Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հոկտեմբեր 02,2007 00:00

Վիշվանաթան Անանդը՝ աշխարհի չեմպիոն

\"\"Սեպտեմբերի 29-ին Մեխիկոյում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնության համար ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ երկու շրջանից բաղկացած 21-րդ կարգի մրցաշարը:

Վերջին՝ 14-րդ տուրում Անանդ-Լեկո, Մորոզեւիչ-Գելֆանդ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, Արոնյանը զիջեց արդեն աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկին, իսկ Սվիդլերը պարտության մատնեց Գրիշչուկին: Այսպիսով, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ ամենաբարձր վարկանիշն ունի, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Վ. Անանդ (Հնդկաստան) 9,0

2-3. Վլ. Կրամնիկ (ՌԴ) 8,0

Բորիս Գելֆանդ (Իսրայել) 8,0

4. Պետեր Լեկո (Հունգ.) 7,0

5. Պյոտր Սվիդլեր (ՌԴ) 6,5

6-7. Ալ. Մորոզեւիչ (ՌԴ) 6,0

Լեւոն Արոնյան (ՀՀ) 6,0

8. Ալ. Գրիշչուկ (ՌԴ) 5,5:

Հայաստանի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի գավաթակիր, «Ֆիշերի շախմատի» աշխարհի չեմպիոն Լեւոն Արոնյանը վերջին տարիներին երբեք այսքան անհաջող հանդես չէր եկել: Խաղացված 14 պարտիաներում նա կրեց 4 պարտություն, 8 հանդիպում ավարտեց ոչ-ոքի արդյունքով եւ միայն 2-ում հաղթանակ տարավ:

Ադրբեջանցի շախմատիստները Երեւան չեն գալիս

Վաղը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը մեկնարկում է մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ՖԻԴԵ-ի անդամ բոլոր ազգային ֆեդերացիաների թվում, մասնակցության պաշտոնական հրավեր է ուղարկել նաեւ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիա, իսկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը ադրբեջանցի շախմատիստներին լիակատար անվտանգություն է խոստացել:

Սակայն «Regnum» լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Azerisport»-ը, տեղեկացնում է, որ հարեւան հանրապետության շախմատի ֆեդերացիան որոշում է կայացրել չժամանել Հայաստան: Ակնկալվում է, որ մրցաշարին կմասնակցեն աշխարհի ավելի քան 50 երկրների շուրջ 160 շախմատիստներ:

Արագ պարտություններ

Ռոտերդամում ավարտվեց ձյուդոյի աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին 40 երկրների մարզիկներ: Ըստ մրցումների պաշտոնական կայքի, այնտեղ Հայաստանից տատամի մտած վեց ձյուդոիստներն էլ (60 կգ քաշայիններ Արթուր Սրապյան եւ Աշոտ Վարդիկյան, 66 կգ քաշայիններ Մեսրոպ Բարբարյան եւ Համբարձում Տոնոյան, 73 կգ քաշայիններ Արտյոմ Նիկողոսյան եւ Ղազարոս Գրիգորյան) նախնական փուլերում պարտություն են կրել եւ դուրս մնացել բարձր տեղեր գրավելու պայքարից:

Մեկնել են Չեխիա

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը մեկնել է Չեխիա, որտեղ հանդես է գալու Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնության որակավորման խմբային մրցաշարում: Մեր թիմի մրցակիցներն են տանտերերի, Իտալիայի եւ Կիպրոսի հավաքականները:

Խմբում առաջին երկու տեղերը զբաղեցնողների պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք են նվաճում: Մեր հավաքականի կորիզը կազմում են հանրապետության առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Պատանի» թիմի ֆուտբոլիստները:

Չնայած մրցակից թիմերը բավականին ուժեղ են, մասնավորապես՝ Չեխիայի հավաքականը Եվրոպայի նախորդ առաջնությունում հասել է մինչեւ եզրափակիչ եւ միայն 11 մետրանոցներով է զիջել Ռուսաստանի իր հասակակիցներին, մեր ֆուտբոլիստները նպատակ են դրել պայքարել հաջորդ փուլ անցնելու իրավունք ստանալու համար: Խմբի խաղացանկն այսպիսին է.

Հոկտեմբերի 2-ին. Իտալիա-Հայաստան, Չեխիա-Կիպրոս

Հոկտեմբերի 4-ին. Հայաստան-Չեխիա, Իտալիա-Կիպրոս

Հոկտեմբերի 7-ին. Չեխիա-Իտալիա, Կիպրոս-Հայաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել