Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՑ ԳԻԾԸ ԽԼՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 05,2007 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է ազատամարտիկի հաշվին բարեգործությո՞ւն անել

«Սեպտեմբերի 21-ի առավոտյան 666 համարներով 4 «ֆիրմա» ավտոմեքենաներով մի քանի երիտասարդներ մտան 98 երթուղու դիսպետչերանոց, բոլորիս հավաքեցին ու խստիվ զգուշացրին, որ գիծ չմտնենք ու չքշենք այնքան ժամանակ, մինչեւ իրենք չթույլատրեն: Նրանք մեզ սպառնացին, որ եթե մեզանից որեւէ մեկն իրենց չի ուզում ենթարկվել կամ իրենց թելադրած պայմաններին դեմ է, ապա նույն պահին էլ կարող է ազատվել աշխատանքից: Գնալուց առաջ երիտասարդներից մեկը պահանջեց, որ մեր գծի տիրոջն ասենք՝ գնա իրենց տեսնելու»,- 2-3 օր թիվ 98 երթուղու չաշխատելն «Առավոտին» այսպես բացատրեցին այդ երթուղու վարորդները:

Պարզվում է, թիվ 98 երթուղայինի վարորդներին սպառնացող երիտասարդները գործում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հրահանգով: Ցորենի, շաքարավազի, կարագի, շինանյութերի, դեղերի, թունաքիմիկատների ու մի շարք երթուղային գծերի բիզնես ունեցող պատգամավորը հիմա էլ աչք է դրել թիվ 98 երթուղուն: Ընդ որում, Ս. Ալեքսանյանը երթուղայինի այդ գիծն ուզում է խլել Արցախյան պատերազմի ազատամարտիկ Վլադիկ Աբրահամյանից: Ի տարբերություն ԱԺ պատգամավորի, Վ. Աբրահամյանն այլ բիզնես չունի: Նկատենք, որ գծի սեփականատեր Վ. Աբրահամյանը մոտ 10 տարի է՝ շահագործում է այս երթուղին: Այդ տասը տարիների ընթացքում գծի սեփականատերը պետության հանդեպ կատարել է իր պարտավորությունները՝ բարեխղճորեն վճարելով բոլոր հարկերը: Սակայն այսօր Վ. Աբրահամյանը պետության կողմից ոչ մի կերպ պաշտպանված չէ: Չնայած նա գիծը զավթելու մասին տեղյակ է պահել համապատասխան մարմիններին, սակայն ոչ ոք չի համարձակվում Ս. Ալեքսանյանի խաթրին դիպչել: Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երեւանտրանս» ընկերությունը, որը պատասխանատու է երթուղիների շահագործման համար, այս անօրինականությանը որեւէ կերպ չի միջամտում: «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն իրավասու չէ խառնվելու տնտեսվարողների ներքին հարաբերություններին: Նրա խոսքերով. «Ես ընդամենը կարող եմ երթուղու շահագործումը դադարեցնել, բայց դա բնակչության հանդեպ արդարացի չի լինի: Եթե գծի տիրոջից փող են տանում, թող դիմի դատախազություն, քանի որ դա քրեական պատասխանատվության ենթակա գործ է: Թե ՍՊԸ-ի տնօրենն օլիգարխների հետ ինչ խնդիրներ ունի, դա մեզ չի վերաբերում»:

Այն, որ 98-ի գիծը Ս. Ալեքսանյանի քմահաճույքով մոտ 3 օր չի աշխատել, «Երեւանտրանսի» եւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պատասխանատուներին ընդհանրապես չի անհանգստացրել:

Նշենք, որ թիվ 98-ը միակ երթուղին է, որը սպասարկում է Զեյթունի ուսանողական հանրակացարաններից՝ Մալաթիա համայնքի Բ 2 թաղամասն ընկած ճանապարհահատվածը: Այսինքն՝ ուղեւորները մի քանի օր այդ երթուղուց օգտվելու հնարավորություն չեն ունեցել:

Թիվ 98-ը հատուկենտ երթուղագծերից է, որ վարորդների համար ապահովում է համեմատաբար շահավետ պայմաններ: Վարորդների ներկայացմամբ, իրենց օրվա պլանը կազմում է 6 հազար դրամ, իսկ ամռան ամիսներին, երբ ուսանողները դասի չեն լինում եւ համեմատաբար ավելի քիչ մարդիկ են 98-ից օգտվում, գծի օրվա պլանն իջեցվում է 4 հազար դրամ: Մինչդեռ այլ երթուղագծերում վարորդներն օրական գծի տիրոջը «մուծվում» են միջինը 15-20 հազար դրամ: Վարորդների ներկայացմամբ, Ս. Ալեքսանյանի ենթակաները սեպտեմբերի 21-ից սկսած ամեն օր պարտաճանաչ ներկայանում են դիսպետչերանոց եւ վարորդներից հավաքում օրվա պլանը. «Եկան եւ մեր մեքենաների համարները գրանցեցին ու մանրամասնորեն հետաքրքրվեցին, թե 98-ի երթուղում քանի մեքենա կա, յուրաքանչյուր վարորդն օրվա մեջ ինչքան «լեւի» փող է աշխատում ու ինչքանն է գծի տիրոջը տալիս: Մենք էլ նրանց պատասխանեցինք, որ գծի տիրոջն օրական 6 հազար դրամ ենք տալիս: Տղաներից մեկն էլ առանց երկար-բարակ մտածելու ասաց՝ ամենքդ մեզ 5 հազար օրական կտաք՝ հերիք ա, էն հազարը ձեզ պահեք: Նրանցից մեկն էլ հայտարարեց, որ ոչ մեր գիծն ա իրանց պետք, ոչ էլ մեր տված փողերը, քանի որ էս ամենը լրիվ ուրիշ հարց ա: Մի քանի օր հետո եկան ու հայտնեցին, որ ամեն ինչ թանկացել ա, գծի փողն էլ ա թանկանում ու մենք 5 հազարի փոխարեն 6500 պետք ա մուծենք»:

Չնայած նրան, որ այս մի քանի օրերին գծի եկամուտը տնօրինում է ոչ թե սեփականատերը, այլ մեկ ուրիշը, հարկային պարտավորությունները մնացել են գծի օրինական տիրոջ՝ Վ. Աբրահամյանի վրա: Գումար հավաքողները ուղեգրերի ամսական վարձն ու եկամտահարկը չեն մուծում:

Վարորդների խոսքերով, իրենց այցելած երիտասարդները, նկատի ունենալով, որ ինչ-ինչ անձնական խնդիրների կամ զուտ մեքենայի անսարքության պատճառով շատ վարորդներ երբեմն չեն կարողանում գիծ դուրս գալ ու աշխատել, այս անգամ էլ այլ որոշում են կայացրել: Անկախ նրանից, թե տվյալ վարորդն ամսվա մեջ քանի օր է աշխատում, նրանք պարտադրել են, որ յուրաքանչյուրն իրենց ամեն ամիս 164 հազար դրամ «նալոգ» տա:

Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում թիվ 98 երթուղու սեփականատիրոջ եւ Ս. Ալեքսանյանի միջեւ վեճ է ծագել, ինչից հետո էլ պատգամավորը Աբրահամյանին սպառնացել է վրեժ լուծել: Ավելի հարմար տարբերակ, քան բիզնեսը Վ. Աբրահամյանի ձեռքից խլելը, պատգամավորը չի գտել: Ականատեսների պատմելով, Ս. Ալեքսանյանի ենթականերն անգամ հայտարարել են, որ իրենց «շեֆին» գծից ստացված փողերը պետք չեն եւ որ այդ ամենն ընդամենն արվում է Վ. Աբրահամյանին խեղճացնելու համար: Նրանք հայտնել են, որ այդ գումարները ծերանոցներին բարեգործություն են անելու:

Մինչ գծի օրինական տիրոջ հաշվին ոմանք խոստանում են բարեգործություն անել, նշենք, որ տարիներ շարունակ Վ. Աբրահամյանը իր եկամուտներից բաժին է հանել նաեւ անապահով ու հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին:

Երեկ այս առնչությամբ «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Սամվել Ալեքսանյանից: Մեր զանգերին պատասխանեց պատգամավորի վարորդը, որը ներկայացավ Աշոտ անունով եւ խնդրեց հարցերն իրեն տալ եւ ինքը կփոխանցի Ս. Ալեքսանյանին: Մեր հարցերը լսելուց հետո, նա նպատակահարմար գտավ իր «շեֆի» փոխարեն պարզաբանում տալ՝ ասելով՝ «Ես վստահ ասում եմ, որ տենց բան չկա: Մեր տղաները ոչ մեկից էլ փող չեն հավաքում»: Երբ նրան հայտնեցինք, որ ականատես ենք եղել, թե ինչպես են մի քանի երիտասարդներ Ս. Ալեքսանյանին պատկանող հատուկ պետհամարանիշի մեքենաներով մոտեցել 98-ի դիսպետչերանոցին, վարորդն ասաց, որ հավանաբար մենք շփոթել ենք, քանի որ այնտեղ իրենց պատկանող մեկ այլ երթուղու՝ թիվ 70-ի դիսպետչերանոցն է գտնվում, ուստի իրենց տղաները հաճախ են այնտեղ այցելում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031