Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ՕԵԿ-Ը

Հոկտեմբեր 10,2007 00:00

Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու Ժելեւի հրավերով հոկտեմբերի 3-6-ը Բուլղարիայում տեղի ունեցավ Բալկանյան քաղաքական ակումբի կազմակերպած միջազգային կոնֆերանսը, որին մասնակցեց նաեւ ՕԵԿ պատվիրակությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ:

Ֆորումին մասնակցում էին 10-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թուրքիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի, ինչպես նաեւ Բուլղարիայի ներկա եւ նախկին նախագահները: Քննարկվեցին քաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, այդ թվում՝ կովկասյան երկրներում ժողովրդավարության ամրապնդման, հակամարտությունների կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների եւ Եվրամիության «Նոր հարեւաններ» ծրագրի ապագա տեսլականի մասին: Ժողովրդավարության եւ տարածաշրջանային զարգացումների, ԵՄ-ին մերձեցման հարցերի շուրջ ելույթ ունեցավ Արթուր Բաղդասարյանը:

Ինչպես «Առավոտին» հայտնեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, «Այս համաժողովի արդյունքում ընդունված որոշմամբ թե՛ մենք, թե՛ հարավկովկասյան երկրները ներկայացնող մյուս գործիչները դարձան Բալկանյան քաղաքական ակումբի ասոցացված անդամներ: Հաջորդ քայլը կլինի կովկասյան քաղաքական ակումբի ստեղծումը, որտեղ կներգրավվեն տարածաշրջանի առաջատար քաղաքական գործիչներ ու փորձագետներ»: Տեղի են ունեցել նաեւ անհատական հանդիպումներ Բուլղարիայի եւ Մակեդոնիայի խորհրդարանների ղեկավարության, ինչպես նաեւ մի շարք երկրների՝ Ֆրանսիայի, Անգլիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի քաղաքական ու պետական գործիչների հետ:

Արդեն հոկտեմբերի 9-ից ՕԵԿ քաղաքական խորհուրդն ու պատգամավորական խմբակցության անդամները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, վերսկսել են հանդիպումները մարզերում: Կուսակցության շուրջ 700 համայնքային կառույցներում քննարկվում են ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Իսկ հոկտեմբերի 12-ին Ծաղկաձորում կմեկնարկի ՕԵԿ երիտասարդական միության եռօրյա համաժողովը, որին կմասնակցի նաեւ Արթուր Բաղդասարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել