Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍ ԱՆԳԱՄ՝ ԵՎՐՈՊԱՅԻ «ԲՐՈՆԶ»

Հոկտեմբեր 12,2007 00:00

\"\"Անթալիայում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունները

Հայաստանի կանանց չեմպիոն Երեւանի «Միկան», որի կազմում հանդես էին գալիս Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մայա Չիբուրդանիձեն, Նինո Խուրցիձեն (երկուսն էլ՝ Վրաստան) եւ Լիանա Աղաբեկյանը, եզրափակիչ տուրում 3:1 հաշվով պարտության մատնեց Վրաստանի «Ինտերպլաստ Թբիլիսի» ակումբին եւ 10,0 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր: Դանիելյանն առավելության հասավ Քեթեւան Արախամիա-Գրանտի, Խուրցիձեն՝ Սոֆիո Գվետաձեի նկատմամբ, իսկ Չիբուրդանիձեն եւ Մկրտչյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Լելա Ջավախիշվիլիի եւ Մայա Լոմինեիշվիլիի հետ: Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց Մոնակոյի «Մոնտե Կառլոն»՝ 11,0 միավորով:

Մրցաշարի երկրորդ հատվածում գործերը որոշ չափով կարգավորեց մեր տղաների «Բանկային արքան»: Առաջնության վերջին օրը հայաստանցիների մրցակիցը «Վեսնյանկա Գրանն» էր, որի հետ մրցապայքարն ի հայտ չբերեց ավելի ուժեղին: Գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 3:3: Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը մրցակիցներին հրաժեշտ տվեցին խաղաղությամբ՝ նրանց ձեռքը սեղմելով, Աշոտ Անաստասյանը պարտվեց եւ միայն Տիգրան Քոթանջյանն առավելության հասավ մրցակցի նկատմամբ: «Բանկային արքան» 9,0 միավորով 56 ակումբների մրցապայքարում գրավեց 11-րդ տեղը: Իսկ Ռաֆայել Վահանյանը, որ հանդես էր գալիս հիմնականում երրորդ խաղատախտակի առջեւ, խաղացած 5 պարտիաներում վաստակելով 4,5 միավոր՝ ցույց տվեց լավագույն արդյունքը:

Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունը:

Մեկօրյա հանգստից հետո մասնակիցները վերսկսել են պայքարը: Տղաների մրցաշարում մեր հանրապետության ներկայացուցիչ Ավետիք Գրիգորյանը 7-րդ տուրից հետո 5,0 միավորով 7-րդ տեղում է: 20 առաջատարների մեջ են նաեւ 4,5-ական միավոր վաստակած Արման Փաշիկյանը՝ 12-րդ հորիզոնական, եւ Հրանտ Մելքումյանը՝ 17-րդ:

Աղջիկների մեջ հայաստանցիներից լավագույն ցուցանիշն ունի Աննա Հայրապետյանը, որը երեկ կայացած 8-րդ տուրից առաջ 12-րդն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել