Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է

Հոկտեմբեր 09,2007 00:00

\"\"Երեկ քաղաքապետ Երվանդ Զախարյանը ներկայացրեց քաղաքապետարանի եւ համայնքների 2007թ. սոցիալ-տնտեսական գործունեության 9 ամիսների կատարողականը:

Քաղաքապետարանն այս տարվա նախատեսված 65348.38 միլիոն դրամի աշխատանքներից կատարել է 70216.23 մլն դրամի աշխատանքներ կամ ընդհանուր ծավալի 107.4 տոկոսը: Աշխատանքների ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետբյուջեն է եւ սոցիալական ապահովագրության վճարները՝ 56502.2 մլն դրամ, 486.6 մլն-ի աշխատանքներ իրականացվել են Երեւանի համաքաղաքային նշանակության ծախսերի հաշվին, շուրջ 4365.45 մլն-ի՝ համայնքային բյուջեների հաշվին: Քաղաքապետարանն արդեն իսկ ամբողջությամբ ապահովել է բյուջեով կապիտալի գործառնություններից նախատեսված մուտքերը՝ 19761 մլն դրամ, իսկ համաքաղաքային նշանակության ծախսերի եկամուտները մուտքագրվել են 80 տոկոսով:

Ընդամենը մեկ ամիս հետո շահագործման կհանձնվի Հյուսիսային պողոտան ամբողջությամբ, իսկ Գլխավոր պողոտայի եւ իրականացվող մնացյալ քաղաքաշինական ծրագրերը ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի եւ մինչեւ տարեվերջ շինարարության հիմնական մասը շահագործման կհանձնվի: «Եթե 2003 թ. Երեւանի մեկ բնակչին ընկնում էր 4.9 քմ կանաչ տարածք, ապա այս տարի՝ 6.2 քմ: Շուրջ 1.3 քմ-ով մեծացել է մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքը: Այս չորս տարիներին տնկվել է մոտ 333 հազար ծառ, ապահովվել է 70-80 կպչողականություն, իսկ համայնքների կողմից ձեւավորվել են 50 հա նոր զբոսայգիներ եւ պուրակներ»,- հայտարարեց քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ տեղեկացրեց, որ, ըստ գլխավոր նախագծի, 2020թ. Երեւանում մեկ բնակչին ընկնելու է 16 քմ կանաչ տարածք: 2007-ին հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտային կոմունիկացիաներին եւ ըստ այդմ մայրաքաղաքում իրականացվում են մի շարք խոշոր կապիտալ շինարարական աշխատանքներ: Անդրադառնալով քաղաքացիների կողմից հաճախ հնչող դժգոհություններին, որ միաժամանակյա շինարարությունը որոշակի անհարմարություններ է պատճառում, քաղաքապետը մանրամասնեց. «Այսօր իրականացվում են Բաղրամյան-Կիեւյան խաչմերուկի շինարարական աշխատանքները եւ ապահովվելու է առանց կանգառի տրանսպորտային երթեւեկություն՝ Կոմիտաս-Բաղրամյան-Կիեւյան-Քոչար փողոցներով: Պատկերացրեք, թե այդ պարագայում ի՞նչ կկատարվեր Օրբելի խաչմերուկում, եթե այն նույնպես չապահովվեր առանց կանգառի երթեւեկությամբ: Այնուհետեւ՝ Սարալանջ փողոցի շինարարությունը ապահովելու է հարավից եկող տրանսպորտի հոսքը դեպի Կոմիտաս, Դավիթաշենի կամուրջ, ապա՝ Աշտարակ եւ այդ ուղղությամբ հանրապետության մյուս բնակավայրերը: Այդ փողոցն իր ամբողջ հզորությամբ եւ կարողությամբ կարող էր աշխատել միայն մեկ դեպքում, եթե վարորդը ժամանակ շահեր: Եթե քաղաքի հարավային մասից մեքենան այսօր կարող է Կոմիտաս հասնել 30 րոպեում, ապա այդ փողոցի շահագործումից հետո ժամանակը կկազմի 5-7 րոպե: Ուստի անհրաժեշտություն էր այդ ուղղությունը ապահովելու համար միաժամանակ մի քանի խոշոր եւ բարդ հանգույցների շինարարություն իրականացնել»: Քաղաքապետն ընդգծեց, որ առանց կանգառի ճանապարհների շինարարությամբ նաեւ էկոլոգիական խնդիրներ են լուծվում՝ էականորեն պակասում է մեքենաների կանգառների ժամանակ արտանետվող թունավոր գազերի ծավալը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ օրեցօր մեծանում է հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների թիվը: Կառուցվող տարանցիկ ճանապարհներով եւ տրանսպորտային հանգույցներով հիմնովին լուծել կոմունիկացիաների հարցը եւ միանգամից կարգավորել մայրաքաղաքի երթեւեկությունը, Ե. Զախարյանը, բնականաբար, չի խոստանում, բայց որ արդյունքում զգալիորեն կբեռնաթափվի Երեւանի կենտրոնը՝ միանշանակ է: Որպեսզի կարողանանք զարգացմանը զուգահեռ քայլել եւ կենտրոնը համեմատաբար թերբեռնված պահել, քաղաքապետը գտնում է, որ նմանատիպ աշխատանքներ պետք է ամեն տարի իրականացնել:

Բնականոն հունով աշխատանքներն ընթանում են մայրաքաղաքի իրացման գոտիներում: Ստեղծված հինգ աշխատանքային խմբերը կաշխատեն այնքան ժամանակ, մինչեւ Երեւան քաղաքում ամբողջությամբ ավարտվեն սեփականության իրավունքի գրանցման բոլոր հարցերը: Մայրաքաղաքում վերականգնվել եւ ամրացվել են բազմաբնակարան վթարային 8 շենքեր, կառուցվել է 4 բազմաբնակարան շենք՝ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցում տալու նպատակով: Կատարվել է 74 փողոցի 152 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ցանցերի վերակառուցման եւ հիմնանորոգման, քաղաքի փողոցների հենապատերի վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքներ: Մայրաքաղաքն 90 տոկոսով ապահովված է ոռոգման ցանցով: Տարեվերջին 300-ի կհասնի միջին տեղատարողությամբ ավտոբուսների թիվը, իսկ մոտակա երկու տարիների ընթացքում արվելու է ամենը, որ երթուղային տաքսիների թիվը նվազեցվի մինչեւ 1500: Դպրոցներում եւ մանկապարտեզներում վերանորոգումներից զատ սկսվել են լոկալ կաթսայատների տեղադրման աշխատանքներ: Մայրաքաղաքի 10 դպրոց արդեն ապահովված է ջեռուցմամբ: Այս բոլոր աշխատանքներն իրենց տրամաբանական շարունակությունը կունենան 2008-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031