Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոկտեմբեր 02,2007 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանն ու ՀՅԴ-ն պայմանավորվեցին առաջիկա ընտրությունների ժամանակ մղել քաղաքակիրթ պայքար

Սեպտեմբերի 29-ի առավոտյան տեղի ունեցավ մի հանդիպում, որը դժվար էր պատկերացնել 1994-1998 թվականներին. շուրջ 40 րոպե մի սեղանի շուրջ նստած էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք բանտում էին այդ թվականներին, եւ Հայաստանի 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի պաշտոնավարման օրոք այդ գործիչները հայտնվեցին բանտում: Ընդ որում, ինչպես հանդիպումից հետո ԶԼՄ-ներին հայտնեց Հրանտ Մարգարյանը՝ «Գիտակցաբար երկուսս էլ չխոսեցինք անցյալի մասին, որովհետեւ, վերջապես, բոլորիս, կարծում եմ, պետք է ավելի շատ մտահոգի մեր երկրի, մեր ժողովրդի ապագան»: Գաղափարական անհաշտ հակառակորդ կողմերը պայմանավորվեցին առաջիկա ընտրությունների ժամանակ պահպանել քաղաքական-գաղափարական պայքարի մակարդակը ու զերծ մնալ ցեխարձակումներից:

Հանդիպման մասնակից՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս պայմանավորվածությունը նշանակո՞ւմ է, թե ՀՀՇ-ի գործիչներն այլեւս ՀՅԴ-ին չեն անվանելու ահաբեկչական կուսակցություն: Նա ի պատասխան այսպես պարզաբանեց քաղաքական բանավեճ վարելու վերաբերյալ պայմանավորվածությունը. «Ակնհայտ է, որ ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն հիմնվում են շատ տարբեր գաղափարախոսությունների վրա, եւ գոյություն ունի մոտեցումների շատ լուրջ տարբերություն: Եվ քննադատությունը շարունակվելու է. ՀՅԴ-ն քննադատելու է ՀՀՇ-ին, իր պատկերացումներով՝ սխալ վարված քաղաքականության համար, եւ կարծում եմ՝ նույնը լինելու է նաեւ հակառակ դեպքում: Տեղի ունեցած հանդիպումը չի նշանակում, թե ՀՀՇ-ն ու ՀՅԴ-ն փոխեցին իրենց աշխարհընկալումը եւ քաղաքական մոտեցումները ու հիմա հանդես են գալու նույն ծրագրահենքով: Բացի այդ՝ թե՛ ՀՀՇ-ն, թե՛ ՀՅԴ-ն ունեն լիովին տարբեր ընտրազանգվածներ, եւ այստեղ իրարից ձայն խլելու որեւէ խնդիր գոյություն չունի: Ուղղակի խոսք է եղել այն մասին, որ գաղափարների բախում լինի, լինի նորմալ քննարկում, եւ քաղաքական բանավեճի այս կուլտուրան ներմուծենք ներքաղաքական կյանք: Այս առումով՝ շատ կարեւոր հանդիպում էր սա»:

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երեկ լրագրողներին հայտնել էր, թե Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում է կայացել հենց իրենց պահանջով. «Մենք առաջարկեցինք, որ եթե հանդիպում պիտի լինի, ապա միայն մեր գրասենյակում. ուրիշ տեսակի հանդիպման անհրաժեշտություն մենք չենք տեսել»: Սակայն «Առավոտի» տեղեկություններով՝ իրականում չի եղել որեւէ նախապայման, եւ Հայաստանի առաջին նախագահն ինքն է առաջարկել մի քանի տարբերակ՝ նաեւ ՀՅԴ գրասենյակ գնալու տարբերակը: Այս մասին է վկայում նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը Հրանտ Մարգարյանի հարցազրույցը, որի ընթացքում նա նշեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումների մեջ սա առաջինը չէր. «Գուցե տարբերությունն այն է, որ ինչ-ինչ պատճառներով նախընտրեց այս հանդիպման համար գալ մեր գրասենյակ»: Նաեւ նշեց, թե իրենք ընդառաջեցին հանդիպելու նրա նախաձեռնությանը, քանի որ չընդառաջելը «ոխակալություն կնշանակեր եւ քաղաքական կեցվածք չէր լինի»:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասաց. «Երկրի ներքին համաձայնության, ներքին ազգային մթնոլորտի համաձայնության առումով, կարեւոր է, որ նույնիսկ իրար հակադիր, գաղափարապես տարբեր ուղղություններով քաղաքական ուժերը կարողանան ունենալ փոխադարձ հարգանք: Վերջապես մի ժամանակ մեր հանդեպ անհանդուրժողականություն է ցուցաբերվել, մենք մեզ թույլ չենք տվել այդ նույն անտարբերությունը, մերժողականությունը մեր մեջ ունենալ»: Եվ հարցին, թե պայքարի կանոնները փոխադարձ հարգելու այդ հարթության մեջ հնարավոր համարո՞ւմ է ՀՅԴ-ՀՀՇ համագործակցությունը՝ պատասխանեց. «Մենք նախապես էլ հայտարարել ենք, որ ճիշտ ընտրություններ կազմակերպելու առումով բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել, եւ այստեղ բացառություն չկա ոչ մեկի պարագայում, եթե խոսքը վերաբերում է արդար ընտրություններին, ճիշտ ընտրություններին, մաքուր ընտրություններին: Այս առումով կարծում եմ, որ բոլորը պետք է իրար հետ համագործակցեն: Այլ ելք չկա»: Հրանտ Մարգարյանը նաեւ նշեց. «Մեր երկիրը, մեր քաղաքական դաշտն այնպիսին է, որ քաղաքական բոլոր ուժերը, վերջին հաշվով, բնական դաշնակից են, եթե խոսքը վերաբերում է այն իշխանությանը, որն ապաքաղաքական է: Խոսքը կոնկրետ այս իշխանություններին չի վերաբերում, այլ մթնոլորտին է վերաբերում: Ընտրությունների մեջ, մասնավորաբար, խորհրդարանական ընտրությունների մեջ, հաճախ տեսնում ենք, որ ապաքաղաքական ուժերն են, որ ավելի դերակատար են դառնում, քան քաղաքական ուժերը: Եվ դա, ինքնաբերաբար, ստեղծում է հոգեբանական մթնոլորտ, որ բոլոր քաղաքական ուժերն իրար բնական դաշնակիցներ են, եթե փորձում են Հայաստանի քաղաքական դաշտը ձեւավորել, փորձում են իրական մրցակցություն, քաղաքական-գաղափարական մրցակցության հիմքերի վրա ձեւավորել երկրի իշխանությունը: Այս առումով բոլորս էլ իրար դաշնակից ենք, բայց գաղափարական-քաղաքական առումներով շատ տարբեր ենք իրարից»:

Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանն էլ անդրադարձավ այս հանդիպմանը եւ բացահայտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, թե որոշել է առաջադրվել: Հարցին, թե ըստ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության՝ ընտրությունների ընթացքում ի՞նչ չեն անելու ՀՅԴ-ն կամ ՀՀՇ-ն՝ պատասխանեց. «Մենք ՀՀՇ-ին չենք անելու այն, ինչ չէինք ուզենա, որ իրենք անեին մեզ: Անձամբ ես շատ բան կարող էի անել, բայց քանի որ պայմանավորվել ենք՝ չեմ անի»: «Դե լավ է, լավ պրծանք»,- ծիծաղեց Սեյրանյանի հետ բանավիճող Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Լրագրողի հարցին էլ՝ թե այժմ ներե՞լ են ՀՀՇ-ին, Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. «Ես շատ լավ հիշողություն ունեմ: Եվ կարծում եմ, որ հիշողության պակասով մեր կազմակերպության մեջ ոչ ոք չի տառապում: Ես հիշաչար չեմ, բայց երբեք չեմ մոռանում ոչինչ»: «Լավ հատկություն է»,- նկատեց պրն Հովհաննիսյանը: «Կան որոշակի թեմաներ, որոնց շուրջ, անշուշտ, դեռ խոսակցություն կարող է լինել,- ասաց Սպարտակ Սեյրանյանը:- Բայց հիմա դրա ժամանակը չէ: Հիմա շատ ավելի լուրջ թեմաներ կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել