Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻ ԳՈՐԾԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 10,2007 00:00

\"\"15 րոպե՝ դատախազների հետ հանդիպելու համար

Երեկ տեղի ունեցավ ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստը: Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի գլխավոր դատախազները: Խորհրդի նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցում էր Թուրքմենստանի գլխավոր դատախազի տեղակալ Մամետգելդի Տաչմամեդովը: Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա տեղեկացրեց, որ լիիրավ անդամ դառնալու խնդիրը դեռ ընթացքի մեջ է: Իսկ Ադրբեջանը հրաժարվել էր նիստին մասնակցել:

Խորհրդի անդամներին իր ուղերձն էր ուղարկել ՀՀ նախագահը: Նա կարեւորել էր «անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում» միջազգային համագործակցությունը: Տասնյակ հարցերի մեջ օրակարգում դրվել էին համագործակցության նոր ծրագրի մշակման, մասնավորապես՝ մարդկանց առեւտրի, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման դեմ պայքարում փորձի փոխանակման ուղղությամբ առկա հիմնահարցերը: Ստորագրվեց արձանագրություն: Մինչ խորհրդի նիստը սկսվելը՝ դատախազները եղել էին ՀՀ կառավարությունում, հանդիպել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս շնորհավորել էր ՌԴ գլխավոր դատախազին՝ ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Պաշտոնական մասն ավարտվելուց հետո լրատվամիջոցներին տրամադրվեց 15 րոպե՝ դատախազներին հարցեր տալու համար:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ մահափորձի փաստի առնչությամբ քրեական գործը գտնվում է ՌԴ գլխավոր դատախազության հսկողության ներքո: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան, որին ամենաշատ հարցերը տրվեցին: ՌԴ գլխավոր դատախազն ասաց, որ մեծ աշխատանքներ են տարվում սեպտեմբերի 26-ին «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցած այդ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Այդ գործի շրջանակներում հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել եւ անցկացվում են մի շարք փորձաքննություններ: «Դեռեւս որեւէ արդյունք այդ աշխատանքը չի տվել, սակայն ակտիվ, նպատակաուղղված աշխատանք է տարվում»,- նշեց Յու. Չայկան: Ի դեպ, վերջինս հայտնեց, որ տարվա կտրվածքով Ռուսաստանում տեղի է ունեցել 30000 հանցագործություն:

Ինչ վերաբերում է հայտնի լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության բացահայտմանը (նա սպանվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, իր տան մուտքի դիմաց), պրն Չայկան նկատեց. «Գործը բացահայտված է, այլ հարց է, թե գործը երբ կգնա դատարան»: Պատասխանելով ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գործի շրջանակներում Ռուսաստանում հարցաքննված Սաշիկ Աղազարյանի խնդրին, դատախազը դժվարացավ նշել, թե երբ կավարտվի քննությունը: «Հետաքննությունը սեղան սարքել չէ»,- պարզաբանեց նա:

Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Վասիլի Պասկարն անդրադարձավ երեկ Թբիլիսիի բանտից ազատված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու գործին: Վերջինս, որը ձերբակալվել էր սեպտեմբերի 27-ին, փաստորեն, ազատ էր արձակվել 6 մլն դոլարին համարժեք 10 մլն լարի գրավի հիման վրա: Նշենք, որ նախորդ օրը իր փաստաբան Գիվի Պապուաշվիլու ներկայությամբ էքսնախարարն իրեն մասնակի մեղավոր էր ճանաչել, ինչն էլ պատճառ էր դարձել նրա խափանման միջոցը փոխելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել