Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԿԸՆՏՐԵՆ «ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ»

Սեպտեմբեր 28,2007 00:00

\"\"Պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձեւակերպմամբ՝ «պատմական հերոս ու հաղթած հրամանատար» Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին:

Դեռ 2003թ. նախագահական ընտրություններից առաջ, երբ իբրեւ ՀՀ նախագահի հավանական թեկնածուի դարձյալ շրջանառվում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, «երկրապահական» առանձին շրջանակներ մասնավոր զրույցներում ասում էին, որ եթե Լ. Տեր-Պետրոսյանը որոշի առաջադրվել, իրենք ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի հետ միասին կպաշտպանեն առաջին նախագահի թեկնածությունը, հակառակ դեպքում՝ միանշանակորեն կաջակցեն Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ նա, ինչպես Լ. Տեր-Պետրոսյանը, իրենց զինակիցն է ու անցել է ղարաբաղյան պատերազմի բովով: Այսօր՝ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ, Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումն ավելի ռեալ է թվում, քան 2003-ին էր: Արդյոք այս անգամ «երկրապահները» պատրա՞ստ են պաշտպանել ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ պատերազմող երկրի առաջին գերագույն գլխավոր հրամանատար Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի: Մեր այս հարցադրմանն ի պատասխան` ԵԿՄ վարչության նախկին անդամ, ԵԿՄ-ից տարանջատված ազատամարտիկների մասնակցությամբ ստեղծված «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը նախ՝ համոզմունք հայտնեց, որ ՀՀ առաջին նախագահը չի առաջադրվի, եւ դա պայմանավորեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում որեւէ լուծում չլինելու հանգամանքով. «Ղարաբաղի խնդիր կա, որի լուծման դեպքում ում էլ փակուղի տանեն՝ հրաժարական կտա, բայց հողեր չի տա, իսկ ով էլ ուզենա տա՝ կհամարվի դավաճան»: Հ. Հակոբյանի ասելով, հե՛նց այդ պատճառով Լ. Տեր-Պետրոսյանը, որն այսօր, պատգամավորի ձեւակերպմամբ, «պատմական հերոս է, հաղթած հրամանատար», նորից չի ցանկանա իր անցած փառավոր ճանապարհը ջնջել ու սկսել իր «անունը գրել»:

Պատգամավորի դիտարկմամբ, Լ. Տեր-Պետրոսյանի անունը կրկին շրջանառության մեջ է դրվել, եւ նա այդ մասով տեսակետ է հայտնել, որովհետեւ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններ են գնում. «Ինքը հիշեցնել տվեց դրա լուծման իր տարբերակը: Ու նրա առաջադրման մասին խոսակցությունները դրանով են պայմանավորված՝ որ հիշեցնեն ժողովրդին եւ դա քննարկման թեմա լինի: Թե չէ հաստատ համոզված եմ՝ ինքը չի դնելու իր թեկնածությունը, ու շատերի հետ գրազ եմ եկել»:

Եթե ՀՀ առաջին նախագահը, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել, երկրապահական շրջանակներն ի՞նչ դիրքորոշում կորդեգրեն: «Մերոնց հիմնական զանգվածի հետ ինքը նորմալ հարաբերություններ ունի, բայց խնդիրն այդ չի: Ես հաստատ համոզված եմ, որ չի գալու»,- ասաց Հ. Հակոբյանը:

Նրանից փորձեցինք ճշտել՝ իր կարծիքով, ԼՂ մասով Լ. Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը չի՞ փոխվել: «Դա կապ չունի: Իր էն ժամանակվա ամենավատ տարբերակն այսօրվա ամենալավ տարբերակից լավն էր, բայց մարդիկ դրան չհամաձայնեցին, ու դրա համար Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Կարծում եմ, մինչեւ Ղարաբաղի հետ կապված քայլ չարվի, ինքը քայլ չի անի եւ խաղի մեջ չի մտնի»,- կարծիք հայտնեց արցախյան ազատամարտի մասնակից, «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հ. Հակոբյանը: Նա անգամ կարեւոր չհամարեց այն, թե ՀՀ առաջին նախագահը պատրա՞ստ է քայլ անելու՝ հարցը լուծելու համար, եւ այլ կերպ, քան առաջարկում էր մինչեւ 98-ի փետրվարը:

«Բոլոր դեպքերում ոչ մի բան չի փոխվի, համոզված եմ: Ինքը հաղթող հրամանատար է, իսկ հիմա նորից պիտի սկսի: Եթե ժամանակին ինքը խոսեր այլ դիրքերից, մեր 99 տոկոսը նրա կողմը կլիներ, բայց էս կարգավիճակով դա չի լինի»:

Ի դեպ, ԱԺ պատգամավորն ասաց, թե իրեն թվում է, որ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրումը պահեստային տարբերակ է հե՛նց այն մարդկանց համար, ովքեր խոսում են նրա առաջադրման մասին: «Նրա մասին խոսողների մեծ մասին ոնց որ դիտավորյալ ուղարկած լինեն նման բաներ խոսելու համար, որպեսզի հետո Լ. Տեր-Պետրոսյանը ետդարձի բոլոր կամուրջները այրի, տանուլ տա, կորի իր հերոս լինելու հանգամանքը: Բայց ես գիտեմ, որ ինքը ողջախոհ մարդ է, որ դրան չի գնա»,- հայտարարեց Հ. Հակոբյանը, որի համոզմամբ, ՀՀ առաջին նախագահի «գլխին ուղղակի սարքում» են:

ԵԿՄ վարչության անդամ եւ Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրման գաղափարն ու նրա թեկնածությունը պաշտպանող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, արցախյան պատերազմ առաջիններից մեկը մեկնած ու «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի ղեկավար Սմբատ Այվազյանը միանգամայն այլ կարծիքի էր: Նա ոչ միայն վստահ է, որ ՀՀ առաջին նախագահն առաջադրվելու եւ հաղթելու է, այլեւ համոզված է, որ անկախ ԵԿՄ վարչության որոշումից, իսկական երկրապահների 99 տոկոսը երկիրն այս վիճակից դուրս բերելու համար անպայմանորեն եւ միանշանակ կանգնելու են Տեր-Պետրոսյանի կողքին: Երբ մենք Ս. Այվազյանին հիշեցրինք, որ ԵԿՄ վարչության անդամների մի զգալի մասը բանակում է ծառայում եւ բարձրաստիճան սպա է, մյուս մասը՝ ՀՀԿ-ական, երրորդը՝ ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավոր, մեր զրուցակիցն ասաց. «Թե վարչություններ-մարչություններն ինչ են որոշելու՝ անկեղծ ասած, ինձ չի էլ հուզում»։ Ի պատասխան մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ նախագահի թեկնածուներին ու մասնավորապես ՀՀ առաջին նախագահին կամ ՀՀ գործող վարչապետ Սերժ Սարգսյանին պաշտպանել-չպաշտպանելու հողի վրա ԵԿՄ-ում դարձյալ երկատում եւ տարաձայնություններ լինեն, Ս. Այվազյանը կարծիք հայտնեց, թե՝ «անպայման կլինեն, եթե ԵԿՄ վարչությունն այդ մասով փորձի այլ որոշում (ոչ թե Լ. Տեր-Պետրոսյանին, այլ Ս. Սարգսյանին աջակցել- Ն. Մ.) կայացնել կամ ինչ-որ բան փորձի պարտադրել շարքերին: Այդ վերջինը՝ շարքերին ինչ-որ բան պարտադրելը, ես անհնար եմ համարում: Երկրապահները՝ որպես մեր հաղթանակները կռած մարդիկ, անպայման պետք է կանգնեն հաղթած հրամանատարի՝ Տեր-Պետրոսյանի կողքին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել