Լրահոս
Օրվա լրահոսը

Ղուկասյանը տեղավորում է հարազատներին

Հոկտեմբեր 17,2007 00:00

«Վերջին ակորդը» Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համապատասխան կրթություն չունեցող դստեր՝ արվեստների դպրոցի տնօրեն նշանակվելն է:

«Առավոտի» երեկվա համարում «Ուսանողից՝ տնօրեն» լուրում տեղեկացրել էինք, թե ինչպես է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր երաժշտական կրթությունից զուրկ դստերը արվեստների դպրոցի տնօրեն կարգել: Նաեւ հայտնել էինք, որ նոր տնօրենին՝ 22-ամյա Մանյա Ղուկասյանին կոլեկտիվին ներկայացնելու հանդիսավոր արարողության կազմակերպման բարդ պատասխանատվությունը դրվել էր քաղաքապետարանի երկու պաշտոնյաների՝ աշխատակազմի ղեկավար Արտյոմ Մազմանյանի ու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի վրա: Որպեսզի լրատվամիջոցների աչքից ու ականջից հեռու, եւ ինչպես հարկն է՝ կոլեկտիվին հնազանդության դասեր տան, պաշտոնյաներն իրենց պատկերացմամբ դիմել էին խորամանկ մեթոդի՝ ներսից փակել էին դահլիճի դուռը: Իսկ որ ներսում երաժիշտներին հասկացնել են տվել «ենթարկվել Ղուկասյան քաղաքապետի հրամանին, այլապես շատ վատ կլինի», ակնհայտ էր ուսուցիչների ահաբեկվածությունից: Լրատվամիջոցներին քաղաքապետի այս «հանճարեղ» մտահղացման մասին նախապես բողոք էին ներկայացրել հենց նույն կոլեկտիվի անդամները՝ զարմանալով, որ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի անգլիական բաժնի այս տարվա շրջանավարտ, երաժշտությունից շատ հեռու քաղաքապետի ավագ դուստրը իրենց գլխին «տնօրեն-տնօրեն է խաղալու»: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են աշխատանքից ազատել շեփորահար Էդուարդ Չախմաջյանին, որը դպրոցի երկարամյա տնօրենն էր: Պարզվեց, որ նա կենսաթոշակային տարիքի է՝ 69 տարեկան, այնպես որ, պաշտոնաթողության մասին լուրերը, ըստ կոլեկտիվի անդամների, վաղուց էին շրջանառվում, պարզապես քաղաքապետը սպասում էր իր աղջկա դիպլոմը ստանալուն: Կոլեկտիվի անդամների մեծամասնությունը տրամադրություն չուներ լրագրողների հետ զրուցելու, ավելին՝ վախեցած էր: Նրանցից ոմանք «Առավոտին» փոխանցեցին. «Գոնե երաժշտական կրթություն ունենար, ախր չգիտես հետը ո՞նց աշխատես, բողոքես՝ չգիտես ինչի՞ կհասնես, հիշու՞մ եք թիվ 4 երաժշտական դպրոցում ինչ պատմություններ եղան, երբ քաղաքապետը իր ծանոթին՝ Սուրեն Կնազյանին տնօրեն նշանակեց: Մի բան էլ դեռ բողոքող կոլեկտիվը մեղավոր դուրս եկավ»: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ թիվ 4 երաժշտական դպրոցի կոլեկտիվը մեծ աղմուկ հանեց քաղաքապետի որոշման դեմ՝ պնդելով, որ նորանշանակ տնօրենը՝ քաղաքապետի բիզնեսային ընկեր Սուրեն Կնյազյանը, «դոն ռեից» չի տարբերում: «Մենք ավելի վատ վիճակում կհայտնվենք»,- վստահեցրին արվեստի դպրոցի որոշ աշխատակիցներ:

Փաստենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է սեփականաշնորհել իր ձեռքի տակ ունեցած բոլոր պաշտոնները՝ բարեկամներին ու հարազատներին, անկախ կրթություն ունենալ-չունենալուց, ղեկավարներ նշանակելով: Մեր լավատեղյակ աղբյուրների վստահեցմամբ, այս նույն ձեռագրով նա իրենց թաղի՝ Սլաբոտկայի մանկապարտեզի տնօրեն է նշանակել եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի դստերը: Գեւորգ Ղուկասյանին էլ վերջերս կարգել է եկամտաբեր մի գործի՝ բնակարանային տնտեսություն ՓԲԸ-ի տնօրեն: Կրտսեր եղբայրն էլ՝ Արթուր Ղուկասյանը, Անի թաղամասի համատիրության նախագահն է: Մի խոսքով, ինչպես ասում են գյումրեցիները՝ «ոչ տեր կա, ոչ տիրական, Գյումրիում ով ինչ կուզի՝ կանի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել