Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյն ու Կոնդին էլի կռվեցին

Սեպտեմբեր 28,2007 00:00

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հրապարակային լեզվակռիվն արդեն որոշակի ավանդույթի է վերածվում:

Վերջին անգամ Կոնդոլիզա Ռայսն ու Սերգեյ Լավրովը միմյանց երկրների կողմից վարվող արտաքին քաղաքական կուրսերի առնչությամբ կծու խոսքեր էին փոխանակել ամիսներ առաջ Մեծ ութնյակի շրջանակում Գերմանիայում կայացած մի համաժողովի ժամանակ: Երկու «թոփ» դիվանագետների միջեւ օրերս Նյու Յորքում տեղի ունեցած շփումը եւս այս իմաստով բացառություն չէր: Ու եթե Գերմանիայում նրանց «բախման» հիմնական առարկան Կոսովոյի խնդիրն էր, ապա այս անգամ Սերգեյն ու Կոնդին արարողակարգի պահանջներին անհամապատասխան մի բանավեճ ունեցան Իրանի միջուկային ծրագրի թեմայով:

ՄԱԿ-ի ԳԱ հերթական նստաշրջանի նախաշեմին, Մեծ ութնյակի արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ, որն անցած չորեքշաբթի տեղի ունեցավ Նյու Յորքում, ԱՄՆ պետքարտուղարն առաջարկել է էլ ավելի խստացնել Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Սերգեյ Լավրովը, սակայն, կտրականապես դեմ է արտահայտվել այդ առաջարկին, նշելով, թե Իրանի իշխանություններն արդեն որոշակի համագործակցություն են հաստատել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ: «Դուք ուղղակի անտեսում եք ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական կարծիքը, ինչը, ի դեպ, նախկինում էլ եք արել: Նախ, հարկ է լսել նրանց: Մենք նման վարքագծի հետ համաձայնել չենք կարող»,- կոպիտ տոնով առարկել է ՌԴ արտգործնախարարը: Ռայսը, իհարկե, խոսքի տակ չի մնացել, հայտարարելով, թե Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի կարծիքն անփոփոխ է մնացել, իսկ Մոսկվան, իր առարկություններով, պարզապես ժամանակ է ձգում: Ավելի ուշ, փորձելով հարթել Ռայսի եւ Լավրովի՝ «Ռոյթերսի» գնահատմամբ, «բավականաչափ կոպիտ» բանավեճի գործած տհաճ տպավորությունը, ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսը հայտարարել է, որ «թեեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առկա են որոշ մարտավարական անհամաձայնություններ, մենք լիահույս ենք, որ դրանք առաջիկայում կհարթվեն»:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած իր ելույթում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ իր երկրի միջուկային ծրագրի շուրջ առաջացած հարցերն այլեւս կարելի է փակված համարել: «Վերջին ամիսներին ՄԱԳԱՏԷ-ն իրեն դրսեւորում է իբրեւ իրավամբ հեղինակավոր միջազգային կառույց, որը փորձում է զերծ մնալ խնդրի ավելորդ քաղաքականացման փորձերից, եւ մենք ուրախ ենք դրա համար»,- հայտարարել էր Իրանի ղեկավարը:

Որոշ գնահատումներով, վերջին շրջանում «իրանական ատոմի» հանդեպ ՄԱԳԱՏԷ-ի վերաբերմունքում նկատվող մեղմացումը Մոսկվայի կողմից բանեցված դիվանագիտական անուղղակի ճնշման հետեւանք է: Իսկ այդ հանգամանքը նկատելիորեն նյարդայնացրել է Թեհրանի հարցում բոլորովին այլ պլաններ կառուցող Վաշինգթոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել