Լրահոս
Օրվա լրահոսը

13%-Ը ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ ՉԷ

Սեպտեմբեր 28,2007 00:00

Եթե հաշվի առնենք հասարակության անտարբերությունը

Չնայած նախագահական ընտրությունները նախատեսված են փետրվարին, սակայն դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ մեկնարկեց ոչ պաշտոնական քարոզարշավը: Բնականաբար, ընտրությունների արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ վաղ է: Ուստի սահմանափակվենք ընտրազանգվածի նախնական տրամադրությունների վերլուծությամբ: Նման վերլուծության հիմք են ծառայում APR Group-ի կողմից Երեւանում կատարած հարցումները (առաջին հարցումն անց է կացվել այս տարվա ապրիլի 28-ից մայիսի 3-ը, երկրորդ հարցումը՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը):

Հարցվողներին տրվել է հետեւյալ հարցը. «Եթե առաջիկա կիրակի օրն անցկացվեին նախագահական ընտրություններ, թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեիք»: Հարցվողին չուղղորդելու նպատակով թեկնածուի ոչ մի անուն չի ընթերցվել: Կարծում ենք, սա է պատճառը, որ պատասխանների մեջ գրանցվել է նաեւ Ռ. Քոչարյան տարբերակը՝ 13.1%: Նախորդ հարցման ժամանակ նրա վարկանիշը կազմել էր 16.3%: Ներկայիս նախագահի վարկանիշի իջեցումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ, այնուամենայնիվ, մեր քաղաքացիների որոշ մասն արդեն տեղյակ է, որ նա իրավունք չունի եւս մեկ անգամ առաջադրել իր թեկնածությունը այս նախագահական ընտրություններում:

Հարցվողների 37.9%-ը դեռ չի կողմնորոշվել իր թեկնածուի ընտրության մեջ: Մինչդեռ 16.3%-ն արդեն հստակ գիտի, որ քվեարկելու է «բոլորին դեմ» (հարցազրուցավարը չի հուշել, որ այս տարբերակը բացակայում է քվեաթերթիկում), իսկ 5.4%-ը չի մասնակցելու ընտրություններին:

Այս անգամ նախագահի պաշտոնին հավակնորդների ցուցակը գլխավորել են Ս. Սարգսյանը՝ 11.5%, Ր. Հովհաննիսյանը՝ 8.4%, Ա. Բաղդասարյանը՝ 5%:

Դիտարկելով Ս. Սարգսյանի վարկանիշը, հետաքրքրական է հետեւյալ հանգամանքը: Երբ հարցվողը պատասխանել է, որ քվեարկելու է Ռ. Քոչարյանի օգտին, հարցազրուցավարները հիշեցրել են, որ վերջինս իրավունք չունի առաջադրվել գալիք նախագահական ընտրություններին, եւ առաջարկել են նշել մեկ այլ թեկնածու, այս հարցվողների 5.4 %-ը իր ձայնը տալիս էր Ս. Սարգսյանին: Այսպիսով, տվյալ գործչի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է նաեւ նրանով, որ նա հասարակության կողմից դիտարկվում է որպես Ռ. Քոչարյանի իրավահաջորդը:

Վարկանիշի բարձրացում նկատվում է նաեւ ընդդիմադիր դաշտում հանդես եկող գործիչների շարքում: Առավել մեծ թռիչք է նկատվում Ր. Հովհաննիսյանի վարկանիշի մեջ՝ 0.6-ից մինչեւ 7.8%: Սա հակված ենք բացատրել այն հանգամանքով, որ «Ժառանգության» PR-ը հիմնականում ուղղված է հասարակության մոտ ընդդիմադիր ընկալում ապահովելու համար: Այս փաստի մասին վկայում է նաեւ կենտրոնի կողմից կատարված մեկ այլ հետազոտություն (մայիսի 24-29, 2007թ.): Վարկանիշների բարձրացում գրանցվել է նաեւ Ա. Բաղդասարյանի՝ 5%, Լ. Տեր-Պետրոսյանի՝ 2,9%, Վ. Մանուկյանի՝ 2,3%, մոտ:

Այնուամենայնիվ, եթե այս թվերը համեմատենք «բոլորին դեմ» քվեարկողների, նախագահական ընտրություններին չմասնակցող ընտրազանգվածի թվերի հետ, եւս մեկ անգամ կփաստենք, որ երկրում աճել է «աբսենտեիզմը» եւ բողոքային քվեարկությունը: Այս փաստը առավել պարզ երեւաց, երբ հարցվողներին առաջարկվեց համաձայնվել/չհամաձայնվել հետեւյալ դատողությունների հետ. «Հայաստանում իշխանությունները (նախագահ, ԱԺ, ՏԻՄ) ձեւավորվում են արդար (առանց ընտրակեղծիքների, ընտրակաշառքների եւ այլ օրինախախտումների) ընտրությունների միջոցով» (համաձայնվել է 29.6%-ը, չի համաձայնվել՝ 67.4%-ը), «Հայաստանում կա (գործում է) ընդդիմություն» (համաձայնվել է 37.3%-ը, չի համաձայնվել՝ 59,1%-ը), «ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը դրական է գնահատում իշխանությունների (նախագահ, ԱԺ, ՏԻՄ) վարած քաղաքականությունը» (համաձայնվել է 25.9%-ը, չի համաձայնվել՝ 65,3%-ը): Քաղաքագիտության մեջ նման տվյալները բնորոշ են քաղաքական ճգնաժամում գտնվող երկրներին եւ հիմք են հանդիսանում քաղաքական մասնակցության մակարդակի իջեցման համար: Սա էլ իր հերթին նպաստում է նորընտիր իշխանությունների լեգիտիմության ճգնաժամին:

Ուստի ոմանց համար բարձր թվացող նախագահի թեկնածուների 13% կամ 11% վարկանիշները քաղաքագիտական տեսանկյունից ցածր են եւ կարող են վկայել այն մասին, որ նախագահի թեկնածուները չունեն բավական ընտրազանգված, որը կարող է ապահովել իրենց լեգիտիմությունը:

Այս համատեքստում հետաքրքրական է դիտարկել թեկնածուների «բացասական ընկալման վարկանիշը»: Սրանով որոշ չափով հստակցվել է այս կամ այն քաղաքական գործչի «ընտրազանգվածային պաշարի» պատկերը (որպես քաղաքական գործչի պոտենցիալ ընտրազանգված կարելի է դիտարկել նրանց, ովքեր ուղղակի չեն բացառում աջակցել տվյալ քաղաքական գործչին): Այս պատկերը, իր հերթին, ստացել ենք հետեւյալ հարցին ի պատասխան. «Նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուներից ո՞ւմ օգտին ոչ մի դեպքում չէիք քվեարկի»: Հարկ է նշել, որ «ընտրազանգվածային պաշարի» նման գնահատման մեթոդը չափազանց հարաբերական է: Ընտրողի կողմից թեկնածուին բացասական գնահատելու պատճառ կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ տվյալ քաղաքական գործչի կերպարը պարզ չի նրա համար, նա (ընտրողը) չի պատկերացնում տվյալ գործչի քաղաքական կուրսը, լուրջ չի ընկալում նրան, ինչպես նաեւ աբսենտեիզմի բարձր մակարդակը: «Բացասական ընկալման վարկանիշ» («ոչ մի դեպքում չեմ քվեարկի») ունեցող քաղաքական գործիչների ցուցակը գլխավորել են Լ. Տեր-Պետրոսյանը՝ 17,8%, Ս. Սարգսյանը՝ 13,1%, Տ. Կարապետյանը՝ 5,3%, Ս. Դեմիրճյանը՝ 2,4%, Ա. Բաղդասարյանը՝ 1,1%: Դիտարկելով «բացասական ընկալման վարկանիշը»՝ կարելի է ենթադրել, որ նշված առաջին երեք գործիչները քաղաքական այն դերակատարներն են, որոնք ընտրողի տեսանկյունից իրենց մեջ կրում են քաղաքական գործընթացի բացասական երեւույթները:

Քաղաքական դաշտում եւ մամուլում շատ են շահարկումներն ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուի շուրջ: Սակայն ինչքանով է ընտրողը պատրաստ քվեարկել մեկ այլ թեկնածուի օգտին, եթե ընտրացուցակում բացակայի իր նախընտրած գործիչը, դժվար է ասել: Այն հարցին, «Եթե Ձեր նախընտրած թեկնածուն չլինի ընտրացուցակում, ո՞ւմ օգտին կքվեարկեիք», հարցվողների 60.9%-ը դժվարացել է պատասխանել: Նման պարագայում հարցվողների միայն 3,3%-ը կքվեարկեր Ս. Սարգսյանի օգտին, 2,1%-ը՝ Ս. Դեմիրճյանի, 1,8%-ը՝ Ա. Բաղդասարյանի, 1.5%-ը՝ Ր. Հովհաննիսյանի: Հետաքրքիր է վերջինիս ընտրազանգվածի պահվածքը, որից 2.8%-ը Ր. Հովհաննիսյանի բացակայության դեպքում իրենց ձայնը կտան Ս. Դեմիրճյանին: Իսկ Ս. Դեմիրճյանի ընտրազանգվածը նման «ժեստի» պատրաստ չէ: Ս. Սարգսյանի ընտրողների 24,7%-ը դժվարացավ պատասխանել վերոհիշյալ հարցին:

Քաղաքական գործիչների վարկանիշների դինամիկան ավելի պարզ պատկերացնելու համար նկարում ներկայացրել ենք մեր երկու հարցումների համեմատական աղյուսակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել