Ոչ ոք չի խոստովանում, որ ինքն այդ անունը կրող «քաղաքացիական շարժման» անդամ է: Կա՛մ դա գաղտնի շարժում է, կա՛մ էլ «անդամներին» չեն տեղեկացնում, որ իրենք դրան մասնակցում են։
Անցած շաբաթվա վերջում տեղեկություն տարածվեց, որ մի խումբ մտավորականներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ ձեւավորել են, այսպես կոչված, «քաղաքացիական շարժում»: Ըստ տեղեկությունների, այս շարժման անդամներ են մի շարք հայտնի գործիչներ, այդ թվում՝ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը, գրող Աղասի Այվազյանը, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը, «Տրոյկա Դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանը, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը եւ ուրիշներ: Երեկ «Առավոտը» փորձեց այդ գործիչների միջոցով հստակեցնել, թե ի՞նչ նպատակով է ստեղծվել այս նոր կառույցը, ի՞նչ խնդիրներ է լուծելու եւ ի՞նչ հեռահար կամ մոտակա պլաններ ունի: Հիշեցնենք, որ դեռ նախորդ օրը «Դաշինք» կուսակցության լրատվական ծառայությունը հերքել էր «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մասնակցությունը «քաղաքացիական շարժմանը» եւ տեղեկացրել, որ ոչ «Դաշինքը» եւ ոչ էլ Սամվել Բաբայանը որեւէ շարժման հետ կապ չունեն:
Շարժման հետ իրենց կապը ամենայն լրջությամբ հերքեցին նաեւ մեր մյուս զրուցակիցները: Օրինակ, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ մեր հարցին պատասխանելով՝ ասաց, որ ինքը նման ոչ մի շարժման մասին տեղեկություն չունի: «Պոզավոր սուտ է, ձեր թվարկած անձանց հետ ոչ մի կապ չունեմ»,- երեկ մեր հեռախոսազանգից զայրացած ասաց ԱԼՄ հոլդինգի նախագահ, նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը:
Իր անտեղյակությունը երեկ մեզնից չթաքցրեց նաեւ գրող-հրապարակախոս Աղասի Այվազյանը: Պրն Այվազյանն ասաց, որ ինքը ծանր հիվանդ է, տնից դուրս չի գալիս եւ որեւէ «քաղաքացիական շարժման» մասին ոչ լսել է եւ ոչ էլ իրեն տեղյակ են պահել նման կառույցի ստեղծման մասին. «Ես հիվանդ պառկած եմ, եթե մեկին պետք է լինում ինձնից մի բան իմանալ, գալիս են մեր տուն, ես ոչ մի տեղ չեմ գնում եւ ձեր նշած շարժման մասին չեմ էլ լսել: Այ, հիմա ինձ են բերել հրավիրատոմսեր Երեւանի ծննդյան տոնակատարությանը մասնակցելու համար, բայց ես չգիտեմ, թե ինչ եմ անելու, ես տեղ չեմ կարող գնալ»:
Կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը եւս մեզ հետ զրույցում հերքեց իր մասնակցությունը որեւէ շարժման, եւ երբ մենք թվարկեցինք այն անունները, որոնք նշված են մամուլում որպես «Համերաշխություն» շարժման անդամներ, պարոն Գեւորգյանցը ուղղակի ասաց, որ այդտեղ կան որոշ անուններ, որոնց հետ ինքը երբեւէ որեւէ շարժման մեջ չի եղել եւ չի լինի: Ռուբեն Գեւորգյանցի պատասխանը սա էր. «Ես այդպիսի բան չեմ հիշում: Անընդհատ մարդիկ են գալիս, առաջարկում են այս կամ այն բանը կազմակերպել, գուցե եղել է, բայց ես չեմ հիշում: Իսկ կասե՞ք, թե ով է դրա ղեկավարը, ով է կազմակերպել, ես ինքս նման բան չեմ հիշում»:
Միակ գործիչը, ով թեպետ ասաց, որ ինքը տեղյակ չէ նման կառույցի ստեղծման եւ առավել եւս իր՝ այդ կառույցին անդամակցելու մասին, բայց ողջունում է գաղափարը, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն էր: «Գաղափարին նորմալ եմ վերաբերվում, կարծում եմ, այդ շարժումը, անունն էլ վատը չէ՝ «Համերաշխություն», կկարողանա կոնսոլիդացնել մեր հասարակությանը: Նորմալ եմ վերաբերվում նաեւ այն կազմին, որը թերթերից մեկում տպագրվել էր որպես շարժման անդամների կազմ (թեպետ ոմանք արդեն իսկ հայտարարություններ արեցին այն մասին, որ իրենք այդ կազմում չեն), բոլորն էլ կարգին մարդիկ են, հայտնի գործիչներ, կարծում եմ, բոլորի նպատակն էլ ազնիվ է»:
Այդ ամենով հանդերձ, մեր տեղեկություններով, նման շարժում «ընդհատակում» փորձում են ձեւավորել։ Թե ինչ նպատակներ է հետապնդում այս շարժումը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ նպատակներն ազնիվ են:


















































