Լրահոս
Օրվա լրահոսը

Գերադասում են մեծ բացվածքներ անել

Սեպտեմբեր 29,2007 00:00

Հայաստանի վիրաբույժներից քչերն են բժշկական նորամուծություններն ընդունում

Էնդոսկոպիկ վիրաբուժությունն ամբողջ աշխարհում մեծ թափով զարգանում է: Չնայած այն Հայաստանում ներդրվել է դեռեւս 1992-ից, այնուամենայնիվ, մեր երկրում ըստ էության չի կիրառվում: Պատճառը, նախեւառաջ, սարքավորումների պակասն է եւ բժիշկների վերապատրաստված չլինելը: «Շատ բժիշկներ վիրահատություն են անում դեռ ավանդական մեթոդով, այսինքն՝ մեծ կտրվածքներով, իսկ էնդոսկոպիկ մեթոդով վիրահատությունները թույլ են տալիս նվազագույն ցավով, առանց արյան ու 1 սանտիմետրանոց անցքերով կատարել վիրահատությունը: Բժիշկներից շատերը չեն ցանկանում վերապատրաստվել, սովորել այդ նոր մեթոդները, որովհետեւ շատերն այն տարիքին են, որ սովորելու ցանկություն չունեն, ինչը գիտեն՝ դա են անում, չեն հետեւում ժամանակի նորամուծություններին: Օրինակ՝ կույրաղիի որդանման ելունի վիրահատությունն անում են ավանդական ձեւով, բայց նախ պետք է էնդոսկոպիկ մեթոդով դիագնոստիկա անել, որովհետեւ մեծ մասամբ այդ հատվածի ցավերը լինում են ոչ թե կույրաղիից, այլ՝ ուրիշ պատճառներով, բայց շատ բժիշկներ բավական չէ դնում-ճղում են հիվանդին, եթե անգամ պետք չէ վիրահատություն անել, մտածում են, թե քանի բացել ենք՝ անենք, էլի»,- «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Մալաթիա» բժշկական կենտրոնի խորհրդի նախագահ Արմեն Մելիքյանը: Նա նաեւ Առողջապահական ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչն է: Պարոն Մելիքյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում էնդոսկոպիկ վիրաբույժները քիչ են: Նրանց նախապատրաստելու համար տարին մի քանի անգամ գիտագործնական սեմինար է կազմակերպվում, որտեղ բժիշկները հատուկ սարքավորումներով փորձարկումներ են անում:

Էնդոսկոպիկ վիրահատությունը ավանդական մեթոդներով վիրահատության համեմատ թանկ է, սակայն, ինչպես բացատրեց պարոն Մելիքյանը, եթե հաշվի առնենք, որ հիվանդն էնդոսկոպիկ վիրահատությունից հետո շուտ է ապաքինվում, քիչ տրավմայի է ենթարկվում, 15-20 օր հիվանդանոցում պառկելու փոխարեն ընդամենը 2-3 օր հետո կարող է վերադառնալ ակտիվ աշխատանքի, վիրահատության այդ մեթոդը, բնականաբար, ավելի նախընտրելի է. «Ի վերջո, հիվանդն ինքն էլ պետք է պատկերացնի, որ կա վիրահատության ավելի թեթեւ ու անարյուն տարբերակ, քան այն, ինչ շատ բժիշկներ մեր երկրում առաջարկում են: Ամբողջ աշխարհում, որտեղ լեղապարկի լեղաքարային հիվանդությունը բուժվում է էնդոսկոպիկ վիրահատության միջոցով, չեն պատկերացնում, որ կարող է գտնվել մեկը, որին այս դարում կվիրահատեն մեծ բացվածքներ անելու տարբերակով, իսկ մեզ մոտ դեռ այդպես են անում, բացի այդ, էնդոսկոպիան դիագնոստիկայի համար էլ չեն օգտագործում: Բժիշկները հիվանդին առաջարկում են այն, ինչ գիտեն, ոչ թե այն, ինչ նրան անհրաժեշտ է»:

Թե ինչու Հայաստանում էնդոսկոպիկ վիրահատությունը լայն տարածում չունի, պարոն Մելիքյանը կապում է նաեւ հայերի՝ բիզնես անելու հոգեբանության հետ: Այսօր այդ նորագույն տեխնոլոգիաներին դիմելու համար տասնյակ տարիների աշխատանք ու մեծ գումարներ են պետք. «Մեզ մոտ երկու կոպեկ փող են դնում, մտածում են՝ ինչ անեն, որ շուտ եկամուտ ունենան: Իսկ արտասահմանում մտածում են, որ այդ ներդրած գումարը կառնեն ընդամենը 20-30 տարի հետո, ընդ որում՝ ակնկալելով ոչ թե 200-300 տոկոսի եկամուտ, ինչպես Հայաստանում, այլ՝ 3-5 տոկոսի»:

Էնդոսկոպիկ վիրահատության համար նախատեսված սարքավորումները՝ սիմուլյատորները, բավական թանկարժեք են՝ 10-20 հազարից մինչեւ 200 հազար եվրո: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ գնել նման թանկ սարքեր, այստեղ պետական կառույցի օգնությունն է պետք»,- ասաց Արմեն Մելիքյանը: «Մալաթիա» բուժհիմնարկին սարքավորումների ձեռքբերման հարցում օգնել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Արա Դարզին, որը, ինչպես արդեն նշել ենք մեր թերթում, ազգությամբ հայ է եւ վերջերս է Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Գորդոն Բրաունի կառավարությունում նշանակվել նախարար: Ա. Մելիքյանի պատմելով՝ Արա Դարզին 2004-ին եւ 2006-ին մասնակցել է Հայաստանում կայացած էնդոսկոպիկ վիրաբուժությանը նվիրված սեմինարներին: Ըստ պրոֆեսոր Մելիքյանի, Ա. Դարզին այդ ոլորտի լավագույն վիրաբույժներից է աշխարհում: Նա 2002-ին Անգլիայի թագուհու կողմից նույնիսկ ասպետի կոչում է ստացել՝ էնդոսկոպիկ վիրաբուժության բնագավառում մեծ ձեռքբերումների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930