Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականն ու քաղաքականությունը

Հոկտեմբեր 02,2007 00:00

«Հայացք» ակումբի երեկվա հյուրը ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ, Գրողների միության քարտուղար Էդվարդ Միլիտոնյանն էր, թեման՝ մտավորականի դերն ու առաքելությունը հասարակական կյանքում: Է. Միլիտոնյանի ձեւակերպմամբ, մտավորականի դերի ու առաքելության հետ կապված հարցերն ասօր ամենից շատ արծարծվում են հատկապես մամուլում. «Եվ որքան ակտիվ է դա, այնքան ակտիվ էլ թերագնահատվում եւ վարկաբեկվում է մտավորականը: Վերջին շրջանում ամբոխավարական վերաբերմունքը հասցրեց նրան, որ անգամ մշակույթի ամենալուրջ անունները դարձան բերանի ծամոն, ձեռառնելիք: Այս հոգեբանությունը շարունակվում է, ու այսօր անգամ ինքը՝ մտավորականն ասում է, որ մենք մտավորականություն չունենք»: Միլիտոնյանը նկատել է, որ վերջին շրջանում մեզանում ժխտական վերաբերմունքը կուտակում է տվել. «Մարդիկ կարծես հաճույք են ստանում, երբ ասում են «չունենք»: Նախապես ժխտել՝ չիմանալով արվեստի, գիտության մասին՝ արդեն իսկ պարզունակացված վերաբերմունք է»: Հարցին, թե մտավորականը որքա՞ն կարող է միջամտել պետական քաղաքական գործընթացներին, պրն Միլիտոնյանը պատասխանեց. «Պետական քաղաքական գործընթացներում մտավորականությանը միշտ էլ սպասարկողի դեր է հատկացվել, մինչդեռ հասարակության մեջ մտավորականի դերը հսկայական է… Ռուսաստանն առաջ է գնացել Պուշկինի շնորհիվ: Եթե չլիներ Պուշկինը, այսօր Ռուսաստանն այդպիսին չէր լինի: Իսկ եթե Թումանյանը չլիներ հայ ժողովրդի ամենաբախտորոշ ու ծանր ժամանակաշրջանում՝ մեր հոգեբանությունն այսպիսին չէր լինի»: Պրն Միլիտոնյանը նշեց, որ մտավորականն ունի իր իրավունքներն ու պատասխանատվությունը. «Քաղաքականությունը միայն քաղաքական գործիչներինը չէ: Սխալվում են այն գործիչները, ովքեր կարծում են, թե իրենք երկնքից իջել են ու ողջ ժողովրդի ճակատագիրը միայնակ պետք է որոշեն: Կարծում եմ՝ քաղաքական գործիչները նախ եւ առաջ պետք է հասկանան մեր մտավորականին ու ստեղծագործողին: Առաջ կուսակցական գործիչները մեծ պատիվ էին համարում գրողների, նկարիչների եւ երաժիշտների հետ նստել-վերկենալը: Հիմա ամեն ինչ ծռվել է: Քաղաքական պայքարում մտավորականն անպայման իր խոսքը պետք է ասի եւ քաղաքական գործիչներն էլ չպետք է մտածեն, որ եթե տվյալ մտավորականն իրենց հետ չէ, ուրեմն նրա խոսքը պիտանի չէ ժողովրդի համար»: Է. Միլիտոնյանին զարմացնում է այն փաստը, որ վերջին տարիներին հայ ժողովուրդը ձգտում է սեւի ու սպիտակի պայքարի. «Կարծես մեկը հրեշտակ է ամպերից իջած, մյուսը ցեխոտ ճահճուտից է դուրս եկել: Մարդ այլեւս չի ուզում մասնակցել սեւի ու սպիտակի պայքարին, այլ ուզում է գույներ, երանգներ տեսնել»: Է. Միլիտոնյանի խոսքերով՝ այսօր քաղաքական գործիչների մեծ մասը մտավորական է, բայց թե քաղաքականության մեջ վերջիններս որքան հմուտ են՝ այլ խնդիր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել