Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆՆ» ՈՒՐԻՇ Է

Հոկտեմբեր 12,2007 00:00

\"\"Երիտասարդ կատարողների մրցույթի մասին այս կարծիքին է գործիքավորող Արա Թորոսյանը

Հայաստանյան հեռուստաընկերությունները այլեւս որդեգրել են նոր քաղաքականություն, այն է՝ մեծ հեռուստալսարան ու հեղինակություն վայելող արեւմտյան ծրագրերի հայկականացում: Ի տարբերություն «Հայսուպերսթար», «Ժողովրդական երգիչ», «Մենք ենք, մեր սարերը» եւ մյուս ծրագրերի, շուրջ 2 ամիս առաջ «Արմենիա» TV-ով մեկնարկած «Համազգային աստղ» երիտասարդ երգիչների մրցույթը շատ է տարբերվում: Թեկուզ նրանով, որ նախագծին մասնակցում են ոչ միայն հայաստանցիներ, այլեւ սկսնակ կատարողներ կամ երգարվեստի ճանապարհը բռնած հայազգի երիտասարդներ ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից: Երկրորդը՝ մրցույթի հենց սկզբից գեղարվեստական խորհրդի կազմում, բացի երաժշտարվեստի ներկայացուցիչներից, ընդգրկված է նաեւ ճանաչված դիզայներ Լիլիթ Մարգարյանը, որը ամիսների ընթացքում աշխատել է մասնակիցների ճիշտ իմիջի վրա: Երիտասարդները երգելիս չեն կրում «ֆիրմա» խանութների թեկուզ շատ թանկարժեք զգեստներ: Այսօր արդեն վերջնագիծ հասած նախագծում շուրջ 300 մասնակցից SMS-քվեարկության արդյունքում մնացել է 13-ը: Վերջիններս հերթական մրցութային ելույթներում հանդես են գալիս Լ. Մարգարյանի ստեղծած զգեստներով: Սա խոսուն փաստ է այն մասին, որ մրցույթի կազմակերպիչները ի սկզբանե հաշվի են առել անգամ առաջին հայացքից մանրուք թվացող դետալները: «Համազգային աստղի» գեղարվեստական խորհուրդը ղեկավարում է սիրված երգիչ Թաթան, անդամներից են երաժշտական պրոդյուսերներ Արթուր Ասրյանը (Պրոֆ), գործիքավորող Արա Թորոսյանը (Մուրզիկ), «Ասպարեզ» ձայնագրման ստուդիայի հնչյունային ռեժիսոր Արմեն Թորոսյանը, գլխավոր պրոդյուսերն է Գրիգոր Նազարյանը՝ «Շարմից»:

«Առավոտի» հետ հանդիպմանը Արա Թորոսյանից տեղեկացանք, որ, ի տարբերություն այլ մրցույթների, «Համազգային աստղի» վերջում ոչ թե մեկն է հաղթելու, այլ 3-ը կամ գուցե 5 երիտասարդ կատարող: «300 մասնակցից ընտրվել էր 16-ը: Թեեւ այսօր SMS-քվեարկության արդյունքում դուրս մնացին եւս 3-ը՝ Դիանա Սահակյանը, Լիլիթ Սաֆարյանը եւ Էմմա Ազնավուրյանը (երեքն էլ Երեւանից), բայց նրանք կշարունակեն մնալ նախագծում: Հետագայում նախագծում մնացած 13-ի հետ երգչուհիները հանդես կգան տարբեր համերգներում, համատեղ կթողարկեն CD-ներ, ալբոմներ եւ այլն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը՝ «Համազգային աստղի» գաղափարը կազմակերպիչների մոտ առաջացավ մյուս TV-ներում եղած նախագծերի՞ց, Ա. Թորոսյանն ասաց, որ դա «Թաթա պրոդակշընի» գաղափարն էր. «Գեղխորհրդի կազմում ընդգրկվածներից յուրաքանչյուրս, այսպես թե այնպես, իր գործն էր անում: Այս պահին չեմ հիշում, թե ինչպես, բայց մեր եւ «Արմենիայի» կողմից մրցույթն անցկացնելու գաղափարը կարծես թե ծնվեց միաժամանակ ու այդպես համախմբվեցինք»:

«Առավոտի» հաջորդ հարցին՝ ճանաչված երաժիշտն ու գործիքավորողը ինչպե՞ս է վերաբերվում տեղական հեռուստաշուկայում հայտնված աստղեր որոնող այլ նախագծերին, Ա. Թորոսյանը պատասխանեց. «Եթե կան մի քանի նախագծեր, ուրեմն համապատասխան պահանջարկ կա: Կարեւորը, որ շոուին մասնակից է դառնում ողջ ժողովուրդը: Կոնկրետ մեր նախագծի նշանաբանն է՝ «Ձեր տաղանդը, մեր պրոֆեսիոնալիզմը. միասին կհասնենք աստղերի»:

Տեղեկացնենք, որ նախագծում են «Ապե ջան» դուետը (ԱՄՆ), Գրիգորի Եսայանը (Բառնաուլ), Best Արթուրը (Ռուսաստան), Ագնեսա Սարկիսովան (Վրաստան), Արբի Ղարիբյանը (Թեհրան), Իշխան Խաչատրյանը (Էջմիածին), Ջոնին (Ապարան), Ռուզաննա Անդրեասյանը (Հրազդան), Լիլիթ Հակոբյանը (Քաջարան), Արմեն Սարգսյանը (Աբովյան), Աննա Ազատյանը (Գյումրի), Վարդան Բադալյանը (Արցախ) եւ Նիկ Եգիբյանը (Երեւան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել