Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Հոկտեմբեր 17,2007 00:00

\"\"Աշխատանքային այսպիսի ռեժիմ է ընտրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մինչեւ իր թեկնածության առաջադրման մասին որոշում կայացնելը:

Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 26-ին Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերը հանրահավաք են հրավիրել: Ընդդիմադիր մի շարք գործիչների գնահատմամբ, այդ հանրահավաքը աննախադեպ է լինելու: Պատճառը ոչ միայն այն է, որ 1998թ. հրաժարականից եւ նույնիսկ 1988-90-ականներից ի վեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ է խոսելու, այն էլ՝ Ազատության հրապարակի հարթակից, այլեւ այն, որ այդ հանրահավաքը, նախաձեռնողների որակմամբ, դառնալու է Հայաստանում քաղաքական նոր որակի գործընթացների սկիզբ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահավաք անելու գաղափարը Լ. Տեր-Պետրոսյանինն է: Հայտնի է նաեւ, որ բացի ՀՀ առաջին նախագահից, որի ելույթը, մեր տեղեկություններով, տեւելու է մոտ մեկ ժամ, երկրում առկա իրավիճակի եւ ապագայի հեռանկարների վերաբերյալ խոսելու են նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Զ. Սարգսյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Լ. Տեր-Պետրոսյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման կողմնակից ավելի քան երկու տասնյակ քաղաքական եւ հասարակական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած հավաքից բացակայում էր ՀԺԿ նախագահ Ստ. Դեմիրճյանը: Վերջինս «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան, հայտարարել էր, որ առաջիկա ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանել- չպաշտպանելու վերաբերյալ ՀԺԿ-ն իր դիրքորոշումն ավելի ուշ կհայտնի: Առաջիկա հանրահավաքին իր մասնակցությունը ենթադրո՞ւմ է արդյոք, որ ինքն ու ՀԺԿ-ն արդեն ունեն այդ որոշումը եւ սատարելու են ՀՀ առաջին նախագահի թեկնածությանը: Արձագանքելով մեր այս հարցին՝ պարոն Դեմիրճյանը նախ շեշտեց, որ հանրահավաքը կուսակցական միջոցառում չէ. «Այո, ես այդ հանրահավաքին մասնակցելու եւ ելույթ եմ ունենալու: Ինչ վերաբերում է ՀԺԿ-ի դիրքորոշմանը վերաբերող ձեր հարցին, ապա՝ մեր հստակ դիրքորոշումը կներկայացնենք նախագահի թեկնածուների առաջադրումների ժամանակ»:

Ի՞նչ հարցեր է շոշափելու կոնկրետ Ստ. Դեմիրճյանն իր ելույթում: ՀԺԿ նախագահի փոխանցմամբ՝ երկրում ստեղծված իրավիճակի, այն մարտահրավերների, որոնց առաջ կանգնած է Հայաստանը, «եւ, բնականաբար, քանի որ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 26-ին, կխոսվի նաեւ «Հոկտեմբերի 27»-ի աննախադեպ ոճրագործության, դրա հետեւանքների մասին»: Ստ. Դեմիրճյանը պատասխանելով «Առավոտի» հարցին՝ կանխատեսեց, որ հանրահավաքը իսկապես մարդաշատ է լինելու:

Լ. Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 21-ի ելույթին հետեւած Ռոբերտ Քոչարյանի արձագանքում հստակ նշվում էր, որ եթե Տեր-Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը՝ կդառնա շարքային ընդդիմադիր: Հնարավո՞ր է, որ այդ ձեւակերպման շրջանակներում էլ իշխանությունները փորձեն խոչընդոտել հոկտեմբերի 26-ի հանրահավաքը, օրինակ՝ ճանապարհներ փակելով կամ նախապես հանրահավաքի պոտենցիալ մասնակիցներին «մշակելով», հանրահավաքից հետո էլ ոստիկանություն տանելով: Համենայնդեպս, այդպես արվում էր շարքային ընդդիմադիրների հանրահավաքներից հետո: «Իշխանությունները, ինչ խոսք, նման գործելաոճի հարուստ փորձ ունեն: Կան հիմքեր՝ կարծելու, որ նման բան կարող է ձեռնարկվել, բայց կանխատեսումներ ու նախապես որեւէ դատողություն անել չեմ ուզում: Հանրահավաքի օրը ցույց կտա, թեեւ այդ մեթոդները հեռանկար չունեն, դա պետք է գիտակցել»,- եզրակացրեց Ստ. Դեմիրճյանը:

Երեկ նաեւ մեկ այլ իրադարձություն է եղել: ՀՀ առաջին նախագահը, թերեւս, շարունակելով իր անակնկալ այցեր-հանդիպումների շարքը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի ընկերակցությամբ այցելել է «Ազատություն» ռ/կ-ի երեւանյան գրասենյակ: Ռ/կ-ի կողմից իբրեւ «ոչ պաշտոնական ասուլիս» որակված եւ սուրճի սեղանի շուրջ մոտ երկու ժամ տեւած անկեղծ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի անցյալի ու ներկայի, ներքին եւ արտաքին քաղաքականության, առաջիկա հանրահավաքին, նաեւ 2008թ. նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Հանդիպման մասնակիցների ուշադրությունից չեն վրիպել նաեւ լրատվական դաշտին առնչվող հարցերը:

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, Լ. Տեր-Պետրոսյանն ասել է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքում ինքը կպատասխանի ոչ միայն լրագրողների, այլեւ հասարակության շրջանում ծագած բոլոր հարցերին, իսկ առայժմ անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությանը՝ նշել է, որ մինչեւ պաշտոնական առաջադրումները՝ նոյեմբերի երկրորդ կեսը, որոշում կայացնելու ժամանակ դեռ կա: ՀՀ առաջին նախագահը ձեռնպահ է մնացել կանխատեսումներ անել առաջիկա ընտրությունների ազատ ու արդար անցկացման շուրջ: Ռ/կ-ի անձնակազմի հետ հանդիպման ավարտին Լ. Տեր-Պետրոսյանն ասել է, թե ուրախ էր այդ հանդիպման համար. «Շատ հաճելի, գեղեցիկ զրույց էր՝ գեղեցիկ մարդկանց հետ, վստահ եմ՝ սա վերջինը չէ: Եթե դուք ինձ հրավիրեք, մեծ սիրով նորից կվայելեմ ձեր ընկերակցությունը: Չբացառեք, որ ես էլ մի օր կարող եմ հրավիրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել