազան իմ» երգը, իսկ ավստրալիացի աշակերտս այժմ երգում է «Քելե, քելեն»: Հաճախ մտածում եմ, գուցե արժե ուսանողներիս համերգներով բերել Հայաստան»: Տիկ. Մանսուրյանը լրագրողների խնդրանքով կրկին մեկնաբանեց իր՝ Հայաստանից հեռանալու փաստը. «Ես այստեղից խռոված չգնացի… պարզապես Սիդնեյի օպերայից հրավեր ունեի: Ու հետո, եթե անգամ վերադառնայի, ապա չգիտեմ, թե ինչ պետք է երգեի… Չնայած վերադառնալու գաղափարը միշտ էլ մտքումս եղել է: Ես այնտեղ երգում եմ ոչ միայն Սիդնեյում, այլեւ ողջ Ավստրալիայով մեկ, Նոր Զելանդիայում, Սինգապուրում եւ այլուր: Եթե պետք է գամ Հայաստան ու չերգեմ, ապա ինչո՞ւ գամ: Միշտ երազել եմ երգել «Անուշ», դա իմ սիրելի դերերգն է, սակայն Գեղամ Գրիգորյանը ինձ երբեք նման առաջարկ չի արել: Այսօր այստեղի օպերան ինձ համար գոյություն չունի»:

Դառնալով շռայլորեն բաշխվող կոչումներին, Ա. Մանսուրյանը փաստեց, որ իրեն այդպես էլ չհաջողվեց կոչում ստանալ. «1990 թվին, երբ դեռ օպերայում էի, տնօրենը գնում է մշակույթի նախարար Պերճ Զեյթունցյանի մոտ: Նա Մարիետա Անտոնյանին, Վալերի Հարությունյանին, Ռազմիկ Պապիկյանին, Կոնստանտին Սիմոնյանին եւ ինձ ներկայացնում է նախարարին, որպեսզի կոչումներ տան: Այդ ժամանակ Տաթեւիկ Սազանդարյանը միջամտում է, ասելով՝ Արաքսին պետք է ոչ թե վաստակավորի, այլ ժողովրդականի կոչում տալ: Իսկ մեր նախարարը պատասխանում է՝ հիմա ադոր ժամանակը չէ: Այնպես որ, այսօր ես ոչ մի կոչում էլ չունեմ, սակայն չեմ էլ անհանգստանում: Ինչ անենք, Պավարոտտին կամ Մարիա Կալլասն էլ կոչում չունեին»: Մոր խոսքի վրա Շ. Պետրոսյանն ավելացրեց. «Մամ, ես ունեմ այդ կոչումից, դա ոչինչ չի փոխում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել