Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԿՏԵՍՆԵՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ»

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"«Առավոտի» հետ հեռախոսազրույցում խոստացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը

Հուլիսի 7-ին Ամերիկայի Բրիջպորտ քաղաքում իր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում ֆիլիպինցի Նոնիտո Դոնեյրից կրած միակ պարտությունից եւ IBF-ի ու IBO-ի չեմպիոնական գոտիներից զրկվելուց հետո վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը հոկտեմբերի 20-ին կրկին մտնելու է ռինգ: Այդ օրը նա Սիդնեյի «Auburn RSL Club»-ի մարզասրահում մենամարտելու է արդեն իր սովորական քաշից մեկ աստիճան բարձր՝ մինչեւ 52,163 կգ քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի թափուր տեղի համար:

«Առավոտն» անցած ամիսների ընթացքում մշտական կապ է պահպանել Ավստրալիայում բնակվող Վախթանգի հետ: Վերջին օրերին, ճիշտ է, աշխատում էինք նրան չխանգարել (գիտեինք, որ նա ամենայն լրջությամբ նախապատրաստվում է): Բայց քանի որ մենամարտին մնում է ընդամենը մեկ շաբաթ եւ Վախթանգով հետաքրքրվողները շատ են, կրկին զանգահարեցինք նրան ու հարցազրույց անցկացրինք:

– Այս պահին ի՞նչ մարզավիճակում ես:

– Շատ լավ: Արդեն 150 մարզումային ռաունդ եմ անցկացրել, որոնց ընթացքում ունեցել եմ յոթ տարբեր մրցակիցներ, չորսը՝ ֆիլիպինցի: Նրանցից յուրաքանչյուրի անձնական քաշն իմից եղել է 8-13 կիլոգրամ ավելի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում դա նախապատրաստության շատ լավ աստիճան է: Մարզումներից ու մրցումային մենամարտերից շատ գոհ եմ:

– Որտե՞ղ ես մարզվում:

– Իմ անունը կրող «Darchinyan Club» ակումբում, որտեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները:

– Ո՞վ է մրցակիցդ: Հայաստանում նրա մասին գրեթե ոչինչ չգիտեն:

– Ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբայը, որը նույնպես գոտու հավակնորդ է: 27 տարեկան է, անցկացրել է 36 մենամարտ, տարել 20 հաղթանակ (11-ը՝ նոկաուտով), կրել 13 պարտություն (7-ը՝ նոկաուտով) եւ 3 մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

– Ի՞նչ ես մտածում մենամարտի մասին:

– Դոնեյրի հետ մենամարտում ես կոպիտ սխալ թույլ տվեցի: Ուզում էի նոկաուտ անել, բայց գրոհս չպատրաստեցի: Շտապելուց ինքս մտա հարվածի տակ: Դա շատ լավ դաս էր ինձ համար: Այլեւս այդպիսի սխալներ թույլ չեմ տա:

– Երբ հաղթես, իսկ դրանում այստեղ բոլորն են համոզված, ե՞րբ կգաս Հայաստան:

– Հիմա դժվարանում եմ կոնկրետ բան խոստանալ: Դա հայտնի կլինի միայն մենամարտից հետո: Խնդրում եմ իմ բոլոր հայրենակիցներին փոխանցեք, որ հոկտեմբերի 20-ին նրանք կտեսնեն ավելի ուժեղ Վիկ Դարչինյան:

– Այսինքն՝ Հայաստանում այդ օրը քո մենամարտը ցուցադրելո՞ւ են:

– Տեղեկություն չունեմ: Բայց, կարծում եմ՝ այո: Իսկ եթե չցուցադրեն, ինքս ձեր թերթին առաջինը կզանգեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել