Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՆԳԵ՛Ք ՁԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 09,2007 00:00

\"\"ՀՀ վարչապետը Ուսուցչի օրվա կապակցությամբ այսպիսի պատգամ տվեց բոլորին

Ուսուցչի տոնի կապակցությամբ երեկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կազմակերպվել էր հանդիսություն: Այն սկսվեց այբուբենի տառերը ձեռքներին բռնած աշակերտ- զինվորիկների պարով: Այնուհետեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պարգեւներ հանձնեց նախագահի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալին եւ ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչմանն արժանացած ուսուցիչներին: «Շնորհակալություն, որ դուք կաք: Չնայած դժվարություններին, ձեզնից շատերը պատվով են կատարում իրենց առաքելությունը: Իսկ մենք հաճախ զբաղված լինելով անձնական եւ պետական գործերով, մոռանում ենք մեր երախտագիտության եւ սրտի խոսքն ասել ձեզ: Այսօր առաջարկում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին վերցնել հեռախոսները եւ զանգահարել իրենց ուսուցիչներին»,- ասաց վարչապետը: «Մովսես Խորենացի» մեդալի արժանացավ 9 մանկավարժ՝ 2-ը Երեւանից, մյուսները՝ ՀՀ մարզերից:

Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի դպրոցի տնօրեն Հենրիկ Արզումանյանը մեդալը ստանալիս ասաց. «Աշխատում ենք սահմանամերձ գյուղում եւ փաստորեն ստանձնել ենք սահմանապահների դեր եւս: Այդ պատճառով էլ պետական պարգեւը ստանալու առիթով կասեմ՝ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման արժանացավ եւս 9 մանկավարժ՝ 2-ը Երեւանից, 2-ը՝ Շիրակից եւ 5-ը՝ մյուս մարզերից: Լոռու մարզի Գուգարքի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Շողակաթ Թադեւոսյանի շնորհակալությունը տարբերվեց մյուսներից. «Շնորհակալ եմ ամենապարկեշտ պաշտոնյայի՝ Լոռու մարզպետի նշանակման համար»:

Երեկվա միջոցառումը կրթական մյուս հանդիսություններից առանձնանում էր նրանով, որ այստեղ կարելի էր տեսնել մեծ թվով պաշտոնյաների, օրինակ՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին, ԱԺ պատգամավորների, կառավարության այլ անդամների: ՀՀ վարչապետի շնորհակալագրի արժանացած 12 մանկավարժների անունները հրապարակեց ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը: Այնուհետեւ ՀՀ վարչապետը ընթերցեց լավագույն ուսուցչուհու եւ լավագույն դաստիարակի անունները եւ նրանց հանձնեց ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենաների բանալիներ: «Տարվա լավագույն ուսուցիչ» ճանաչվեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցի դասվար Շուշան Պիպոյանը, որը ԿԳՆ միջին մասնագիտական կրթության բաժնի պետ Սամվել Պիպոյանի հորեղբոր աղջիկն է: «Մեքենա վարել չգիտեմ, չեմ էլ փորձի սովորել»,- ասաց նա: Իսկ «Առավոտին» էլ հայտնեց. «Եթե հիմա ինձ առաջարկեին ընտրություն կատարել Խորենացու մեդալի, վաստակավոր մանկավարժի կոչման եւ մեքենայի բանալիների միջեւ, անպայման կընտրեի առաջինը»:

«Լավագույն դաստիարակ» կոչմանն արժանացավ Գյումրիի «Անի պարտեզ» նախակրթարանի՝ 14 տարվա փորձ ունեցող դաստիարակ Անժելա Գրիգորյանը: Նրա հուզմունքը նկատելի էր. «Վայ, պարոն վարչապետ, նախարար, շատ շնորհակալ եմ այս պարգեւի համար: Մեր նախակրթարանն առաջին անգամ է այսպիսի պարգեւի արժանանում»: Ի տարբերություն «Լավագույն ուսուցչի», դաստիարակ Ա. Գրիգորյանը որոշել է անպայման մեքենա վարել սովորել:

«Տարվա լավագույն տնօրենի» կոչմանն էլ արժանացավ Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը:

Լրագրողները տնօրենին հիշեցրին, որ շատ է խոսվում թիվ 114-ում գոյություն ունեցող աշակերտական «շերտավորման» ու դրանից բխող նեգատիվ երեւույթների մասին: «Չեմ կարծում, որ հաճելի հարց եք բարձրացնում այս տոն օրով: Այդ երեւույթը կա ամբողջ աշխարհում, ողջ քաղաքում եւ հանրապետությունում»,- պատասխանեց Ռ. Կոստանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել