Լրահոս
Օրվա լրահոսը

Զգուշացեք ստախոս վարպետներից

Հոկտեմբեր 12,2007 00:00

Պատասխանողը դատարան չի եկել

Հոկտեմբերի 11-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում, դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ, հայցվորի ներկայությամբ եւ պատասխանողի բացակայությամբ լսվում էր քաղաքացի Անդրեյ Զաքարյանի դիմումը՝ Սերգեյ Գալստյանից գումարի բռնագանձման պահանջի մասին: Պարզվեց, որ Սերգեյ Գալստյանը պարտաճանաչ չէ ոչ միայն դատարան ներկայանալու հարցում, այլեւ՝ մարդկանց հետ շփումներում: Եվ քանի որ Սերգեյ Գալստյանը պատշաճ ծանուցված էր եւ իր բացակայության մասին դատարանին չէր տեղեկացրել, դատավորը որոշեց գործի քննությունը սկսել նրա բացակայությամբ:

Սերգեյ Գալստյանը բնակարաններ նորոգող վարպետ է եւ նման ծառայություններ է առաջարկում թերթերում հայտարարություններ տալու միջոցով: Հենց այսպես էլ Անդրեյ Զաքարյանը ծանոթացել է Սերգեյ Գալստյանի հետ: Համաձայնել են, որ Սերգեյ Գալստյանը Անդրեյ Զաքարյանի բնակարանը կնորոգի 130000 դրամով: Ու թեեւ Սերգեյ Գալստյանը նախքան աշխատանքը սկսելը հայտարարել է, թե գումարը կվերցնի աշխատանքների ավարտին, աշխատանքը սկսելուց երկու օր անց գումար է խնդրել, ստացել 60000 դրամ: Երկու օր անց էլի է խնդրել եւ ստացել մնացած 70000 դրամը: Ու սկսվել է Սերգեյ Գասլտյանի ստերի շարանը: Ըստ հայցվորի, նա ամեն մի հնարովի առիթով խուսափել է աշխատանքի ներկայանալ: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հայցվորը, Սերգեյ Գալստյանը մեկ հայտարարել է, թե Վարդավառի տոնին երեխաները իրեն ջրել են, չի կարող գալ, մեկ թե՝ ուրիշի տանը գործ ունի, եւ այսպես շարունակ: Ամենազարմանալին, ըստ հայցվորի, հետեւյալն է. «Երբ ես նրան տվեցի 60000 դրամ, նա անմիջապես գնաց շուկա եւ իր համար շալվար գնեց: Երկու օր անց ասաց, թե եղբորս քառասունքն է եւ գումար է հարկավոր: Այսինքն՝ իմ տված 60000-ը ամբողջությամբ ծախսել էր: Տվեցի եւս 70000 դրամ: Բայց մի՞թե առողջ դատող մարդը եղբոր քառասունքից երկու օր առաջ ստացած 60 000 դրամը կծախսի ու կմնա առանց փող: Իսկ եթե ես 70000 չտայի, ի՞նչ էր անելու Սերգեյ Գալստյանը»: Հայցվորը հակված է ենթադրել, որ ոչ մի քառասունք էլ չի եղել, պարզապես Սերգեյ Գալստյանը հերթական անգամ սուտ է խոսել: Իսկ եղած կամ չեղած եղբորն էլ «սպանելը»՝ Սերգեյ Գալստյանի խղճին:

Հայցվորը մեզ տեղեկացրեց նաեւ, որ փորձել են հարցը կարգավորել առանց դատարան դիմելու, մի քանի անգամ զանգահարել են Սերգեյ Գալստյանին եւ պահանջել վերադարձնել գումարը: Մեկ-երկու զանգից հետո Սերգեյ Գալստյանի փոխարեն զանգերին պատասխանել է նրա կինը՝ Անահիտ Վարդանյանը, եւ հորինովի պատրվակներով հրաժարվել հեռախոսը փոխանցել ամուսնուն:

Իսկ որ պատասխանողը դատարան չի ներկայացել, նշանակում է, որ նա ճիշտը ասելուց հրաժարվում է եւ վախեցել է դատարանի առջեւ սուտ խոսել, կարծիք հայտնեց հայցվորը: Դատարանը, Իշխան Բարսեղյանի նախագահությամբ, լսեց հայցվորի պահանջը: Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 18-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել