Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԵՐԳԻՉԸ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ «ՍՈՒՊԵՐՍԹԱՐՈՒՄ»

Սեպտեմբեր 28,2007 00:00

Մարատ Հայրապետյանը հույս ուներ դառնալ «Ամերիկայի կուռք»

Դեռեւս անցյալ դարի կեսերից ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում FOX հեռուստաընկերությունն անցկացնում է 16-28 տարեկան երգիչների «American IDOL» մրցույթը, որը «նախահայրն» է հայ հեռուստադիտողին հայտնի բրիտանական Pop IDLE հեռուստամրցույթի: Հայաստանում առաջինը «Շանթ» TV-ն 2006թ. թույլտվություն ստացավ «տեղայնացնել» բրիտանական նախագիծը՝ «Սուպերսթար» անվամբ: Հայաստանյան շոու-բիզնեսում հայտնի անուն՝ երգիչ Մարատ Հայրապետյանը օրերս վերադարձել է ԱՄՆ-ից, որտեղ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնակցել է «American IDOL» հեռուստամրցույթին:

«Առավոտը» հանդիպեց ճանաչված երգչին:

Արվեստագետը տեղեկացրեց, որ երեք փուլով անցկացվող հեռուստամրցույթի շուրջ 25 հազար մասնակիցների հերթագրումը կատարվել է հուլիսի 28-ին: Առաջին փուլը անցկացվել է հուլիսի 30-ին, մասնակից հազարավոր երգիչներից երկրորդ փուլ է անցել 600-ը, իսկ մեկ ամիս հետո կայացած երկրորդ փուլից հետո մնացել է 150 մասնակից: Ընդ որում, երրորդ փուլը անցկացվել է երկու բաժնով, 150 հոգուց ընտրվել է 100-ը: Մ. Հայրապետյանը հայտնեց, որ 26 հոգուց բաղկացած ժյուրիի անդամներին հնարավոր չէր զարմացնել ոչ վոկալով, ոչ բեմական պահվածքով, ոչ արտաքինով, քանի որ նրանցից շատերը համագործակցել կամ շարունակում են իրենց աշխատանքը համաշխարհային շոու-բիզնեսի աստղերի՝ Շերի, Սելենդիոնի, Ջեքսոնի եւ մյուսների հետ: Սա զուտ ամերիկյան մրցույթ է, որին իրավունք ունեն մասնակցել միայն Ամերիկայի քաղաքացիները: Փաստորեն, մրցույթին հայ երգչի մասնակցելու ցանկությունը այնքան մեծ է եղել, որ, մեղմ ասած, նա դիմել է խորամանկության՝ նախօրոք չհայտնելով իր ով լինելը: «Կեղծիքը» հայտնաբերվել է միայն երրորդ փուլի երկրորդ բաժնում, երբ վերջնագիծ հասած 100 հոգին պարտադիր պետք է կատարեին Գլորիա Ստեֆանիի երգացանկից որեւէ հայտնի հիթ: Այս առիթով Մարատն ասաց. «Նախ, ինձ ծանոթ չէր այդ հիթը, հետո տրված էր ընդամենը 10 րոպե, 99 երգիչները, փաստորեն, ծանոթ լինելով երգին, գիտեին մեղեդին եւ նրանց մնում էր անգիր անել միայն տեքստը: Իսկ իմ իմացած անգլերենը նման հնարավորություն չէր տալիս: Ազնվորեն ժյուրիին ասացի, որ ես չեմ կարող ելույթ ունենալ: Պետք էր տեսնել նրանց զարմանքը, երբ իմացան, որ իրենց համար անհայտ երկրից՝ Հայաստանից եմ, երկրորդը՝ որ կարճ ժամանակ է, ինչ բնակվում եմ Կալիֆոռնիայում, իսկ որ ամենակարեւորն է, ինձ ասացին՝ ի՞նչ է, հույս ունեիք դառնալ Ամերիկայի կո՞ւռք կամ մուտք գործել տեղի շոու-բիզնես՝ այն դեպքում, երբ ամերիկյան անգլերենին էլ չեք տիրապետում: Բնականաբար, արդեն վերջնագիծ հասած՝ դուրս մնացի մրցապայքարից»:

Երգչի խոսքերով, երբ նա դուրս է եկել Սան Դիեգոյի «Ռանչո Բեռնարդո ինն» հյուրանոցային համալիրից, որտեղ անցկացվում էր մրցույթը, իրեն է մոտեցել մի կին, որը, ըստ Մարատի, լիազորված է եղել ժյուրիի կողմից հայտնել իրեն. «Դուք ունեք հրաշալի ձայն եւ գեղեցիկ արտաքին, որը նույնպես կարեւոր հանգամանք է, բայց ունեք երկու պրոբլեմ՝ անգլերենի պակասը եւ ձեր ազգանունը: Մենք խնդրում ենք կատարելագործել անգլերենի ձեր իմացությունը եւ հաջորդ տարի կրկին մասնակցել մրցույթին: Գուցե ամեն ինչ ավելի լավ լինի»:

«Առավոտի» հետ զրույցի ավարտին Մարատ Հայրապետյանը նշեց, որ ինքն ամենեւին էլ չի հուսահատվել ու պատրաստվում է հաջորդ տարի դարձյալ մասնակցել «American IDOL»-ին, ինչ վերաբերում է ազգանունը փոխելուն՝ դա բացառվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել