Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարարը կրակել սիրում է

Հոկտեմբեր 05,2007 00:00

\"\"Պարզվում է՝ նոր նախարարն էլ որսորդության նկատմամբ սեր ունի

Երեկ Կենդանիների պաշտպանության միջազգային օրն էր: Այդ օրվա կապակցությամբ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը էլեկտրոնային եւ տպագիր մամուլի մի շարք լրագրողների մրցանակներ շնորհեց՝ բնապահպանական թեմաներով հետաքրքիր հրապարակումների ու ռեպորտաժների համար: Ծաղկաձորի անտառների ոչնչացման մասին հրապարակման համար մրցանակ շնորհվեց նաեւ «Առավոտի» լրագրող Լուսինե Բուդաղյանին: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հանդիսավոր բացմանը նվիրված միջոցառման ժամանակ, որին ներկա էր նաեւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանն այնքան էլ չէր փայլում բնության նկատմամբ իր սիրով: Հայաստանում կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական վտանգներից մեկը հանքարդյունաբերությունն է, իսկ Վարդան Այվազյանը տասնյակ հանքեր է շահագործում: Բացի այդ, նա նաեւ ակտիվ որսորդությամբ էր զբաղվում, հատկապես սիրում էր ճայ որսալ՝ վնաս հասցնելով ոչ միայն բուսական, այլեւ կենդանական աշխարհին: Այս առնչությամբ Արամ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե նա է՞լ է սիրում որսի գնալ ու ի՞նչ է որսում: «Ես չեմ հիշում վերջին անգամ երբ եմ գնացել որսի, դա շատ վաղուց էր, բայց, ընդհանուր առմամբ, որսորդության գնալ սիրում եմ, դրանով զբաղվում եմ սիրողական մակարդակով: Դա պարզապես տղամարդկային սեր է: Ես սիրում եմ կրակել: Ամեն դեպքում գտնում եմ, որ որսն ունի փախչելու հնարավորություն, իսկ որսորդը՝ կրակելու: Ես որսորդության մեջ այդ պահն եմ սիրում, իսկ բուն որսն ինձ պետք չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց նախարարը: Թե որսորդության ժամանակ ամենից հաճախ ի՞նչ է սիրում կրակել՝ նախարարը չմանրամասնեց:

Երեկ միջոցառման կազմակերպիչները սրահում նվիրատվության արկղիկ էին տեղադրել եւ կոչ էին անում կենդանիների պաշտպանության համար իրենց լուման ներդնել՝ թեկուզ 10 դրամ: Երբ նախարարից հետաքրքրվեցինք, թե որքա՞ն գումար է նվիրել կենդանիների պաշտպանությանը, պարզվեց՝ ոչ մի կոպեկ: «Ես այնքան էի շտապում, արկղը չեմ նկատել, բայց հենց հիմա կկապվեմ միջոցառման կազմակերպիչների հետ ու անպայման գումար կփոխանցեմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը: Ավելի ուշ տեղեկացանք, որ նախարարը հիմնադրամին է փոխանցել 50 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել