Լրահոս
Օրվա լրահոսը

Կարապետիչը գիրք է գրում

Հոկտեմբեր 10,2007 00:00

Եվ խոսում ՀՀ ներքաղաքական իրավիճակից

«Գիշերով լուսին ես, ցերեկով արեւ/ ամբողջ օրը ողջույն ու բարեւ/ աչքս բացում եմ՝ դեմս ես հառած/ կամ էլ հարեւանի բալկոնին ես թառած/ ավելը ձեռքիցդ անպակաս՝ ամբողջ օրը թափես, լվաս/բամբասանքը շարած է լեզվիդ/ ինձ կպնում ես հարցերով անմիտ/ արի այսօր մնանք սոված/ պահենք ծոմ առ Աստված/ հիշենք քաղցր տարիներ, դաշտը հրաշք, շաղիկներ/ չէ որ օրերից մի օր դառնալու ենք մենք քոչվոր»: Այս բանաստեղծությունը երեկ «Տեսակետ» ակումբում ընթերցեց Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանը ու հայտնեց, որ շուտով ժողովուրդը հնարավորություն կունենա ընթերցել իր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, որը կտպագրվի ամենաքիչը 10 000 օրինակով: Ասմունքից հետո ԺԿ նախագահը խոսեց հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին. «Վիճակն այսօր այնպիսին է՝ կառաջադրվի Արամ Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, գուցե նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայտնի չէ Արթուր Բաղդասարյանի հարցը: Կառաջադրվեմ նաեւ ես, դաշնակցական թեկնածու էլ կլինի: Վազգեն Մանուկյանը կառաջադրվի պայմանով, եթե իր հետեւից ինչ-որ ուժ լինի, թե չէ ինքնուրույն առաջադրվող լիներ՝ խորհրդարանականին կառաջադրվեր»:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի վերջերս կայացած հանդիպմանը, Կարապետիչն ասաց. «Քաղաքական գործիչները հաճախ հանդիպում են, միանում իրար, բայց դրանից ոչ միշտ է բան դուրս գալիս»: Երեկ նա մեկնաբանեց իր այն հայտարարությունը, թե Կարապետիչը փող ունի, իսկ ուրիշները՝ ովքեր չունեն, կարող են իրեն միանալ. «Փողը հատկանիշ կամ խորհրդանիշ չէ: Եթե կա գումար, ուրեմն պետք է ծախսել, բայց ոչ թե ոմանց նման մարդկանց կաշառել: Ի դեպ, այսօր շատ քչերն են ծախսում իրենց սեփական գումարները: Օրինակ, չեմ կարծում, թե «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը իր գումարներն է ծախսում, նա համախոհներ ունի ոչ միայն Երեւանում, այլեւ Մոսկվայում: Ով հաճախ է գնում Մոսկվա, ուրեմն գործեր ունի, չէ՞: Օրինակ՝ ես Երեւանից 7 տարի առաջ եմ դուրս եկել»: Դառնալով որեւէ քաղաքական ուժի միանալու մասին հարցին, ԺԿ նախագահն ասաց, որ միանալը իրեն հիշեցնում է կոմիտե ստեղծելը:

Նրա ձեւակերպմամբ, այսօր քաղաքական միավորը պետք է ունենա 3 բան՝ փող, ուժ, հեղինակություն. «Ես այսօր ունեմ հեղինակություն, գումարներ ծախսում եմ, սակայն ներուժ չունեմ: Եթե որեւէ մեկը ինձ ներուժ առաջարկի՝ իր հետ կմիանամ: Չեմ միավորվի միայն անվան համար: Էնտեղ ո՞վ կա՝ Մանուկ Գասպարյան, Սադոյան… Լուրջ չեմ ընդունում: Մի խոսքով, իշխանությունն ինձ հետ չի ուզում միավորվել, ընդդիմությունը առաջարկ չի անում, մնացածն էլ չկան քաղաքական դաշտում, սակայն ձգտում են հակառակը ցույց տալ»: Լրագրողի հարցին, արդյո՞ք հաղթելու հավանականություն կա, նա պատասխանեց. «Բա ո՞նց: Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ լինում է»: Կարապետիչը խոստացավ ՀՀ նախագահ դառնալու դեպքում նախ լուծել 2 կարեւոր խնդիր՝ պետականություն կառուցելն ու սոցիալական վիճակի բարելավումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել