Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքերը բարելավել են

Հոկտեմբեր 10,2007 00:00

Երեկ ուշ երեկոյան Անթալիայում ավարտվելու էին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները:Հայաստանի կանանց «Միկա» ակումբը նախավերջին՝ 6-րդ տուրում 3:1 հաշվով թիմային շատ կարեւոր հաղթանակ տարավ «Վոլսկբանկ Հալլեի» նկատմամբ եւ թիմային 8,0 ու անհատական 16,0 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Իրենց անվան դիմաց մեկական միավոր գրանցեցին Էլինա Դանիելյանն ու Նինո Խուրցիձեն, իսկ Մայա Չիբուրդանիձեն եւ Լիլիթ Մկրտչյանը բավարարվեցին ոչ-ոքիներով:Եզրափակիչ տուրում Հայաստանի չեմպիոն թիմն ուժերը չափելու էր Թբիլիսիի «Ինտերպլաստի» հետ: Տեղեկացնենք, որ «Միկայի» միջին գործակիցն այս մրցաշարում 2453 է, իսկ «Ինտերպլաստինը»՝ 2433: Այսինքն, վճռորոշ մրցապայքարում մեր թիմը վրացուհիների նկատմամբ որոշակի առավելություն ուներ:Նույն օրը մրցաշարային աղյուսակում հինգ աստիճան վեր բարձրացավ եւ 11-րդ հորիզոնականում հանգրվանեց նաեւ մեր «Բանկային արքան», որը 4,5:1,5 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ «Ռոշադ Օփեն Կելմիսի» նկատմամբ: Միայն առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Ասրյանը միավորը բաժանեց Իգոր Գլեկի հետ, իսկ մեր մյուս գրոսմայստերները՝ Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Քոթանջյանը պարտության մատնեցին մրցակիցներին: Վերջին տուրում «Բանկային արքան» հանդիպելու էր «Վեսնյանկա Գրան» ակումբի հետ: Համեմատած աղջիկների «Միկայի» հետ, մեր ակումբի առավելությունը մրցակցի նկատմամբ ավելի ակնհայտ էր: Հայաստանի չեմպիոնի միջին գործակիցը 2600 է, իսկ «Վեսնյանկայինը»՝ 2533: Այնպես որ, վերջին օրը մեր տղաները համոզիչ հաղթանակ տանելու եւ մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դիրքերն ավելի բարելավելու լավ հնարավորություն ունեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել