Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակները բաշխվեցին

Սեպտեմբեր 29,2007 00:00

\"\"Երեւանին եւ Չարենցավանին՝ ոսկե բանալի, Արմավիրին՝ ժանգոտ կողպեք

Արդեն հինգերորդ տարին է՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվության ազատության մրցանակաբաշխություն է անցկացնում, որի ժամանակ հրապարակվում են փակ եւ հրապարակային գերատեսչությունների անունները: Սովորաբար ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջների կատարումը, տեղեկատվություն ստանալու հարցումներին պատշաճ ձեւով ընթացք տալը, իրենց գործունեության մասին պարբերաբար տեղեկատվության հրապարակումը, բնականաբար՝ տեղեկատվության ազատության օրենքի շրջանակներում ԶԼՄ-ների հետ համագործակցությունը: Նշյալ չափանիշներից ելնելով, 2007-ի ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել Չարենցավանի քաղաքապետարանը՝ որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած տեղական ինքնակառավարման մարմին: Տարվա տեղեկատվություն տրամադրելու լավագույն էլեկտրոնային համակարգ ներդրած գերատեսչություն է ճանաչվել Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գրիգոր Մելքումյանը, ով ստացավ մրցանակը, խոստացավ, որ այսուհետեւ եւս շարունակվելու են բաց շփումները քաղաքացիների հետ՝ ժամանակակից համակարգերի ներդրմամբ: Նա նշեց նաեւ, որ «Մեկ պատուհան» համակարգը, որի համար էլ շնորհվել էր մրցանակը, արդեն ներդրվել է նաեւ 12 թաղային համայնքներում: Գ. Մելքումյանը Ինֆորմացիայի ազատության կենտրոնին քաղաքապետարանի կողմից նվիրեց Երեւանի քաղաքապետարանի պատկերով հուշանվեր՝ իբրեւ բոլոր քաղաքացիների համար գերատեսչության բաց դռների խորհրդանիշ: Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն իր խոսքում ընդգծեց, որ Երեւանի քաղաքապետարանը այն օղակն էր, որն ընդամենը երկու տարի առաջ բոլորի քննադատությանն էր արժանանում. «Բայց գտնվեցին ցանկություն եւ անհրաժեշտ միջոցներ՝ աշխատաոճը փոխելու, ինչի համար շնորհակալություն քաղաքապետին, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Անժելա Մարտիրոսյանին եւ պարոն Մելքումյանին, ում անմիջական վերահսկողությամբ է իրականացվում ծրագիրը»:

Տեղեկատվություն ստանալու իրավունքը ամենաակտիվ եւ լավագույնս կիրառած հասարակական կազմակերպություն ճանաչվեց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբը: 2007թ. տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետեւողական լուսաբանած եւ ՏԱ մասին օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող ճանաչվեց Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության լրագրող Անժելա Ստեփանյանը: Որպես հրապարակայնության խորհրդանիշ, մրցանակակիրներին հանձնվեցին ոսկե բանալիներ: Իսկ ժանգոտ կողպեքը՝ իբրեւ գաղտնիության խորհրդանիշ, ուղեւորվեց Արմավիրի քաղաքապետարան, որը ճանաչվել է հանրապետության ամենափակ տեղական ինքնակառավարման մարմին: Կողպեքն ուներ բանալի՝ հույս, որ, ի վերջո, այն կբացվի: Նշենք, որ նույնիսկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ դատարանի որոշումն ունենալուց հետո քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Բոյանիչը գտնում է, որ այս մրցանակաբաշխության նպատակը որեւէ կառույց սեւացնելը չէ, այլ խրախուսելը. «Բանալի ստացողները պետք է պարտավորված զգան, իսկ կողպեք ստացողները՝ հետեւություններ անեն»: Եվ այս առումով նույնպես լավագույն օրինակը համարում է Երեւանի քաղաքապետարանը, որը ընդամենը երկու տարի առաջ կողպեք ստացավ, իսկ այսօր արդեն՝ բանալի:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930